Երբեք չենք հրաժարվի մեր հայրենիքում ազատ ու արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքից. Արցախի պետնախարար
Ադրբեջանը պետք է հասկանա, որ չի կարող խաղաղության հասնել հայերի կյանքի գնով: Այս մասին շեշտել է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ:
«Ադրբեջանը պետք է հասկանա, որ չի կարող խաղաղության հասնել հայերի կյանքի գնով: Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսություն ունենալ այն մասին, թե ինչ է նշանակում խաղաղություն հայերի և ադրբեջանցիների համար: Բայց մենք երբեք չենք հրաժարվի մեր հայրենիքում՝ Արցախում, արժանապատիվ կյանքով, հարգանքով և ազատ ապրելու մեր իրավունքից»,-նշել է Վարդանյանը:
Ադրբեջանը 2022 թ. դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։ Բացի այդ, հունվարի 9-ին Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում արձանագրվել է վթար։ Վթարը գտնվում է Աղավնո-Բերձոր հատվածում։ Ադրբեջանը թույլ չի տալիս վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել այն հատվածում, որտեղ վթարվել է Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գիծը:
Արցախում հունվարի 12-ից ընդհատվել էր նաև ինտերնետ կապի մատակարարումը. մալուխը վնասվել էր Լաչինի միջանցքի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են ադրբեջանցի պսևդոբնապահպանները։ Եվ միայն հունվարի 13-ին Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վարած բանակցությունների շնորհիվ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության տեխնիկական մասնագետներին հաջողվել է մեկնել վթարի վայր և տեղում համապատասխան աշխատանքներ իրականացնել՝ մալուխի վնասված մասը վերականգնելու ուղղությամբ։ Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում ինտերնետ կապը վերականգնվել է: