Նախագահ Աբդել Ֆաթթահ Էլ-Սիսիի այցը Հայաստան համընկնում է շատ կարևոր ժամանակաշրջանի հետ. Արմեն Մազլումյան
Տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան է ժամանելու Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին: Եգիպտոսի նախագահը Հայաստան այցից առաջ Ադրբեջանում էր:
Եգիպտոսի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Արմեն Մազլումյանը, 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Էլ-Սիսիի՝ Հայաստան առաջին պատմական այցին, այն կարևորեց մի քանի տեսանկյունից:
«Նախագահ Աբդել Ֆաթթահ Էլ-Սիսիի այցը Հայաստան համընկնում է շատ կարևոր ժամանակաշրջանի հետ՝ հաշվի առնելով ինչպես Ուկրաինա-ռուսական ճգնաժամի հետևանքով միջազգային հանրության առջև ծառացած մեծ մարտահրավերները, այնպես էլ՝ աշխարհաքաղաքական փոփոխությունները, այդ թվում՝ կովկասյան տարածաշրջանում: Այս այցը երկու երկրների հարաբերություններում կբացի նոր հեռանկարներ»,- նշեց Արմեն Մազլումյանը:
Եգիպտոսի Հայ դատի հանձնախմբի ատենապետը տարածաշրջանային խնդիրների մասին իր դիտարկումներում շեշտեց՝ Հայաստանը 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո բախվում է լրջագույն մարտահրավերների:
«Պատերազմում Հայաստանի պարտությունից հետո Բաքվից Երևանի վրա մեծ ճնշում կա Թուրքիայի ռազմական և քաղաքական աջակցության շնորհիվ, ուստի Ադրբեջանն ավելի վստահ է գործում և փորձում է պարտադրել իր էքսպանսիոնիստական օրակարգը՝ Հայաստանի ինքնիշխան հողերի, Արցախն ամբողջությամբ խլելու, արցախահայությանը տեղահանելու և նրա պատմական ժառանգությունը ոչնչացնելու հաշվին: Ադրբեջանը հայերի նկատմամբ ռասիստական մոտեցում է ցուցաբերում, և 45 օր շարունակ փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն է, և պաշարել է Արցախում բնակվող 120.000 հայերի, այդ թվում՝ 30.000 երեխաների»,- մանրամասնեց նա՝ կարևորելով Եգիպտոսի հավասարակշռված դիրքորոշումը Արցախի հարցում:
Արմեն Մազլումյանը հիշեցրեց, որ հայ-եգիպտական հարաբերությունները բնութագրվում են հազարավոր տարիների վաղեմության պատմական յուրահատկությամբ:
«Հայերի գաղթը Եգիպտոս բաժանված է երկու փուլի՝ մինչև 1915-ի Հայոց ցեղասպանությունը և դրանից հետո, երբ Եգիպտոսն ընդունեց Օսմանյան կայսրության ճնշումից փախած հազարավոր հայերի և ինտեգրեց նրանց եգիպտական հասարակության մեջ, ինչպես նաև նպաստել են ժամանակակից Եգիպտոսի կառուցմանը»,- հավելեց եգիպտահայ գործիչը: