«Գազ չկա, պլիտաներ ենք դրել, հոսանքով ենք կազմակերպում ջեռուցումը»․ իրավիճակը՝ Ստեփանակերտի տուն-ինտերնատում

«Իրավիճակը մեզ մոտ նորմալ է, դեռ կարողանում ենք խնդիրները հաղթահարել, պարզապես սննդի պակաս կա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի տուն-ինտերնատի տնօրեն Արա Պողոսյանը։

Ստեփանակերտի տուն-ինտերնատում այս պահին 132 մարդ է բնակվում, որոնցից միայն 26-ն են կենտրոնի բնակիչ։

«26-ը տարեցներ են՝ տուն-ինտերնատի բնակիչներ, մյուսները՝ Արցախի տարբեր շրջաններից տեղահանվածներ, բայց նրանց մեջ էլ կան միայնակ տարեցներ, որոնք շարունակելու են այստեղ մնալ, պարզապես իրենց կարգավիճակը դեռ չի փոխվել»,- ասաց կենտրոնի տնօրենը։

Արա Պողոսյանը տեղեկացրեց, որ Երևանի տուն-ինտերնատներում էլ այս պահին կան տարեցներ, որոնք 44-օրյա պատերազմի օրերին Ստեփանակերտի տուն-ինտերնատից են տեղափոխվել, և իրենք մշտական կապի մեջ են իրենց կենտրոնի նախկին բնակիչների հետ․

Կարդացեք նաև

«Պատերազմից հետո նրանցից մի քանիսը վերադարձան Ստեփանակերտ, բայց հիմա, որ ճանապարհը փակ է, մյուսները չեն կարողանում գալ։ Հես ա տեղահանվածների հարցերը կամաց-կամաց լուծվում են՝ բնակարաններ են տրամադրում, սենյակները նորից ազատվում են, մեր հաստատության բնակիչներին նորից կբերենք Ստեփանակերտ։

Մշտական կապի մեջ ենք իրենց հետ, մի մասը Երևանի Հաղթանակ թաղամասում գտնվող տուն-ինտերնատում են, մյուս մասը՝ Նորքի։ Իրենք էլ են ուզում, որ գան, բայց ճանապարհի փակ լինելու պատճառով այս պահին դա անհնար է»։

Արա Պողոսյանը ներկայացրեց նաև կենտրոնում սննդի կազմակերպման և ջեռուցման պայմանները։

«Հացը մատակարարվում է, չեմ ասում՝ չգիտեմ ինչ ձև ենք կերակրում, բայց նաև սոված չեն մնում։ Բոլոր 132-ին սննդով ապահովում ենք, որովհետև հնարավոր չէ սենյակներում սնունդ պատրաստել։ Տուն-ինտերնատի ջեռուցումը գազով է, բայց հիմա, որ գազ չկա, պլիտաներ ենք դրել, հոսանքով ենք կազմակերպում ջեռուցումը, այն էլ օրը 2 անգամ 3 ժամով անջատում է լինում։ Ոնց որ ամբողջ Արցախում, այնպես էլ մեզ մոտ դժվարություն է, որը պետք է պատվով հաղթահարենք»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։

Տեսանյութեր

Լրահոս