Բավականաչափ կաթնախառնուրդներ կան, որոնք, հնարավոր է՝ սպառման եզրին են. Մանկաբույժ

«Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը փակելը սրիկայություն է: Անմարդկային խաղ են խաղում իրենց հողում հազարամյակներ ապրող մեր հայրենակիցների նկատմամբ՝ փորձելով հավատը, հաստատակամությունը, սակայն այդպես էլ չհասկանալով, որ արցախցիների հետ գործ ունեն, ովքեր չեն կոտրվելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց մանկաբույժ Արթուր Մարտիրոսյանը:

Միևնույն ժամանակ մանկաբույժը ներկայացրեց իրավիճակը՝ կան որոշ դժվարություններ, օրինակ, դեղամիջոցների պակասի առումով:

«Նաև բավականաչափ կաթնախառնուրդներ կան, որ օգտագործում են, և որոնք, հնարավոր է, սպառման եզրին են»,- նշեց մանկաբույժը:

Արթուր Մարտիրոսյանն այս ընթացքում փորձում է արցախցի մայրիկներին հեռավար օգնել, երեխայի խնամքը, բուժման շարունակականությունն ապահովելու համար խորհուրդներով:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ արդեն 10 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է:

Ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի 120 000 բնակչությունը, որից 30 000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ: 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, ճանապարհի արգելափակման հետևանքով տուն վերադառնալու հնարավորություն չունի:

Արցախի բժշկական հաստատությունների վերակենդանացման բաժանմունքներում գտնվող ավելի քան երկու տասնյակ առողջական լուրջ խնդիրներ ունեցող հիվանդներ, որից 13-ը երեխաներ են, Հայաստան անհապաղ տեղափոխման կարիք ունեն: 350 հիվանդներ չեն կարողանում բուժում ստանալ Հայաստանում: Արցախում ժամանակավորապես դադարեցվել են բոլոր պլանային վիրահատությունները:

Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ: Տրանսպորտային ամբողջական շրջափակումը սպառնում է սննդի, դեղորայքի և վառելիքի պակասով:

Տեսանյութեր

Լրահոս