Մեր ամենակարևոր խնդիրն ազգային անվտանգությունն է, բայց դրա փոխարեն՝ վերջին 2 տարիներին գերակա են դարձրել այլ ոլորտներ. Վարդան Արամյան

39 օր Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Արցախում տնտեսական կյանքը կանգ է առել. դա բացասական հետևանք է ունենալու նաև Հայաստանի տնտեսության վրա, որովհետև Արցախի տնտեսությունը լիարժեք ինտեգրված է Հայաստանի տնտեսությանը, իսկ, եթե հիշենք նաև, որ 2020 թվականին Արցախում գտնվող տնտեսական տարածքներն անցան Արդբեջանին, որի ՀՀ տնտեսության վրա բացասական հետևանքների մասին բազմաթիվ մասնագետներ բարձրաձայնեցին, ապա պարզ է դառնում, որ այս շրջափակումը ևս հերթական հարվածն է հասցնելու նաև Հայաստանի տնտեսությանը։

168 TV-ի եթերում, խոսելով Արցախի շրջափակման տնտեսական հետևանքների մասին, նման տեսակետ հայտնեց Հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը։

Հարցին՝ ստեղծված իրավիճակում ինչպե՞ս կարող է Հայաստանն աջակցել Արցախին, Արամյանը պատասխանեց.

«Հեռու եմ այն մտքից, որ Հայաստանը պետք է սահմանափակվի միայն Արցախին գումար տրամադրելով։ Փող փոխանցելը կարևոր է, բայց անելիքների ցուցակի և Արցախում ապրողների շահերն առաջ տանելու հարցում առաջին տեղում չէ. եթե միայն փող ես տալիս ու դրանով սահմանափակվում, իսկ Արցախում կա մարդկային կարողությունների լուրջ խնդիր, անվտանգության խնդիր և այլն, ստացվում է, որ Արցախի և արցախահայության խնդիրները քոնը չես համարում, այնպես, ինչպես միջազգային ֆինանսական կազմակերպությունը փող է տալիս երկրին, բայց երկրի խնդիրները իրենը չի կարող համարել։ Ուստի այս դեպքում Հայաստանը լուծում է ընդամենը 4-րդ կամ 5-րդ կարգի խնդիր»։

Կարդացեք նաև

Ըստ Արամյանի՝ ինչպես Արցախում, այնպես էլ՝ Հայաստանում ստեղծված իրավիճակը բարդացրել է մեր անվտանգային միջավայրը, ինչն իր հերթին, այլ խնդիրների հետ մեկտեղ, դժվարություններ և ռիսկեր է ստեղծել օտարերկրյա խոշոր ներդրողների համար։

«Ակնհայտ է, եթե երկրում անվտանգային խնդիրները լուծված չեն, ներդրումների հորդելու մասին խոսելը մանկամտություն է։ Օրինակ՝ Իրաքում կամ Սիրիայում արդյո՞ք կա մեծածավալ ներդումների հոսք՝ իհա՛րկե ո՛չ։ Ներդրողները գրագետ մարդիկ են, երբ տեսնում են, որ, օրինակ, ալիևյան կլանը չի դադարում սպառնալիքներ հնչեցնել Արցախի և Հայաստանի վերաբերյալ, դա ռիսկեր է ստեղծում Հայաստանում ներդրում անելու ցանկություն ունեցողների մոտ»,- ասաց Արամյանը՝ ընդգծելով՝ որպես Հայաստանի և Արցախի հասցեին հնչեցված թշնամական սպառնալիքների հակակշիռ՝ Հայաստանի Կառավարությունը պարտավոր էր մեծ գումարներ հատկացնել պաշտպանական բնույթի ծախսերի համար, մինչդեռ 2021 թվականին պաշտպանական ծախսերը 2020թ.-ի համեմատ կրճատվել են 51,8 միլիարդ դրամով, 2022-ին՝ ավելացել է չնչին՝ ընդամենը շուրջ 10 միլիարդով, իսկ 2023 թվականին ծրագրել են 505 միլիարդ դրամ, բայց դա դեռ ծրագիր է՝ նախագիծ. դեռ պետք է սպասել ու տեսնել դրա կատարողականը։

«Հայաստանում պաշտպանական բնույթի ծախսերը 2020 թվականից հետո ամեն տարի պետք էր ավելացնել առնվազն 20 և ավելի տոկոսով. այդ դեպքում է, որ ներդրողները կտեսնեն, որ թեև կան անվտանգային սպառնալիքներ՝ ի դեմս Ադրբեջանի կողմից հնչող սպառնալիքների, բայց այդ ռիսկերը հաշվեկշռված են, քանի որ Հայաստանի պաշտպանական ներուժի վերականգնումը կնվազեցներ Ադրբեջանի նոր պատերազմ հրահրելու հավանականությունը։ Գիտեք՝ վերջին 2-3 տարվա ընթացքում մեզ համար ամենակարևոր ռիսկը անվտանգությունն է, իսկ երբ ներդրողն ու հարկ վճարողը տեսնում են՝ այդ ուղղությամբ անհրաժեշտ ծավալով ծախսեր չեն արվում բյուջեում, դա նշանակում է, որ կա ծախսերի գերակայությունների խեղում։ Ես տեսնում եմ, որ գերակա ոլորտներ են ընտրվել այլ ոլորտներ, ոչ թե ազգային անվտանգությունը»,- ասաց Արամյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս