Ալիևը լավ հասկանում է՝ ՀՀ-ում գործող իշխանությունը հավերժ չէ, և հնարավոր է՝ ձևավորվի այնպիսի իշխանություն, որի հետ ինքը խնդիրներ կունենա. Վիտալի Մանգասարյան
Արցախը ՀՀ-ին կապող միակ ճանապարհի փակվելուց հետո ակտիվացան նոր պատերազմի հավանականության մասին խոսակցությունները, թեպետ մինչ այդ՝ 2022 թվականի սեպտեմբերյան մարտերից հետո, ոչ միայն փորձագիտական շրջանակները, այլև իշխանության ներկայացուցիչներն էին հայտարարում Ադրբեջանի կողմից նոր հնարավոր հարձակման մասին, մասնավորապես՝ Նախիջևանի ուղղությամբ:
Արդյո՞ք այսօր Ադրբեջանը կգնա նոր պատերազմի, երբ խաղաղ ճանապարհով կարողանում է ՀՀ իշխանություններից ստանալ իր ուզածը, ո՞ր դեպքում Ադրբեջանը և Թուրքիան կգնան նոր էսկալացիայի, որից իբր փորձում է խուսափել Փաշինյանը, ի՞նչ է ենթադրում Ալիևի հայտարարությունը՝ պատերազմն ավարտված է, բայց պայքարը շարունակվում է։
Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի հետ:
– Վերջին շրջանում պատերազմի հավանականության մասին խոսում են ոչ միայն փորձագիտական, այլ նաև իշխանության շրջանակները: Այստեղ հիշենք Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր ցեղասպանություն իրականացնել հայ ժողովրդի նկատմամբ, ինչը հավանական պատերազմի համատեքստում պետք է դիտարկենք:
Բացի դրանից, պետք է հաշվի առնենք այն փաստը, որ Ադրբեջանը դե ֆակտո պատրաստվում է նոր պատերազմի: Համենայնդեպս, հաճախակի բնույթ կրող ադրբեջանական և թուրք-ադրբեջանական զորավարժությունները, քաղաքական տարբեր հայտարարություններն առ այն, որ եթե Հայաստանը չհամաձայնի իրենց այս կամ այն առաջարկին, ապա նրանք ուժի գործադրմամբ կհասնեն իրենց նպատակներին:
Ի դեպ, Հայաստանին սահմանակից Կարս քաղաքում Թուրքիան 8 երկրների մասնակցությամբ անցկացնում է ձմեռային զորավարժություններ՝ «Ձմեռ-2023», որին մասնակցում են նաև ադրբեջանցի զինծառայողներ:
Թուրք-ադրբեջանական զորավարժությունները նորություն չեն, և դրանք նպաստում են Ադրբեջանի բանակի մարտունակության բարձրացմանը, որպեսզի անհրաժեշտ պահի իրենց նպատակին, իրենց առջև դրված խնդիրների լուծմանը հասնեն ուժի միջոցով: Այսինքն, ադրբեջանական բանակում տեղի ունեցող զարգացումները վաղ թե ուշ մեր դեմ են աշխատելու, այդ հատուկ նշանակության ստորաբաժանումները, որ պատրաստում են, տեխնիկական միջոցները, որ ձեռք են բերում: Այս ամենը տարածաշրջանում աշխատելու են ՀՀ-ի և Արցախի դեմ:
Մի քանի անգամ ասել եմ, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը խնդիր ունի բանակում ռեաբիլիտացիոն գործընթաց անցնելու, իր զինված ուժերը վերականգնելու, ինչի վկայությունն են նշված զորավարժությունները, հատուկ նշանակության նոր ստորաբաժանումների ձևավորումը:
Եթե դիտարկենք, որ այս փուլում Ալիևը իր առջև դրած խնդիրներն այս կամ այն կերպով փորձում է լուծել առանց պատերազմի, և որոշ դեպքերում դա նրան հաջողվում է: Բայց Ալիևը նաև լավ հասկանում է՝ ՀՀ-ում գործող իշխանությունը, որ այսօր կատարում է իր պահանջները և չի դիմադրում, հավերժ չէ: Եվ հնարավոր է, որ ՀՀ-ում ձևավորվի այնպիսի իշխանություն, որի հետ Ադրբեջանն արդեն խնդիրներ կունենա՝ թե՛ ռազմական ճանապարհով խնդիրներ լուծելու, թե՛ քաղաքական, դիվանագիտական դաշտում որոշակի հաջողություններ ունենալու փորձերի հետ կապված:
– Ի՞նչ պիտի անի ՀՀ գործող իշխանությունը, Արցախի իշխանությունը, որ նոր պատերազմական իրավիճակ չստեղծվի, բայցև չլինեն նոր զիջումներ, եթե, իհարկե, նման բան հնարավոր է։
– Պատերազմական նոր իրավիճակ չստեղծվելու համար ՀՀ-ի և Արցախի իշխանությունները նախ մեծ թափով պետք է պատրաստվեն այդ պատերազմին:
Պետք է զարգացնեն և բարձր մակարդակի հասցնեն դաշնակիցների հետ հարաբերությունները, դաշնակից և բարեկամ երկրների հետ աշխատեն այնպես, որ մեր և իրենց շահերը գոնե այս փուլում խաչվեն, համընկնեն:
Մյուս կողմից, չափազանց բարդ է ստեղծված իրավիճակում պատասխանել այն հարցին, թե կոնկրետ ինչ պետք է անեն իշխանությունները, իրենք պետք է ներկայացնեն իրենց քայլերը, քանի որ փորձագիտական հանրությունը և միջին վիճակագրական քաղաքացին չեն տիրապետում այն բոլոր տեղեկատվությանը, որին տիրապետում է իշխանությունը՝ գաղտնի տեղեկություններից մինչև ռազմաքաղաքական վերլուծություններ: Այս իրավիճակում ես ավելի շատ կանդրադառնայի նաև այն հարցին, թե ինչ չպետք է անեն մեր իշխանությունները, որ մեր վիճակն ավելի չբարդանա, իսկ դրանք քիչ չեն:
Առաջին՝ չպետք է անեն այնպիսի հայտարարություններ, որոնց պատճառով մեր հասարակության իմունիտետը կթուլանա և հակառակը՝ օգուտ կտանք թշնամուն: Պետք է հայտարարություն անելուց առաջ հաշվարկենք՝ որքանով կշահենք մենք, և որքանով՝ մեր թշնամին:
Այսինքն, չպետք է այնպես անել, որ Ադրբեջանը ձեռք բերի դիվանագիտական ավելի մեծ խաղաքարտեր և դրանք հետագայում օգտագործի մեր դեմ: Ստեղծված իրավիճակում իշխանական շրջանակներից հնչել են այնպիսի հայտարարություններ, որոնք ոչ մի տրամաբանության մեջ չեն տեղավորվում, բանական ոչ մի մարդ չի կարողանում հասկանալ, թե ինչ նպատակ են դրանք հետապնդում, մենք ուժեղանո՞ւմ ենք, թե՞ թուլանում, միաժամանակ, լինում են ձևակերպումներ, որոնց վերաբերյալ հստակ կարող ենք ասել՝ ուժեղացնում է հակառակորդին, թուլացնում՝ մեզ: Եվ այս ամենը չանելուց հետո միայն կարելի է պատասխանել հարցին՝ ինչ անել, թեպետ վերևում որոշ բաներ արդեն ասացի:
– Արցախը շրջափակման մեջ պահելով՝ Ադրբեջանը Արցախի՞ հետ կապված խնդիր է ուզում լուծել, թե՞ ՀՀ-ի։
– Շրջափակման մեջ պահելով Արցախը և հումանիտար ճգնաժամ առաջացնելով, Ադրբեջանը փորձում է մի շարք խնդիրներ լուծել: Բնական է՝ նա ունի պլան մինիմում և պլան մաքսիմում: Իմ կարծիքով, պլան մինիմումն այս փուլում սա է՝ կեղծ բնապահպանական ակցիաների միջոցով կարողանալ թելադրել սեփական օրակարգը, փորձել կասեցնել Արցախում գործող հանքերի գործունեությունը, մաշեցնել Արցախում հայ բնակչության պայքարելու կամքը: Տարբեր փուլերում Ադրբեջանի կողմից պահանջներ են եղել ՊԲ-ի լուծարման հետ կապված: Այս փուլում Ադրբեջանի պահանջներից է նաև Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հեռացման հարցը, սրանից առաջ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի ազատման հարցն էին բարձրացրել: Այս պահանջները մտնում են պլան մինիմումի մեջ: Իսկ Ադրբեջանի պլան մաքսիմումը ՀՀ-ի, մասնավորապես, Սյունիքի հետ է կապված՝ իրենց կողմից ձևակերպված միջանցքի հարցն է, հետևաբար՝ ճնշումներ գործադրելով՝ ադրբեջանական կողմը փորձում է և՛ արցախյան, և՛ հայաստանյան բնակչության շրջանում վախի մթնոլորտ սերմանել, թուլացնել պայքարելու ունակությունները, որ աշխարհաքաղաքական հարմար իրավիճակի ձևավորման և ուժային լուծումների թելադրման պահին հեշտ լինի իրենց առջև դրված խնդիրներին հասնել:
– Արդյո՞ք ՀՀ-ում ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժության անցկացումը թուրք-ադրբեջանական տանդեմի համար սպառնալիք էր, թե՞ դրա չեղարկումը Փաշինյանի քաղաքական ցանկությունն էր։ Ի վերջո, հուլիսյան պատերազմի օրերին մենք ՌԴ-ի հետ համատեղ զորավարժություն անցկացրել ենք, որը, իհարկե, անհանգստացրել էր Ադրբեջանին։
– Անկախ նրանից, թե ինչ կհայտարարի ՀՀ-ի ներկա ղեկավարը, չեմ կարծում, որ դա մեծ ազդեցություն կունենա թուրք-ադրբեջանական տանդեմի պլանների վրա: Իսկ նրանց նպատակն այն է, որ ՀՀ-ն պետք է ենթարկվի իրենց պահանջներին, իրենց խաղի կանոններին: Այն է՝ ՀՀ-ն չպետք է ունենա զինված ուժեր, իրենց տեսանկյունից վտանգ ներկայացնող բանակ: Եվ միայն այս դեպքում թուրք-ադրբեջանական տանդեմը կհամարի, որ Հայաստանից չկա սպառնալիք: Սա մեզ համար կործանարար ճանապարհ է, և այն, որ մենք մինչև հիմա չունենք ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ: Այս կոնտեքստում հարց կարող է առաջանալ՝ արդյո՞ք հետախուզության պետ ունենալու հանգամանքը նույնպես սպառնալիք չի դիտարկվի թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, և հնարավո՞ր է՝ դա է պատճառը, որ մինչ այժմ մենք չունենք հետախուզության վարչության պետ:
Այդ տրամաբանության մեջ Ադրբեջանը մեր զինված ուժերի ցանկացած բարեփոխում, ուժեղացում, անգամ փոքր դրական, կարող է թուրք-ադրբեջանական տանդեմի համար սպառնալիք դիտարկել: Եվ եթե այս կանխավարկածով և այս տեսանկյունից ենք առաջնորդվելու, ապա սա մեզ ոչ մի լավ բանի չի տանելու:
– Հայաստանի՝ Հնդկաստանից սպառազինություն պատվիրելու մասին ժամանակ առ ժամանակ գրում է հնդկական մամուլը, թույլատրելիի սահմանում պաշտոնական տեղեկություն չկա՝ արդյո՞ք պայմանավորվածությունները գործնական փուլ են տեղափոխվել: Հունվարի 10-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Փաշինյանը նշել է, թե այս մասին հրապարակումները գործին օգուտ չեն տալիս, և, որ դրանց առնվազն մեծ մասը բարի նպատակներով չեն արվում: Սա՝ այն դեպքում, երբ իշխանամերձ շրջանակները, ըստ էության, ասել են այն, ինչ գրել է հնդկական և հայաստանյան մամուլը:
– Եթե Նիկոլ Փաշինյանը խոսում է զենքի մատակարարման վերաբերյալ հրապարակումների վնասակարության մասին, ապա ես ուզում եմ հիշեցնել, որ 2020 թվականի պատերազմից առաջ հենց Նիկոլ Փաշինյանն էր տարբեր առիթներով ֆոտոսեսիաներ կազմակերպում Սու-30 ՍՄ ինքնաթիռների հետ, այնուհետ հրապարակումներ էր իրականացնում Հորդանանից ձեռք բերված «ՕՍԱ-ԱԿ» ՀՕՊ համակարգերի հետ: Փաստերի այս շարքը կարելի է շարունակել: Ձեզ հետ զրույցում ինքս եմ ասել, որ չի կարելի հրապարակավ խոսել Հնդկաստանից ռազմական տեխնիկայի գնումից, երբ դեռ որոշակի տեխնիկա չենք ստացել: Այսինքն, նախ իրենք չպետք է անեն իրար հակասող քայլեր և հայտարարություններ:
– Ձեզ համար պա՞րզ է՝ ՀՀ ռազմական ղեկավարությունը նոր պատերազմի հավանականության փաստին լո՞ւրջ է մոտենում, այսինքն, պատրաստվո՞ւմ ենք պատերազմին: Եվ ի՞նչն է խանգարել մեզ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո վերականգնել բանակը և ունենալ գոնե փոքրաթիվ պրոֆեսիոնալ և արդի պահանջներին համապատասխան զինուժ՝ քաղաքական կա՞մքը, թե՞ ռեսուրսները։
– Իշխանության շրջանակներից տարբեր դեմքեր հայտարարում են, որ փորձում են վերականգնել ՀՀ ԶՈՒ-ն, բանակի կարողությունները, և այս իմաստով գուցե փորձում են պատրաստվել հնարավոր մոտալուտ պատերազմին: Սակայն փաստերը խոսում են հակառակի մասին: Ինչպես նշեցի՝ մինչ այս պահը չունենք ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ: Իսկ ինչպես ենք մենք պատրաստվում պատերազմին, եթե այդ կարևորագույն պաշտոնը գրեթե մեկ տարի թափուր է: Երկրորդ՝ տարբեր գյուղական համայնքներում ակտիվորեն տեխնիկա են աշխատացնում, քանդման աշխատանքներ իրականացնում, երբ մենք մարտական դիրքերում դրանց կարիքն ունենք: Պատերազմի պատրաստվող պետությունն իր ողջ ռեսուրսը պետք է առաջնային ներդնի՝ լուծելու բանակային, դիրքերում առկա խնդիրները, հատկապես, երբ Ադրբեջանը մեծ թափով պատրաստվում է պատերազմի:
– Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հունվարի 10-ին կազմակերպված հանդիպման ընթացքում հայտարարել է, որ միայն մարտունակ բանակ ունենալով՝ չես կարող խաղաղության հասնել, որովհետև տարածաշրջանում կլինեն բանակներ, որոնք ավելի մարտունակ են։ Ի՞նչ է սա՝ հնարավոր նոր պարտությունների մասին ակնա՞րկ և դրան արդարացո՞ւմ:
– Մարտունակ բանակ ունենալու հանգամանքը խաղաղության հասնելու համար կարևոր բաղադրիչներից է, բայց ոչ պակաս կարևոր հանգամանք է ռազմաքաղաքական իրավիճակը, վերադասավորումները, նկատի ունեմ դաշնակիցների հետ հարաբերություններ, միջազգային գործընկերների հետ ունեցած մեր հարաբերությունները, հատկապես այն երկրների, որոնց շահերն այս փուլում այս կամ այն չափով համընկնում են: Մենք պետք է դիտարկենք բոլոր այդ հնարավոր բաղադրիչները:
Եթե մենք ասենք, որ 3 միլիոնանոց պետություն ենք և ի վիճակի չենք լինելու պայքարել 70-80 միլիոնանոց թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ, ապա նման տեսանկյունից հարցին մոտենալով՝ արդեն իսկ ձախողել ենք: Կրկնում եմ՝ մենք պետք է լուրջ համագործակցություն ունենանք մեր դաշնակիցների հետ,այն երկրների հետ, որոնց շահերն այս կամ այն կերպով համընկնում են մեր շահերի հետ, և փորձենք ռազմաքաղաքական հավասարակշռություն ապահովել՝ մեր թշնամիների մեր դեմ ուղղված նպատակների և դրանց դիմադրելու համատեքստում:
– Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ նաև հայտարարել է, որ 44-օրյա պատերազմը չի կանխվել, չի կանգնեցվել, որովհետև ինքը գիտեր, թե մարտունակ բանակ ունենք, և, որ պաշտոնական զեկույցներ են եղել իր սեղանին, որ զորքն առաջնորդվում է ոչ մի քայլ սկզբունքով։
– Նույն Նիկոլ Փաշինյանը ժամանակին հայտարարում էր, որ մեր բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակներից մեկն է: Վերցրեք և լսեք 2020-ի հուլիսյան մարտերից հետո Սարդարապատում տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որ ասում էր՝ «Հայաստանի զինված ուժերը, Հայոց բանակը ոչ միայն ցուցաբերեցին բարձրակարգ մարտունակություն, այլև տարածաշրջանի ամենամարտունակ և ամենաինտելեկտուալ բանակի համարումը վերահաստատեցին»:
Եթե ընդունենք՝ նրան սխալ են զեկուցել, կամ ճոխացրած են ինչ-որ բաներ զեկուցել, կամ ընդհանրապես չեն զեկուցել, այդ ամենը չի ազատում Փաշինյանին պատասխանատվությունից և մեղավորությունից, և խոսում է նրա մասին, որ երկրի ղեկավարը պարզապես չի տիրապետել իրավիճակին: Նիկոլ Փաշինյանը փաստացի հայտարարում է, որ պատերազմի ժամանակ չի տիրապետել իրավիճակին, և որևէ կապ չունի՝ ով ինչպես և ինչ է զեկուցել: Եթե նա լիներ կոմպետենտ, կարողանար վերլուծել իրեն ներկայացված զեկույցները, ապա չեմ կարծում, որ այսօրինակ հայտարարություններ կաներ:
– Արդյոք այսօր ԳՇ նախկին ղեկավարության, գեներալների խոսելը որևէ բան կարո՞ղ է փոխել, եթե, իհարկե, խոսեն, քանի որ այն քիչ հավանական է, հատկապես, երբ ոմանք քրեական գործերով են անցնում, կամ էլ ժամանակ առ ժամանակ քննչական մարմինների կողմից հրավիրվում հարցաքննությունների:
– Իմ գնահատմամբ, գեներալների խոսելը ցանկացած իրավիճակում կարևոր է: Սակայն այս պարագայում նրանք նաև պետք է պատասխանեն այն հարցին՝ ինչու մինչ օրս չեն խոսել: Նրանց խոսելը այսօրվա իրավիճակում գուցե լինի ուշացած, բայց որոշակի ազդեցություն կունենա ինչ-ինչ գործընթացների վրա: