«Այնքան կորուստ, ինչքան հայկական բանակը տվել է Նիկոլ Փաշինյանի օրոք, երբևիցե չի եղել». Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգական հրդեհը համարում է համակարգային լրջագույն խնդիրների հետևանք: Ըստ նրա, սակայն, այդ խնդիրները բարձրաձայնող շրջանակները թիրախավորվում են իշխանական շրջանակների կողմից:

«Տիպիկ օրինակ՝ քպ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն է, որը ԶՈՒ-ում աղետալի իրավիճակի մասին դիտարկումներից հետո միշտ հարձակվում է փոձագետների ու լրագրողների վրա ու միշտ ասում՝ բարեփոխում ենք անում, այս ենք անում, այն ենք անում: Սա է իրենց բարեփոխումների դեմքը, արդյունքը,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց Կարեն Վրթանեսյանը՝ կատարված ողբերգությունները համարելով կանխատեսելի,- Չի՛ կարող այլ կերպ լինել, եթե դու հետևողական ձևով քայքայում ես պաշտպանական համակարգը»:

Ողբերգության պատասխանատուների մասին մեր դիտարկումներին արձագանքելով՝ փորձագետը նկատեց. «Ինչպես տեսաք՝ առանց որևէ հետաքննության, վայրկենապես նշանակեցին մեղավորներ. ազատեցին կորպուսի, բրիգադի հրամանատարությանը, և այլն: Բայց նախ և առաջ պետք է հետաքննություն լիներ մինչև ազատելը, որպեսզի պարզվի՝ ով է մեղավոր: Այսինքն՝ իշխանությունների բոլոր գործողություններն ուղղված են զուտ մեղքի բաժինը միանգամից Սուրեն Պապիկյանի, Նիկոլ Փաշինյանի վրայից հանելու, մի կողմ դնելու ու ինչ-որ սպաների, գեներալների վրա դնելու ուղղությամբ»:

Ի դեպ, Կարեն Վրթանեսյանը նկատեց, որ նմանատիպ ճգնաժամերը հետևանքն են նաև իշխանությունների որդեգրած՝ հաճախակի կադրային փոփոխություններ անելու քաղաքականության. նրա հիշեցմամբ՝ նույն կորպուսում հրամանատարը անցյալ տարի էր նշանակվել:

Կարդացեք նաև

«Ի վերջո, այսպիսի խայտառակ վիճակ, որ ստիպված լինեն բենզինով տաքանալ զորամասո՞ւմ, կամ, որ զինվորները ձմեռով վրաններում են. կներե՛ք՝ էս 92 թիվը չէ, էդպես էր 92 թվականին, երբ բանակը մեկ տարի չկար՝ ինչ ստեղծվել էր: Հիմա մեզ նորից վերադարձրել են 92 թվական: 26 տարվա բանակաշինությունը գցեցին ջուրը, ավերեցին ամեն ինչ, հիմա էլ ասում են՝ ինչ եղավ, ոնց եղավ. անընդհատ այսպիսի աղետներ, ցավոք, լինելու են՝ աղետներ մարտի դաշտում և ոչ մարտական պայմաններում. այնքան կորուստ, ինչքան հայկական բանակը տվել է Նիկոլ Փաշինյանի օրոք, երբևիցե չի եղել»,- ամփոփեց Կարեն Վրթանեսյանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Տեսանյութեր

Լրահոս