
Ի՞նչ պետք է անել, երբ «Արմեդ»-ից տեղեկանում եք, որ անհասկանալի ախտորոշումներ են արվել

էլեկտրոնային առողջապահության միասնական ԱՐՄԵԴ համակարգի «Իմ այցերը» բաժին մուտք գործելիս շատ քաղաքացիներ տեղեկանում են, որ մի շարք հետազոտություններ են հանձնել, մինչդեռ իրականում նման բան չկա:
«Մտա Արմեդ «Իմ այցերը» բաժին: Բայց ես չեմ իմացել, որ բարդ ծննդաբերություն եմ ունեցել։ Գրված էր՝ հղիությունը, ծննդաբերությունը և հետծննդյան շրջան՝ բարդացած ծննդաբերություն՝ առաջին աստիճանի բարդությամբ, բարդացող սակավարյունություն: Իրականում հեշտ եմ ունեցել բալիկիս»,- նշեց խմբագրություն դիմած քաղաքացիներից մեկը:
«Իմ մոտ էլ ինչ-որ անհասկանալի ախտորոշումներ կան, բայց ընդամենն արյան ընդհանուր անալիզ եմ հանձնել»,- հավելեց մյուսը:
168.am-ը Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի գործառնական բաժնի ղեկավար Գեորգի Ասատրյանից հետաքրքրվեց, թե ո՞րն է նման սխալների պատճառը:
Նա նշեց, որ համակարգը հարթակ է, որտեղ պետք է գտնվի պացիենտների վերաբերյալ ամբողջական բժշկական պատմություն: Մուտքագրում են բուժհաստատությունները, և պացիենտները հավելվածով հնարավորություն ունեն տեսնել, թե ինչ է մուտքագրված:
«Մենք ուղղակի կառավարում ենք հարթակը՝ առանց անձնական տվյալներ տեսնելու: Կատարում ենք ծրագրային սպասարկում: Օգտվում է 500-ից ավելի բուժհաստատություն, իսկ օգտատերերի թիվն 800.000-ից ավելի է: Ասեմ, որ համակարգն առաջին հերթին հենց նրա համար է նախատեսված, որ սխալները բացառվեն: Սխալներ տեսնելու դեպքում մարդիկ պետք է դիմեն Առողջապահության նախարարություն, տվյալ բուժհաստատություն, որը սխալվել է: Լինում են դեպքեր, երբ ոչ թե սխալվում են, այլ մարդու անունից պետպատվերի ֆինանսավորում են ստանում: Սա ևս քաղաքացին կտեսնի և կբողոքի: Մարդիկ, բացի նախարարությունը, մեզ ևս կարող են դիմել սխալների դեպքում, և այդ մասին կտեղեկացնենք բուժհաստատությանը»,- մանրամասնեց Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի գործառնական բաժնի ղեկավարը՝ հավելելով, որ համակարգում արդեն մեկ պատուհան են ավելացրել, որպեսզի սխալի մասին մարդիկ իրենց տեղեկացնեն, իրենք էլ՝ Առողջապահության նախարարությանն ու բուժհաստատությանը:
Գեորգի Ասատրյանն ընդգծեց՝ պացիենտի թույլտվությամբ բժիշկը կարող է համակարգում տեսնել, թե ի՞նչ բուժումներ է ստացել, ի՞նչ ալերգիաներ ունի և այլն:
Ըստ նրա, սա շատ հեշտ է նաև պացիենտի համար, քանի որ ամբողջն էլեկտրոնային տարբերակով է, թղթով չէ:
«Ամեն մարդ չի կարող մտնել և որևէ տվյալ նայել: Բժիշկները ID քարտով են մուտք գործում համակարգ, խիստ նույնականացման պահանջ կա: Իսկ պացիենտները դեմքի ճանաչողությամբ նույնականացում են անցնում, նոր կարողանում են իրենց պատմությունը տեսնել»,- եզրափակեց Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի գործառնական բաժնի ղեկավարը: