«Դա ձեր վարկածն է կամ մի հատ թյուրիմաց վարկած է». սպան՝ զինվորների հրդեհված կացարանում բենզինի գործածման մասին
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով 15 զոհ և 3 վիրավոր կա։
Դեպքի վայրում լրագրողները զրուցել են դասակի հրամանատարի հետ։
– Այստեղ ծառայող սպա եք, որ այսպես նայում եք, ինչպե՞ս եք պատկերացնում, դեպքն ինչպե՞ս է եղել․
– Անփույթ վերաբերմունքի, անփույթ մոտեցման պատճառով։
– Պաշտոնական աղբյուրները հայտնում են, Սուրեն Պապիկյանն էլ ասում է, որ բենզին են օգտագործել, հրդեհ է բռնկվել պայթյունից։
– Տեղյակ չեմ մանրամասն, թե ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել։
– Ընդհանուր քանի՞ հոգի են եղել ներսում։
– Ընդհանուր եղել է 21 հոգի։
– 15-ը մահացել են, 3-ը վիրավոր են, մյուսներն ո՞ւր են։
– 15-ը մահացել են, 3-ը վիրավոր են, ընդ որում՝ 3-ից մեկը՝ սպա, 4-ն էլ եղել են դրսում։
– Քիչ առաջ զոհված զինծառայողներից մեկի հայրն էր այստեղ, իր որդուն էր փնտրում, ի՞նչ ասացիք։
– Ի՞նչ ասացի… Որդուն էր փնտրում, ասաց՝ ո՞ւր ա տղես։ Անպատասխան հարց տվեց, որ չկարողացա պատասխանեմ, ու 6-րդ ծնողն էր արդեն, 15-ից 6-րդ ծնողն էր, ու Աստված գիտի՝ մնացածը կգա՞ն, չե՞ն գա, կամ գալուց ի՞նչ հարց կտան։
– Պաշտպանության նախարարն այստեղ եղե՞լ է։
– Ոչ։
– Իսկ, որ Կառավարության նիստի ժամանակ նկարագրում են բենզինի տեսարանը՝ դա իրականությանը համապատասխանո՞ւմ է։
– Դա մենակ վարկած է, չեմ կարող ասել։ Դա ավելի կոնկրետ՝ կամ Դատախազությունից, կամ էլ քննչական մարմիններից․․․
– Դուք ժամը քանիսի՞ց եք այստեղ ծառայության։
– Ժամը քանիսին եմ եկել դեպքի վա՞յր, թե՞ ծառայության, մանրամասնեք հարցը։
– Դեպքի վայր։
– Դեպքի վայր, դեպքը տեղի է ունեցել 12։30-ից մինչև ժամը 1-ը, ես մոտավոր 1։15-1։20 եղել եմ այստեղ։
– Դուք հրամանատա՞րն եք։
– Այո, դասակի հրամանատարը, անմիջական հրամանատարը։
– Կարո՞ղ եք ասել, թե որտեղից են եղել զինվորները, որոնք մահացել են։
– Հայաստանի տարբեր վայրերից, կոնկրետ մարզից չեն, տարբեր մարզերից կան։
– Իսկ այդ ենթադրյալ բենզինը, որ լցրել է վառարանի մեջ, ինքն ո՞վ է եղել։
– Ներողություն, ձեր հարցին պատասխանեմ հարցով՝ դա ո՞վ է ենթադրում։
– Պաշտպանության նախարարը, վարչապետը։
– Զոհերի թիվը շատ է, ավելի լավ է վարկածներով չխոսենք, կոնկրետ օրինակներով և եղելությամբ խոսենք։ Ես ունեմ իմ սուբյեկտիվ վարկածները, որոնք չեմ կարող բարձրաձայնել, որովհետև սա այդ դեպքը չէ։
– Իսկ այն, որ ասում են՝ փորձել է բենզինը լցնել վառարանի մեջ, հետո բռնկվել է ձեռքը, խուճապի է մատնվել և ամբողջ սենյակում է արդեն տարածել, ինչի հետևանքով հրդեհն արդեն տարածվել է։
– Եթե կա մահացություն, դա այն դեպքն է, որ ես չեմ կարող, օրինակ, իմ մեջ վարկած ստեղծել ու այդ վարկածը բարձրաձայնել։
– Նաև քննադատություն հնչեց, որ Գլխավոր շտաբի պետը նախորդ տարեվերջին հրաման է իջեցրել, որ պետք է հրդեհային անվտանգության կանոնները պահպանել, ինչը չի պահպանվել։
– Ներողություն եմ խնդրում, ես մի քիչ տարածվեմ, ասեմ։ Բանակի թուլացումը կամ կա, չէ՞, զինվորական ոլորտում, որ ասում են՝ բարդակ, ներողություն եմ խնդրում մի քիչ անշնորհք խոսելուս համար, էդ գալիս է բոլորից՝ ԳՇ պետ, նախարար, վարչապետ, ու սրանից հետո ինձ ինչ ուզում են՝ թող ասեն կամ անեն, դա ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, որովհետև ծնողներին պատասխան որ չես կարողանում տալ՝ դրանից վատ բան չկա։
– Երկրորդ բանակային կորպուսի հրամանատարն է աշխատանքից ազատվել, բայց շարունակում են պաշտոնավարել Գլխավոր շտաբի պետը և պաշտպանության նախարարը։ Ձեզ համար այս պաշտոնանկություններն առանց քննությունների տրամաբանակա՞ն են։
– Իհարկե ո՛չ։ Պետք է քննությունը մինչև վերջ տարվի, ու մեղավորները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։
– Իսկ, որ ասում են՝ ավտոբենզին է օգտագործվել, ինչն անթույլատրելի է, արդյոք այս կացարանին տրամադրվե՞լ է համապատասխան վառելանյութ։
– Հարգելի՛ս, կրկին ու կրկին անգամ պատասխանեմ ձեր հարցին, ասեմ, որ դա ընդամենը վարկած է, եթե այդ դեպքի արդյունքում կան զոհեր ու վիրավորներ, ես չեմ կարող այդ վարկածը բարձրաձայնել։ Դա ձեր վարկածն է կամ մի հատ «թյուրիմաց» վարկած է, ինչ-որ մեկը ձեզ ասել է։
– Գիշերը մոտ 1։40-ի մոտ է հրդեհը բռնկվել, հա՞, կամ վառարանը փորձել են այդ ժամին վառել։
– Երևի, տասներկուսն անց կեսից մինչև մեկի սահմաններում։ Ո՛չ, վառարանը հա էլ վառ է եղել, ուղղակի կրակը թեժացնելու համար է երևի, եթե այդ վարկածը վերցնենք։
– Զինվորներին ջեռուցում ապահովելու համար ի՞նչ նյութեր էին տրամադրել։
– Ցախ, քարածուխ, քանի որ գյուղում չկա գազի մատակարարում։
– Իսկ հեղուկ տրամադրե՞լ են։
– Չեմ կարող ասել։
-Վառարանը վառելու համար այլ միջոց տրամադրո՞ւմ են, որովհետև նշում են, որ այլ միջոց է տրամադրվում, և հատուկ հրաման է ընդունել, որպեսզի դիզվառելիք չօգտագործվի։
– Վառարանը վառելու համար, եթե ցախ ու քարածուխ է, տվյալ միջոցները, հնարավոր է՝ նաև թղթով վառել։
– Իսկ այդ համապատասխան կրակայրիչները, որի մասին այսօր պաշտոնյաների կողմից հայտարարվեց, այստեղ եղե՞լ են, թե՞ ոչ։
– Կրակայրիչնե՞ր։ Հարցը մի քիչ մանրամասնեք, չհասկացա։
– Ասում են, որ տրամադրվում են համապատասխան միջոցներ, օրինակ՝ կրակայրիչ, վառարանը վառելու համար համապատասխան միջոցներ են տրամադրում, որպեսզի զինվորները դիզվառելիք չօգտագործեն։
– Ներողություն եմ խնդրում, չգիտեմ՝ դա ո՞ր պաշտոնատար անձն է ասել։
– Նիկոլ Փաշինյանն է ասել։
– Այդ հարցին չեմ կարող պատասխանել։
– Բանակում տիրող, ձեր ասած, բարդակի պատասխանատուներն ովքե՞ր են։
– Բարդակի պատասխանատուները, բոլորս, ընդ որում՝ դուք, մենք, ես՝ որպես սպա, մյուսը՝ որպես պայմանագրային սերժանտ, պայմանագրային ենթասպա։
– Երեկ երեկոյան դուք այստեղ եղե՞լ եք, այստեղ բենզին կամ այլ վառելանյութ եղե՞լ է։
– Եղել եմ, վառելանյութ չի եղել։ Եթե լիներ էլ, ես չեմ թույլատրի՝ հաշվի առնելով հետագա վատ բաները, որ կարող են լինել։
– Իսկ ինչո՞վ են վառարանը՝ փայտը, քարածուխը վառել։
– Չոր փայտ է, թղթով են վառել։
– Դուք այսքան բան ասացիք, չե՞ք մտահոգվում, որ ձեզ աշխատանքից կազատեն։
– Ընդհանրապես չեմ մտահոգվում, եթե աշխատանքից ազատելու լինեին, համալսարանն ավարտելուց հետո 10 միլիոն տուգանքի պայմանագիր ես չէի ստորագրի։
– Այսի՞նքն։
– Այսինքն, որ պայմանագիրս 10 տարի է, ամեն մի տարին 1 միլիոն դրամով նվազում է, ընդ որում, 10 տարի ես պետք է պարտադիր ծառայեմ, դուրս գալու դեպքում, օրինակ՝ ծառայել եմ 2 տարի, պետք է 8 միլիոն վճարեմ, դուրս գամ։ Չէ, չեմ մտածում։
– Այստեղ միայն շարքայիննե՞րն են եղել։
– Միայն շարքայիններ են եղել, մեկ էլ մի սպա, պատասխանատու սպա, կոչումով կապիտան։
– Դուք հարցաքննվե՞լ եք։
– Ո՛չ։
– Իսկ ինչպե՞ս, դուք չե՞ք իրենց հրամանատարը։
– Հրամանատարը ես եմ, ինձնից բարձր կա վաշտի հրամանատար, ծառայության պետ, որոնք ավելի շատ պատասխանատվություն են կրում տվյալ իրավիճակում, քան ես։
– Նրանք այս պահին որտե՞ղ են։
– Ռազմական ոստիկանությունում։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում, ինչի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում