Կահավորված զորամասերի միֆն ու մահվան կացարանների մասին իրականությունը
«Մենք պարզում ենք, որ ոչ միայն բենզին է օգտագործվել, այսօր պետք է ընդունենք, որ մեր ունեցած բոլոր տվյալները նախնական են, այլև փորձ է արվել վառարանը օգտագործելու համար… ընդ որում՝ նախարարը զեկուցեց, որ վառարաններն այրելու համար հատուկ այրիչներ են բաժանված, և այլն, որպեսզի լրացուցիչ ինչ-որ բաների կարիք չլինի։ 5 լիտրանոց տարայով փորձ է արվել բացել, լցնել վառարանի մեջ, բնականաբար, երբ արդեն բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այրվել է նաև բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո, էլի նախնական տվյալներով, էլի ինքնապաշտպանական բնազդից ելնելով՝ այդ 5 լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղություն, ենթադրում ենք, ոչ դիտավորյալ, որից հետո պարզ է, թե ինչ է տեղի ունեցել»,- Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված՝ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի նախնական վարկածն է, որը բարձրաձայնեց Նիկոլ Փաշինյանը Կառավարության հերթական նիստում:
Փաշինյանի այս հայտարարությունը, սակայն, շատերը կասկածի տակ դրեցին։
15 մարդու կյանք խլած հրդեհի պաշտոնական վարկածը չհաստատեց նաև զորամասի դասակի հրամանատարը. նա լրագրողների հետ զրույցում ուղղակի հակադարձել էր.
«Հարգելի՛ս, կրկին ու կրկին անգամ պատասխանեմ ձեր հարցին, ասեմ, որ դա ընդամենը վարկած է, եթե այդ դեպքի արդյունքում կան զոհեր ու վիրավորներ, ես չեմ կարող այդ վարկածը բարձրաձայնել։ Դա ձեր վարկածն է կամ մի հատ «թյուրիմաց» վարկած է, ինչ-որ մեկը ձեզ ասել է»:
Դասակի հրամանատարից բացի, Փաշինյանի բարձրաձայնած տեսակետը կասկածի տակ են առնում սոցիալական ցանցերի տարբեր օգտատերեր։ Գագիկ Ասատրյանը, օրինակ, ուշադրություն էր հրավիրել մի քանի հանգամանքների վրա.
«1. Անմիջապես հարևանությամբ գտնվող տունը բնակելի է
2. Հրդեհից առաջացած պանիկայից, գոռոցներն ու բղավոցները լսելի կլինեին
3. Պատերը մրած չի, բայց առաստաղն այրված է
4. Էդ կողմից շինությունն ունեցել ա 2 պատուհան
5. Պատի փլուզում կա ու պատը չափազանց հաստ է՝ հրդեհից փլվելու համար»:
Իսկ Արա Հարությունյանը նկատել էր. «Ես չգիտեմ, թե ֆեյսում քանի սապյոռ-վզռիվնիկ-պայթյունների հետազոտման մասնագետ կլինի ու արդյոք դրանցից որևէ մեկին հասել է էս նկարն անալիզի համար, բայց իմ տգետ հալով կասեմ հետևյալը։
1. Երկտակ պատերը շարված են մի քանի կողմից՝ երեսները մի քիչ հարթեցրած քարերով, իսկ արանքում էլ հողաջրի ու խիճի լցոն է եղել։ Պատերը մոտ 60-70 սմ հաստության են։
2. Զարմանալի է, որ իբր բուլդոզերով կամ էքսկավատորով (չգիտեմ՝ որն են մատնացույց անում պաշտոնական աղբյուրները) քանդողն անկյունից է սկսել քանդել ու մոտավորապես հավասար է վերցրել երկու կողմերից էլ։ Եթե իր նպատակն արագ տեղ հասնելն է եղել, ապա ամենաարագը կլիներ փողոցի կողմից միայն հետին պատն արագորեն քանդել, որ ժամանակ չկորցներ։ Ըստ որում, սկզբում անկյունից քանդելը շատ ավելի դժվար է։
Քիչ հավանական է, որ բուլդոզեր է եղել, որովհետև հրելու տեղ չկա։ Հրեր՝ պատերը լցներ ներսում եղած մարմինների վրա՞։ Հետևաբար, եթե եղել է, ապա էքսկավատոր է եղել։
3. Զարմանալիորեն պատերը քանդված են փլվածքի տեսքով։ Էքսկավատորը չէր կարող նման հարթ կտրվածքով երկու կողմերից քանդել։ Նա պետք է քաշած լինի դեպի դուրս, այդ դեպքում անհնար է, որ երկտակ պատերի ներքին շերտերն ավելի շատ մնային տեղում ու փլվեր դրսի՝ արտաքին շերտը։
4. Եթե ենթադրենք, որ էքսկավատորը հաջողացրել է պատի տակից բուլդոզերի պես քանդել ու էն էլ անկյունից, ու մնացածն արդեն ինքն իրեն է փլվել էդ տեսքով, տեսականորեն, էն էլ Հայաստանի պես տեղ, դա հնարավոր է, բայց քիչ հավանական։
5. Մանավանդ որ նման պատկերը կստացվեր սենյակի ներսում, անկյունում տեղի ունեցած պայթուցիկի պայթելուց։ Եվ միայն ու միայն այդ դեպքում, հենց պատի արտաքին շերտի փլվածքներն ավելի մեծ կլինեին, ոնց կա նկարում։
6. Չնայած ձյան ու հալոցքի առկայությանը, նկարում ոչ մի հետք չկա, որ էդտեղ թրթուրավոր բուլդոզեր, կամ այլ ծանր տեխնիկա է աշխատել, ապա հավելել, 90 տոկոսով սա դիվերսիոն պայթյուն է եղել ներսից, կամ էլ հեռահար ճշգրիտ եկած արկից, որը ներսում է պայթել:
Հ.Գ. Ի դեպ, զոհվածները սակրավորներ են եղել, այսինքն՝ հենց պայթուցիկների մասնագետ ու բենզին են օգտագործե՞լ»:
Ինժեներասակրավորային վաշտի կացարանը, որտեղ ըստ դատախազության հաղորդագրության՝ 22 զինծառայողներ են եղել, 21-ը՝ ժամկետայիններ և մեկ սպա, ավելի է թեժացրել հանրության կրքերը՝ հատկապես բանակի բարեփոխումների մասին իշխանությունների տարատեսակ հայտարարությունների համատեքստում:
Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը դեպքի առնչությամբ մասնավորապես նշել էր. «Մարտունակ և ուժեղ բանակի «մայկա-տռուսիկ»-ը քննադատող Նիկոլի ղեկավարած բանակում` նախկին կահավորված զորամասերի փոխարեն զինվորներին տեղակայում են որտեղ պատահի (այդ թվում նաև՝ լքված շինություններում):
Արդյունքներն էլ, ցավոք, այսպիսին է լինում: Այրվել զորամասո՞ւմ… Այսինքն` հասուն երիտասարդ տղերքը չկարողացա՞ն դուրս գալ այրվող տարածքից կամ փրկել միմյանց: Որտե՞ղ էիք տեղակայել ու քնեցրել այդ մարդկանց, այ անաստվածներ: Նույնիսկ բանակի ստեղծման առաջին օրերին, ոչնչով չապահովված զորամասում նման ողբերգական դեպք հնարավոր չէր պատկերացնել»:
Լրագրող Էդիկ Բաղդասարյանն էլ նախ հիշեցրել էր. «Սա երկրորդ դեպքն է, երբ զինվորները վառվում են իրենց կացարաններում»։ Ապա մեկ այլ գրառմամբ էլ նա արձանագրել է. «Աշխարհում չեք գտնի մի երկիր, որի բանակի զինվորները տեղակայված լինեն Ազատ գյուղում մեր զինվորների կացարանի նման մի տեղ»:
Իսկ ընդամենը մեկ ամիս առաջ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը՝ Անդրանիկ Քոչարյանը, դիրքերի կահավորումից դժգոհող ընդդիմադիրներին հրավիրում էր առաջնագիծ՝ համոզվելու, որ բարեփոխումներն աննախադեպ են:
«Ազատություն» ռադիոկայանի լրագրողը նկատել էր. «Այն աստիճան կահավորված չէր առաջնագիծը, որ Ադրբեջանը սեպտեմբերին երկու-երեք օրում հսկայական տարածքներ է գրավել։ Սա ասում է ձեր ղեկավարած հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը»։
Անդրանիկ Քոչարյանն էլ արձագանքել էր. «Ես Տիգրան Աբրահամյանին առաջարկել եմ առաջիկա մեր հանձնաժողովի անդամների այցերին ինքը մասնակցի, գնանք Ջերմուկ, դու ինքդ կտեսնես՝ ինչ ա նոր կահավորումը և ինժեներական զորքերի կայացումը ոնց ա տեղի ունենում։ Մենք չենք ունեցել էդ զորքերը, մենք ունեցել ենք առանձին ռազմական միավորների մեջ ինժեներական խմբեր՝ գուցե ամենաբարձր մակարդակը վաշտի կարգավիճակով։ Էրեկ Արծրուն Հովհաննիսյանը մի կահավորված փոքր հատված էր դրել դիրքերի, և հասկացողները հասկացան, թե նման կահավորանքի պայմաններում զինվորի կյանքը ինչպես կարելի ա փրկել»։
Իրավիճակի պատասխանատուների մասին
2018 թվական, Հունվար 8. Ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հարթակում ահազանգում էր.
«Այս տարի Զինված ուժերում երկու զոհ ունենք․ թունավորում շմոլ գազից և հակառակորդի դիպուկահարի կրակոց։ Բանակի ու առաջնագծի վերազինման մասին դիֆերամբների ֆոնին՝ առավելևս սարսափելի է»:
Ապա վստահեցնում էր՝ «ամեն զոհի ետևում կա կոնկրետ մեղավոր, կոնկրետ պատասխանատու և պետք է գտնել նրանց»:
Այսօր արդեն իշխանական գործիչ Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանն են հիշեցնում իրենց կառավարման 4 տարիների ընթացքում ողբերգական տարբեր իրադարձությունների ու դրանց հետևանքով հազարավոր զոհերի մասին՝ 44-օրյա պատերազմ, Սուրմալուի ողբերգություն, Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կինը։
Ողբերգության պատասխանատուների մասին մեր դիտարկումներին արձագանքելով՝ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը նկատել էր. «Ինչպես տեսաք՝ առանց որևէ հետաքննության, վայրկենապես նշանակեցին մեղավորներ. ազատեցին կորպուսի, բրիգադի հրամանատարությանը, և այլն: Բայց նախ և առաջ պետք է հետաքննություն լիներ մինչև ազատելը, որպեսզի պարզվի՝ ով է մեղավոր: Այսինքն՝ իշխանությունների բոլոր գործողություններն ուղղված են զուտ մեղքի բաժինը միանգամից Սուրեն Պապիկյանի, Նիկոլ Փաշինյանի վրայից հանելու, մի կողմ դնելու ու ինչ-որ սպաների, գեներալների վրա դնելու ուղղությամբ»:
Փորձագետը նաև արձանագրել էր. «Այնքան կորուստ, ինչքան հայկական բանակը տվել է Նիկոլ Փաշինյանի օրոք, երբևիցե չի եղել»: