«Մեզ ոչ ուտելիքի պակասը կընկճի, ոչ էլեկտրաէներգիայի պարբերաբար անջատումը». արցախցիներ

Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն ադրբեջանցի կեղծ բնապահպանները, 39 օր է, փակ են պահում:

Ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի 120 000 բնակչությունը, որից 30 000-ը՝ երեխաներ, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ:

Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք այլևս հնարավոր չի լինում հասցնել Արցախ: Տրանսպորտային ամբողջական շրջափակման պատճառով կա սննդի, դեղորայքի և վառելիքի պակաս:

ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում արցախցի մեր հայրենակիցները հայտնեցին, որ չնայած առկա դժվարություններին՝ իրենց կամքը կոտրել չի լինի:

«Արցախցին ամեն ինչին էլ կդիմանա: Մեզ ոչ ուտելիքի պակասը կընկճի, ոչ էլեկտրաէներգիայի պարբերաբար անջատումը»,- մեզ հետ զրույցում ասաց տիկին Էմման:

Նարինեին էլ միայն մանկական կերի պակասն էր շատ մտահոգում, իսկ մնացած դժվարությունները, ասում է, կհաղթահարեն:

«Լույսերն օրը 4 ժամով անջատում են, բայց նախօրոք գրում են, թե որ ժամին, որ փողոցում է անջատում լինելու, հարմարվում ենք: Ուտելիք էլ, կարելի է ասել, որոշ չափով կա: Միայն խնդրահարույց է մանկական կերերի պակասը»,- նշեց Նարինեն:

Հրանտի փոխանցմամբ՝ սոված չեն մնում. հնդկաձավար, մակարոն ու միս են ուտում:

«Ամեն ինչ լավ է, մենք ուժեղ ենք ու ամուր կանգնած մեր հողին»,- հավելեց նա:

Մանկաբույժ Արթուր Մարտիրոսյանը մշտապես կապ է պահում արցախցի մայրերի հետ, փորձում է օգնել նրանց ամեն հարցում: Դեռ անցյալ տարեվերջին մեզ հետ զրույցում հայտնել էր, որ մի շարք կաթնախառնուրդներ կան, որոնք մայրերն օգտագործում են, սպառման եզրին են:

Տեսանյութեր

Լրահոս