Արևմուտքը մեր տարածաշրջան մտնելու է «թուրքական դարպասներով». Սուրեն Սարգսյան
«Միացյալ Նահանգների ռազմավարությունը, սկսած 90-ականների սկզբից, եղել է մեր տարածաշրջանում ռուսական ազդեցության կրճատումը՝ սա պլան մինիմումն է, կամ պլան մաքսիմումը՝ Ռուսաստանին ընդհանրապես տարածաշրջանից դուրս մղել»,- «Ինչո՞վ ավարտեցինք և սկսեցինք տարին» թեմայով քննարկման ժամանակ նշեց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանը:
Ըստ նրա՝ այժմ ԱՄՆ-ը տեսնում է, որ Հարավային Կովկասում ձևավորվել է իրավիճակ, երբ իր ռազմավարությունը պլանավորելու համար կան լավ նախադրյալներ. մի կողմից՝ աշխարհաքաղաքական իրողություններն են այդպիսին, մյուս կողմից՝ Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը կամ չքաղաքականությունն է հանգեցնում դրան:
Սուրեն Սարգսյանը հավելեց՝ Արևմուտքում ընդունված կարծիք կա, որ տարածաշրջանից Ռուսաստանին կարող են դուրս մղել այն պարագայում, երբ կոնֆլիկտները լուծված կլինեն:
«Վերջին երեսուն տարում առաջին անգամ Արևմուտքը տեսնում է, որ Հայաստանի իշխանությունը պատրաստ է միակողմանիորեն գնալ զիջումների և՛ հայ-ադրբեջանական, և՛ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու տեսանկյունից»,- մանրամասնեց նա՝ հիշեցնելով, որ նախկին երեք նախագահներն ունեցել են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման տեսլական, բայց ոչ անսկզբունք դիրքորոշում, և պատմության մեջ առաջին անգամ այս իշխանությունների մեկնարկած գործընթացում է Հայաստանը միակողմանիորեն բավարարել Թուրքիայի պահանջները:
Այս համատեքստում միջազգայնագետը նկատեց, որ Ռուսաստանի՝ տարածաշրջանից դուրս գալու պարագայում, Արևմուտքը մեր տարածաշրջան մտնելու է «թուրքական դարպասներով»:
Ըստ նրա՝ խնդիրների լուծման միակ հնարավորությունն իշխանությունների հեռանալն է։
Պատասխանելով հարցադրմանը, թե իրատեսակա՞ն չէ, որ Արևմուտքը, Եվրոպան կարող են դառնալ Հայաստանի ու Արցախի անվտանգության երաշխավորը, Սուրեն Սարգսյանը նշեց. «Ումի՞ց Արևմուտքը պետք է մեզ պաշտպանի՝ իր ռազմավարական դաշնակից Թուրքիայի՞ց. այսինքն՝ պետք է զորք կանգնացնի հայ-թուրքական սահմանի վրա, ենթադրենք. չեմ հասկանում՝ դա ոնց է լինելու, բայց նաև այլ հարցեր կան՝ արդյոք Արևմուտքը ցանկանո՞ւմ է մեզ տրամադրել երաշխիքներ, այդ թվում՝ անվտանգային»:
Մանրամասները՝ տեսանյութում