«5 լիտրանոցով բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ». Փաշինյանը մանրամասներ է ներկայացնում Գեղարքունիքի դեպքերից

«ՌՈ հայտնած նախնական տվյալների համաձայն՝ հրդեհային անվտանգության կանոնների խախտման արդյունքում տեղի է ունեցել բռնկում, որի ժամանակ օգտագործվել է նաև արգելված միջոց, խոսքը վերաբերում է ավտոբենզինին, որը հնարավոր չի եղել հետագայում մարել»,- կառավարության նիստին՝ անդրադառալով Գեղարքունիքի N զորամասում տեղի ունեցած ողբերգական դեպքին, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն էլ հաստատեց, որ մեծ քանակությամբ բենզին է օգտագործվել, որը բռնկվել է և հնարավոր չի եղել մարել. «Գիշերը՝ ժամը 1:30-ի սահմաններում ՊՆ զորամասերից մեկի մեկ վաշտի տեղակայման վայրում հրդեհ է բռնկվել: Դեպքի առթիվ հարուցվել է վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձի մահ: Դեպքի վայրում են գտնվում քննչական խմբի անդամները, ովքեր ողջ գիշեր աշխատել են, ներգրավվել են նաև փորձագետներ, և կա նաև նախնական վարկած առ այն, որ հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման հետ կապված հարցում անվտանգության կանոնների խախտման պատճառով: Դա նախնական վարկածն է, որն այս պահի դրությամբ բավականին հիմնավորվել է»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պարզվել է, որ ՆԳՆ հրշեջ ծառայությունը պատշաճ ժամանակում հասել է. «Բայց, իհարկե, հեռավորությունը բավականին մեծ է եղել, և այդ հեռավորության պայմաններում պատշաճ ժամկետում տեղ է հասել: Պարզել ենք, որ 2022թ. դեկտեմբերի 21-ին ԶՈւ ԳՇ պետը ստորագրել է 14 ԳՇ կարգադրությունը՝ հետևյալ վերնագրով՝ «ԶՈւ զորամասերում տեղի ունեցած հրդեհների և դրանց կանխարգելման մասին», և հստակ հրահանգավորել է, թե ինչ պետք է անել հակահրդեհային կանոնները պահպանելու համար: Իհարկե, ամբողջ տեքստը պետք չէ հրապարակել, 7-րդ կետում նշվում է՝ խստիվ արգելել վառարանների շահագործման համար որպես կպչան ավտոբենզին, նեֆրազ և այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը, դրանք պահպանել այլ հեղուկներից առանձին: Այսինքն՝ սա ԶՈւ բարձրագույն պաշտոնյայի տված հրամանն է, և այս հրամանի պրիմիտիվ պահպանումը պարզապես թույլ կտար չունենալ այս դեպքը:

Բայց մենք պարզում ենք, որ ոչ միայն բենզին է օգտագործվել, այսօր պետք է ընդունենք, որ մեր ունեցած բոլոր տվյալները նախնական են, այլև փորձ է արվել վառարանը օգտագործելու համար… ընդ որում՝ նախարարը զեկուցեց, որ վառարաններն այրելու համար հատուկ այրիչներ են բաժանված, և այլն, որպեսզի լրացուցիչ ինչ-որ բաների կարիք չլինի: 5 լիտրանոց տարայով փորձ է արվել բացել, լցնել վառարանի մեջ, բնականաբար, երբ արդեն բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այրվել է նաև բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո, էլի նախնական տվյալներով, էլի ինքնապաշտպանական բնազդից ելնելով՝ այդ 5 լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղություն, ենթադրում ենք, ոչ դիտավորյալ, որից հետո պարզ է, թե ինչ է տեղի ունեցել»:

Տեսանյութեր

Լրահոս