Լեռնային Ղարաբաղի հարցում վերջին ժամանակներս տեսել ենք հետընթաց. Նեդ Փրայս
Լեռնային Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ն հետընթաց է արձանագրել և ցանկանում է տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական երկխոսության վերականգնումը: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:
«Մենք պատրաստվում ենք անել այն, ինչն, ի վերջո, առավել օգտակար է: Եվ անցած տարեվերջին տեղի ունեցան մի քանի հանդիպումներ, որոնք պետքարտուղարը կազմակերպեց իր գործընկերների միջև՝ եռակողմ հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի միջև, որին մասնակցում էր պետքարտուղար Բլինքենը: Մենք դա արեցինք Բլեյր Հաուսում: Մենք դա արեցինք Նյու Յորքում: Իհարկե, վերջին ժամանակներս մենք տեսել ենք հետընթաց, երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Մենք ակնկալում ենք, որ կառուցողական երկխոսությունը կվերականգնվի: Մենք պատրաստ ենք երկկողմ համագործակցության: Մենք պատրաստ ենք համագործակցել գործընկերների հետ և նրանց միջոցով, ԵԱՀԿ-ի միջոցով կամ, եթե և երբ հարմար լինի, եռակողմ ձևաչափով, ինչպես արել ենք նախկինում», – ասել է Փրայսը:
Ըստ դիվանագետի՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ակնկալում է առաջիկա օրերին հեռախոսազրույց ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
«Պետքարտուղարը հնարավորություն ունեցավ զրուցելու Հայաստանի ղեկավարի հետ: Ես ակնկալում եմ, որ նա առաջիկա օրերին հնարավորություն կունենա զրուցելու նախագահ Ալիևի հետ», – ասել է նա։
Հունվարի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը: ԱՄՆ պետքարտուղարը նաև վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը՝ աջակցելու տևական խաղաղության հասնելուն միտված ջանքերին: