
Իմ և Միքայել սրբազանի միջև քաղաքական տարաձայնությունները բացարձակ զրոյական են, երբ նա ապօրինի ազատազրկված է իր համոզմունքների համար. Արմեն Աշոտյան
«Տնային կալանքից դուրս գալուց հետո հայտարարել եմ, որ քաղաքական բանտարկյալների ազատության համար իմ ուժերի ներածին չափով պայքարն ինձ համար գերակա ուղղություն է, խղճի հարց է, ոչ թե քաղաքական համոզմունքի, որովհետև Հայաստանում այսօր 30-ից ավելի քաղաքական բանտարկյալներ կան, և նրանց ճնշող մեծամասնությունը ոչ միայն քաղաքական հայացքների, այլ նաև իրենց համոզմունքների և խղճի համար է նստած: Այստեղ եմ Միքայել Սրբազանին իմ աջակցությունը հայտնելու համար»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա շեշտեց՝ քաղաքական բանտարկյալների առկայությունը ցանկացած երկրում այդ երկրի և այդ ժողովրդի ամոթն է. «Կրկնակի ամոթ է, երբ ժողովուրդը և հասարակությունը հավուր պատշաճի չի պայքարում այդ մարդկանց ազատության համար: Քաղաքական տարաձայնությունները, որոնք, օրինակ, իմ ու Միքայել Սրբազանի միջև միշտ եղել են և երբեմն հանրային դաշտում գուցե անցել են բուռն քննարկումների սահմանը, բացարձակ զրոյական են և ոչինչ են, համեմատ այն իրողության, որ իմ եկեղեցու հոգևոր սպասավորն այսօր իր համոզմունքների համար ապօրինի ձևով ենթարկվում է քաղաքական հետապնդման և անազատության մեջ է ճիշտ այնպես, ինչպես անազատության մեջ են ազգային բարերար Սամվել Կարապետյանը, Բագրատ Սրբազանը, ԱԺ պատգամավորներ թե՛ Հայաստանից, թե՛ Արցախից, զոհված ազատամարտիկների ծնողներ, կին, տարբեր այլ մարդիկ: Երևի չկա հասարակության մի շերտ, որտեղ Նիկոլ Փաշինյանը չի ստեղծել այդ շերտը մոբիլիզացնելու հնարավորություն: Ես կարծում եմ, որ հանրային պայքարն այս մարդկանց ազատության համար շատ հեռու է բավարար լինելուց: Սա ցավով եմ արձանագրում»:
Արմեն Աշոտյանը բոլորիս ամոթն է համարում, որ այսօր Միքայել Սրբազանին պետք է տեսնենք մեղադրյալի աթոռին՝ ոչ մի բանի համար:
Նա նշեց, որ ՀՀԿ-ին հաջողվել է միջազգային հարթակներում անցկացնել համապատասխան քաղաքական բանաձև, որտեղ ֆիքսվում է, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ. «Կխնդրեի մնացած բոլոր ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերին, ովքեր արտասահմանում ունեն կապեր, քաղաքական բանտարկյալների հարցը մշտապես բարձրաձայնել տարբեր ատյաններում»:
Նրա խոսքով՝ ՀՀ քաղբանտարկյալների վերաբերյալ կա լռության պատ, որը պետք է ճեղքել խելացի աշխատանքով, անձնական, կուսակցական կապերը գործի դնելով, թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանից դուրս պետք է պայքարել մինչև վերջին քաղբանտարկյալի ազատ արձակումը:
Արմեն Աշոտյանը շեշտեց, որ չի կարելի թերագնահատել Նիկոլ Փաշինյանին. «Փաշինյանի ներկայացրածը անհայրենիքության մոդել է, 2026թ. ընտրությունն էլ Նիկոլ Փաշինյանը ոչ թե պատերազմի և խաղաղության միջև ընտրություն է առաջարկում, այլ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Նա բաց տեքստով ասում է, որ եթե 2026-ին լինեն ընտրություններ, ձեզ առաջարկվելու է ընտրել կա՛մ Ադրբեջան, կա՛մ Հայաստան»:
Մանրամասները՝ տեսանյութում