«Քո քաշով մեկ երկաթ ունեմ վրաս… 30 տարի բանակ չենք ունեցել». Սասուն Միքայելյանը՝ լրագրողին
Եռաբլուրում ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն անդրադարձել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհին, ինչի հետևանքով 15 զինծառայող է մահացել:
«Բանակում խնդիրներ կան: Կորպուսի հրամկազմի թերացումներ են եղել, նրանք հեռացվել են իրենց զբաղեցրած պաշտոններից: Պետք է մենք շատ հետևողական լինենք: Զինվորներն առանձին տեղերում են մնում, բայց դա չի նշանակում, որ զորամասը չպետք է հետևի, ուշադիր չլինի, չտեսնի, թե զինվորներն ինչ պայմաններում են մնում»,- նշել է նա:
Հակադարձմանը, որ 2-րդ բանակային կորպուսի հրամկազմին հանեցին, երբ դեռ քննություն չկար, Սասուն Միքայելյանն արձագանքել է.
«Նախկին հրամկազմի թերացումներն էր, մնային՝ ի՞նչ անեին: Եթե իրանք նորմալ ծառայեին, նման բան չէր լինի: Անմիջական հրամանատարն է մեղավոր հրդեհի համար: Բարձիթողի վիճակ էր»:
Դիտարկմանը՝ Պապիկյանն ու Փաշինյանը չպե՞տք է հեռանան, ինչ իշխանության եք` մահերը չեն դադարում, Սասուն Միքայելյանը խուսափեց հարցին պատասխանել՝ ասելով. «Ասեցի՝ միայն այս շրջանակում հարցեր տվեք»:
Իսկ դիտարկումը հենց Սասուն Միքայելյանի արտահայտած մտքի համատեքստում էր: Ավելին, ԵԿՄ վարչության նախագահի արձագանքն էր այդ պահին շոշափվող թեմայից դուրս:
Նա իրեն ուղղված հարցադրումից խուսափելով՝ սկսեց պատմել, որ մոտ 5000 երկրապահ այս պահին գտնվում է ՀՀ զինված ուժերի մարտական դիրքերում:
«Մեր բանակն այսօր այդքան էլ մարտունակ չէ, ադրբեջանցիք ունեն հզոր ռազմական տեխնիկա և մարդկային թվաքանակ, ամեն հնարավոր առիթով փորձում են հարձակվել մեր պետական սահմանի վրա»,- նշել է Միքայելյանը՝ կրկնելով, որ թերացումների համար բոլորը պետք է պատասխան տան, իհարկե, չտալով Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի անունները:
«Եթե Սասուն Միքայելյանն է մեղավոր, Սասուն Միքայելյանն էլ պատասխան կտա, ես պատասխանատվությունից չեմ խուսափում: Բայց եկեք այս իրավիճակում չխառնենք»,- Պապիկյանի պատասխանատվություն կրելու մասին հարցին ի պատասխան՝ շեշտել է ԵԿՄ վարչության նախագահը՝ պնդելով՝ անմիջական հրամանատարն է մեղավոր:
«Բնականաբար, գալիս է կորպուսից՝ մինչև ջոկի հրամանատար: Իրանք պիտի հետևողական լինեին»,- ընդգծել է Միքայելյանը:
Սասուն Միքայելյանը կրկնել է իր միտքը՝ 30 տարի բանակ չենք ունեցել, և հունից դուրս է եկել, երբ լրագրողներից մեկը հարցրել է՝ դուք սիրո՞ւմ եք հայրենիքը, ԵԿՄ-ն ակումբի եք վերածել:
«Եթե դուք մի քիչ հայրենիքը սիրում եք, նենց հարց տվեք, որ մարդ պատասխանի, սիրո՞ւմ եք հայրենիքը… բա ո՞վ է սիրում, քո քաշով մեկ երկաթ ունեմ վրաս… Այո, Սպարապետից հետո բանակ չենք ունեցել»,- վրդովվել է Միքայելյանը՝ հիշելով նախկիններին:
Մանրամասները՝ տեսանյութում