Աստծու հատկությունները
1․ Հարց- Որո՞նք են Աստծու հատկությունները:
Պատասխան- Սուրբ Գրքում Աստծու հատկությունները շատ են: Դրանք Աստծու բազմապիսի գործերը հայտնի դարձնող զանազան կատարելություններն են:
2․ Հարց- Քրո՞նք են աստվածային կատարելությունները, և Սուրբ Գրքի ո՞ր հատվածներում կամ ուրիշ ի՞նչ սրբազան գրություններում են դրանք գրված:
Պատասխան- Աստծու հատուկ անունները, որոնք իսկապես Նրան են վերաբերում, հետևյալներն են.
- սուրբ – «Տիրոջ նման սուրբ չկա… և Քեզանից բացի սուրբ չկա» (Ա Թագ. 2։2-3),
- արդար – «Արդար ես Դու, Տե՛ր, և Քո բոլոր գործերը ճշմարիտ են» (Դան. 4։27),
- ամենաբարի – «Ոչ ոք բարի չէ, այլ միայն Աստված» (Ղուկ. 18։19),
- ամենակատարյալ – «Ո՜վ ամենակատարյալ Հա՛յր Էմմանուէլի»,
- անեղանելի – «Դու, որ Էակից ես Հորը, անեղանելի՛ Բնություն» (Շարական),
- ամենաիմաստուն – «Նրա իմաստությունը սահման չունի» (Սաղմ. 146։5)
- ամենակարող – «Որովհետև Աստծու համար անկարելի բան չկա» (Ղուկ. 1։37),
- ազատ – «Աստված բոլոր արարվածների Իշխանն է, և ինչ որ կամենում է, իշխանաբար իրականացնում է» (սուրբ Ներսես Շնորհալի, Ընդհանրական նամակ՝ ուղղված միջագետքցիներին),
- անսահման – «Նա անսահման ու անբավ է՝ վեր մեր իմացությունից» (սուրբ Գրիգոր Լուսավորիչ, «Հաճախապատում»),
- անփոփոխ – «Ես եմ ձեր Տեր Աստվածը, և չեմ փոխվի» (Մաղ. 3։6),
- հավիտենական – «Դու նույնն ես, և Քո տարիները չեն անցնի» (101։27),
- անսկիզբ և անվախճան – «Եվ Նրա թագավորությունը վախճան չի ունենա» (Ղուկ. 1։33),
- անմահ – «Նա, որ միայն Ինքն ունի անմահությունը և բնակվում է անմատչելի լույսի մեջ» (Բ Տիմ. 6։17),
- անմարմին – «Աստված Հոգի է, և Նրան երկրպագողները պետք է հոգով և ճշմարտությամբ երկրպագեն» (Հովհ. 4։24),
- ամենաբնակ – «Եթե երկինք ելնեմ, այնտեղ ես Դու, եթե դժոխք իջնեմ, դրան էլ մոտ ես» (Սաղմ. 138։8), և այսպիսի այլ հատկություններ:
3․ Հարց- Ինչո՞վ է հաստատվում Աստծու անմարմին լինելը:
Պատասխան- Քանի որ Աստված աներևույթ Էակ է, հետևաբար նաև անմարմին է, իսկ Աստծու ամենուրեք լինելն էլ («Միթե երկինքն ու երկիրը Ես չե՞մ լցնում, – ասում է Տերը» (Երեմ. 23։24)) հաստատում է Նրա անմարմնությունը («Այն, որ Աստված Հոգի է, դա Տիրոջ հավիտենականորեն անմարմին բնության մասին է խոսում» (սուրբ Ներսես Շնորհալի, Ընդհանրական նամակ՝ ուղղված միջագետքցիներին):
4․ Հարց- Եթե Աստված անմարմին է, ապա ինչո՞ւ է Սուրբ Գիրքն Աստծուն մարմնական հատկանիշներ և հասակի փոփոխում վերագրում.
Մովսես – «Լսեցին Աստծու ոտնաձայնը» (Ծննդ. 3։8):
Դավիթ – «Մեկնեց Իր ձեռքը՝ պատժելու նրանց» (Սաղմ. 54։21):
Եսայի – «Մեզ համար մանուկ ծնվեց, մի որդի տրվեց մեզ» (Ես. 9։6):
Պատասխան- Գրիգոր Մագիստրոսը գրում է, որ Աստծուն մարմնական անդամներ, պատկեր, ձև, ժամանակ կամ որպիսություն վերագրելն ամբարիշտ հայհոյություն է (Իբրահիմ ամիրային ուղղված հավատի գրից):
5․ Հարց- ուրեմն ինչո՞ւ է Սուրբ Գիրքն Աստծու անախտ ու անսեռ անմարմնությունը մարմնական կրքերին ենթակա դարձնում՝ ասելով.
Եսայի – «Բարկացավ Տերն Իր ժողովրդի դեմ» (Ես. 5։25):
Սաղմոս – «Երկնքում բնակվողը կծիծաղի նրանց վրա» (Սաղմ. 2։4):
Սաղմոս – «Տերը կարծես քնից արթնացավ» (Սաղմ. 77։64):
Ա Թագավորություններ – «Զղջացել եմ, որ թագավոր եմ օծել Սավուղին» (Ա Թագ. 15։10):
Պատասխան- Սուրբ Գիրքն Աստծու մասին մարդկային բարբառով է խոսում, որպեսզի պատկերեն Աստծու խորհուրդը, մեզ ընկալելի ձևով և մարմնական պատկերների միջոցով մեզ համար ըմբռնելի դարձնեն Աստծու անտեսանելի ու անիմանալի էությունը: Ահա թե ինչու Սուրբ Գիրքն «Աստծու քուն» է անվանում այն երևույթը, երբ Աստված տվյալ պահին օգնության չի հասնում որևէ մեկին, իսկ «Աստծու արթնությունն» էլ Նրա համբերատարությամբ է վկայվում: Աստծու հանդիմանելը «ծաղրել» է անվանվում, բարիք գործելը՝ «քաղցրասրտություն»: Տիրոջ վրեժխնդրությունը նկարագրվում է «բարկություն» անվամբ: Սրանք բոլորը հատկանիշներ են, որոնք վերագրվում են Աստծուն, թեպետ «Աստված ո՛չ ձեռք ունի և ո՛չ էլ մարմնի այլ անդամներ, քանի որ այդպիսի անդամների կարիքը չունեն ո՛չ Աստծու և ո՛չ էլ հրեշտակների անմարմին բնությունները, սակայն քանի որ մենք չենք կարող իմանալ կամ նկարագրել, թե աստվածավայել պատկերներն ինչպիսին են, ուստի մեր մարդկային պատկերներից ենք օրինակներ վերցնում» (Խոսրով Անձևացի, «Ժամագրքի մեկնություն»):
6․ Հարց- այս բոլոր հատկություններն արդյո՞ք ցույց են տալիս Աստծու Էությունը:
Պատասխան- Աստծու զանազան կատարելությունների ու բազմապիսի գործերի համեմատ Նրան տարատեսակ անուններ են ընծայվում, ինչպես օրինակ՝ «Արարիչ» («Քո արարածները, Քեզ ծառայելով իբրև Արարչի…» (Սող. Իմաստ. 16։24)), «Տեր Աստված», «Ամենակալ Տեր» («Նրա անունը Տեր Ամենակալ է» (Երեմ. 50։35), «Զորությունների Տեր», «Թագավոր», «Դատավոր», «Իշխան», «Հայր» («Տերն է մեր Հայրը, Տերն է մեր Դատավորը, Տերն է մեր Իշխանը» (Ես. 33։22)), սակայն այս անուններից որևէ մեկն Աստծու բնությունը կամ էությունը ցույց չի տալիս: Ինչպես Ներսես Լամբրոնացին է վկայում՝ «արարածներիցս որևէ մեկը երբևէ չկարողացավ ճանաչել ո՛չ Աստծու բնությունն, ո՛չ էլ Նրա տիրական անունը, այլ կամքի ներգործությամբ է, որ մենք Նրան բազմապատիկ անուններով ենք կոչում» (Ներսես Լամբրոնացի, «Պատարագի մեկնություն»):
Աբել արք. Մխիթարյան, «Քրիստոնեական հավատքի դասագիրք», հատոր առաջին, Սուրբ Էջմիածին, 1874թ.
Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը