
Տվել եմ համաձայնություն` թեկնածությունս առաջադրելու ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին. Սիմոն Բաբայան

Հարգելի գործընկերներ, տեղեկացնում եմ, որ տվել եմ համաձայնություն` թեկնածությունս առաջադրելու ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջիկա (Սեպտեմբերի 13, 2025) ընտրություններին: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Սիմոն Բաբայանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Որոշումս ընդունել եմ նկատի ունենալով մեր թիմի և գործընկերներիս կարծիքը, ինչպես նաև անցած տարիների ընթացքում իրականացված ծրագրերի արդյունքները, այդ թվում դրանց շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը:
Անցած չորս տարիներին Հայաստանյան փաստաբանական ինստիտուտը անցավ բազում փորձություններով և ինչպես նախկինում, այսօր էլ մեր ինստիտուտը լուրջ խնդիրների առջև է կանգնած: Դրանցից են մասնավորապես փաստաբանների անկախության դեմ ոտնձգության փորձերը, փաստաբանների իրավունքների խախտումները, հարկային անհամաչափ բեռը, հանրային պաշտպանության գերծանրաբեռնվածությունը, սոցիալական թերի աջակցությունը, մարզային կտրվածությունը: Այս խնդիրներներն այսօր ևս առկա են և պահանջում են համաժամանակյա լուծումներ:
Ակներև է, որ փաստաբանական ինստիտուտը ստիպված է լինում դիմակայել նաև արտաքին ճնշումներին:
Պետք է փաստել, որ մեր առջև ծառացած մարտահրավերների մեծ մասը փաստաբանական համայնքը հաղթահարել է և հաղթահարում է միասնականության և անկախության շնորհիվ, ինչի համար հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր բոլոր փաստաբան գործընկերներին:
Փաստաբանությունն արդարադատության համակարգի առանցքային դերակատարն է, քանզի հենց այս ինստիտուտի միջոցով է ապահովվում անձանց խախտված իրավունքների պաշտպանությունը:
Հայաստանի Հանրապետության փաստաբանական համայնքը երեք հազար և ավել իրավաբանի միավորել է մեկ գաղափարի շուրջ՝ անձանց իրավունքների պաշտպանություն:
Պետք է նկատի ունենալ, որ ժամանակակից իրավապաշտպանությունը հնարավոր է ապահովել բացառապես զարգացման դինամիկայի մեջ գտնվող, հասարակության հարգանքը վայելող, անկախ, օրինապահ և արհեստավարժ փաստաբանների միջոցով:
Ուստի`որպես փաստաբանական ինստիտուտի տեսլական, կարծում եմ, որ անհրաժեշտ է գնալ առաջ, շարունակել զարգանալ, պահպանելով այն ձեռքբերումները, որոնց հասել ենք միասին: