«1992թ. Ադրբեջանի որոշ պաշտոնյաներ նույնն էին բարբաջում. համոզված եմ՝ մեր ժողովուրդը համընդհանուր ջանքերով խափանելու է Ադրբեջանի՝ Արցախը հայաթափելու ծրագիրը». Մհեր Հարությունյան

50-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է շրջափակման մեջ պահել Արցախի Հանրապետությունը՝ փաստացի 120 հազար արցախցիներ զրկված են արտաքին աշխարհ դուրս գալու հնարավորությունից։ 50 օրերի ընթացքում միջազգային տարբեր կառույցներ կոչ են արել Ադրբեջանին բացել Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, սակայն Ադրբեջանն անտեսում է այդ բոլոր կոչերը։ Նման պայմաններում ի՞նչ պետք է անի հայկական կողմը, ինչպե՞ս է աշխատում հայկական դիվանագիտությունն Արցախի կյանքի ճանապարհը բացելու ուղղությամբ։

168.am հետ զրույցում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի դոցենտ, «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար, պատմաբան Մհեր Հարությունյանը պատասխանելով մեր հարցերին՝ նշեց, որ միջազգային հանրությունը միայն կոչերով ու հորդորներով է փորձում ինչ-որ ձևով իր վերաբերմունքն արտահայտել։

«Իհարկե, քաղաքակիրթ աշխարհում կամ դիվանագիտության լեզվով ասած՝ այդ կոչերն ու հորդորները կարող են ազդեցություն ունենալ, եթե հասցեատերն ադեկվատ կողմ է։ Բայց մենք գիտենք, որ Ադրբեջանը լինելով ահաբեկչական պետություն, կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքը, վարպետորեն խաղարկում է միջազգային հանրության կամ տարածաշրջանում շահեր ունեցող պետությունների հակասական շահերը, մանիպուլյացիայի է ենթարկում միջազգային-իրավական հասկացությունները և ծառայեցնում իր շահերին։ Եթե Ադրբեջանը 2020 թ. սեպտեմբերի 27-ին խախտելով ուժի չկիրառման կամ դրա սպառնալիքի մասին միջազգային սկզբունքը, հարձակվում է քնած խաղաղ բնակիչների վրա, զավթում Արցախի Հանրապետության տարածքի 75 տոկոսը, պատերազմական հանցագործություններով, միջնադարյան դաժանություններով խաղաղ բնակիչներին սպանում է, ոչնչացնում մշակութային կոթողները ու մնում անպատիժ, առանց համարժեք իրավաքաղաքակսն արձագանքի։

Բնականաբար, միջազգային հանրության այդ կոչերը, իհարկե, տեղ չեն հասնելու, դրանք արհամարհվելու են, և լինելու է այն, ինչ մենք հիմա տեսնում ենք։ Այսինքն՝ Ադրբեջանը շարունակելու է շրջափակված պահել դեպի Արցախ բերող միակ՝ կյանքի ճանապարհը»,- նշեց Մհեր Հարությունյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա, Ադրբեջանը նաև փորձելու է գազամատակարարման, էլեկտրաէներգիայի խափանումներով ձմռան պայմաններում ավելի մեծացնել Արցախի ժողովրդի տառապանքները։ Այսինքն՝ ուժի դիրքից խոսելու քաղաքականությունը շարունակվում է, և այդ ամենն արվում է՝ պարտադրելով անընդունելի պահանջներ, որպեսզի հասնի իր զավթողական նպատակներին։ Ինչ վերաբերում է Արցախի ճանապարհը բացելուն ուղղված հայկական դիվանագիտությանը, պատմաբանի մեկնաբանությամբ, ճիշտ չէ ասել, թե որևէ աշխատանք չի կատարվում. աշխատանքներ արվում են։

«Այս առումով հատկապես ուզում եմ կարևորել Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի վերջին շրջանի ակտիվությունը միջազգային հեղինակավոր հարթակներից Արցախի ժողովրդի ձայնը հնչեցնելու, Ադրբեջանի անմարդկային քաղաքականությունը ներկայացնելու համար, և այդ շրջափակման այլընտրանքային՝ օդային ճանապարհը բացելու և այլ հուսալի մեխանիզմներ ներդնելու վերաբերյալ։ Բայց քանի որ Ադրբեջանը ահաբեկչական, զավթողական պետություն է, իմ համոզմամբ՝ նրա զսպման միակ միջոցը միջազգային ուժերի ուժային գործողությունն է՝պարտադրելու Ադրբեջանին ենթարկվելու միջազգային իրավունքին և ապաշրջափակելու Արցախը»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Պատմաբանից նաև հետաքրքրվեցինք, թե առհասարակ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ի՞նչ է մտածում Արցախի գիտական շրջանակը, այն մարդիկ, որոնց հետ շփվում է, արդյո՞ք նրանք մտածում են Արցախը լքելու մասին, ինչքան կկարողանան դիմանալ մարդիկ ադրբեջանական ագրեսիվ խաղերին: Հատկապես, երբ նախորդ շաբաթ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն իրենց տեղեկություններին հղում անելով՝ փոխանցեց, թե Ադրբեջանի սցենարն է՝ ճանապարհը փակել, հետո «ճանապարհը կբացի, որպեսզի մարդկանց մի մասը դուրս գա Արցախից, հետո նորից կփակի, այնուհետև նորից կբացի, այնքան ժամանակ, մինչև Արցախը հայաթափվի»: Մհեր Հարությունյանը մեր հարցին ու դիտարկումներին պատասխանեց, թե իր շփումների շրջանակը թույլ է տալիս ասելու, որ նման որևէ տրամադրություն չկա, հակառակը՝ մարդիկ՝ քաղաքական գործիչները, մտավորականները, անընդհատ քննարկումների մեջ են, ուղիներ են որոնում, փորձում են ինչ-որ կերպ փոխել իրավիճակը և ելքեր գտնել.

«Մենք բոլորս քաջ գիտակցում ենք, որ Ադրբեջանի այդ ծրագիրը նոր չէ։ Անգամ 1992 թվականի աշնանային ագրեսիայի ժամանակ Ադրբեջանի որոշ պաշտոնյաներ բարբաջում էին, թե կարող էին փակել Արցախի ճանապարհը, բայց հնարավորություն են տալիս, որ արցախցիները դուրս գան։ Համոզված եմ՝ մեր ժողովուրդը համընդհանուր ջանքերով խափանելու է Ադրբեջանի՝ Արցախը հայաթափելու, զավթելու ծրագիրը։ Կարողանալու է տոկոնությամբ, համառ դիմադրությամբ իր հողի վրա արմատներ գցել, ավելի ամրապնդվել և, իհարկե, հասնել վաղնջենական երազանքին՝ վերականգնել Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և անխափան կապը Մայր Հայաստանի հետ»,- եզրափակեց Մհեր Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս