«Կարող ենք խաղաղության պայմանագիր ստորագրել, բայց 1 օր հետո նոր ռազմական էսկալացիա լինի․ խնդիրը միայն ստորագրելը չէ, այլև դրա իրագործելը»․ Փաշինյան
«Մենք ռուս խաղաղապահներին չենք քննադատում, մենք ռուս խաղաղապահների գործունեության վերաբերյալ մեր մտահոգություններն ենք բարձրաձայնում»,- հունվարի 10-ին ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով արդեն 1 ամիս Բերձորի միջանցքը թշնամի Ադրբեջանի կողմից փակ պահելու հանգամանքին և նշված հատվածում ռուս խաղաղապահների գործունեության վերաբերյալ իշխանության կողմից հնչող հայտարարություններին։
Փաշինյանի խոսքով՝ այդ մտահոգությունները վաղուց են եղել, ինչի մասին բազմիցս տեղեկացրել է ռուս գործընկերներին․
«Մեր ռուս գործընկերների ուշադրությունն եմ հրավիրել, որ Ադրբեջանում սկսվել է ռուս խաղաղապահների վարկաբեկման պետական արշավ։ Դա ակնհայտ բան է եղել և շարունակում է ակնհայտ բան լինել և ինձ համար ակնհայտ է եղել, որ իրադարձությունները զարգանում են այդ տրամաբանությամբ։
Բայց մյուս կողմից մենք պետք է հասկանանք, թե խաղաղապահներն ինչ գործառույթ են այնտեղ իրականացնում։ Մեր ըմբռնումն այն է եղել, որ նաև եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ Լաչինի միջանցքը մնում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և այնտեղ գրված չի, որ, երբ Լաչինի միջանցքը խաղաղապահների վերահսկողության ներքո չէ, Հայաստանի Հանրապետությունը պետք է Լաչինի միջանցքի վրա վերահսկողություն ապահովի և հանձնի ռուս խաղաղապահներին։ Այնտեղ պարտավորություններ ունեն Ռուսաստանի Դաշնությունը և ադրբեջանական հանրապետությունը, մենք ուշադրություն ենք հրավիրում այդ փաստի վրա:
Այսօր նաև ռուս խաղաղապահներն են ապահովում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը, դա ոչ մեկը չի վիճարկում, բայց մենք ունենք Փառուխի դեպքերի նախադեպը, երբ ադրբեջանցիները մուտք են գործել ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի, և մենք, ըստ էության, ոչ մի արձագանք չենք տեսել դրա վերաբերյալ։
Ուզում եմ վերադառնալ Խծաբերդի դեպքերին, երբ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում ՀՀ քաղաքացիներ են գերեվարվել։ Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո գերեվարվել են ՀՀ քաղաքացիներ, որոնք առնչություն չունեն ռազմական գործողությունների հետ։ Սրանք հարցեր են, որ ի վերջո մենք հանրությանը պետք է պատասխան տանք, լավ, մենք բերաններս ջուր ենք առած նստա՞ծ, թե՞ այս հարցերով զբաղվում ենք, մենք այս հարցերով զբաղվում ենք, և ես այդ հարցերը ոչ թե ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարի հետ եմ քննարկում, այլ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատարի՝ գերագույն գլխավոր հրամանատարի հետ եմ քննարկում, և դա է ճիշտ ֆորմատը»։
Հարցին՝ ո՞րն է այն կարմիր գիծը, որ չեք ստորագրի խաղաղության պայմանագիրը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ եթե տեքստը չհամապատասխանի Հայաստանի Հանրապետության պետական շահերին․
«Եթե լիներ այդպիսի փաստաթուղթ, կասեի՝ արդեն ստորագրել եմ, կամ վաղը պատրաստվում եմ ստորագրել։ Պրոցեսն ինչպե՞ս է, մենք մեր արձագանքներն ուղարկել ենք Ադրբեջանին և պատասխանը դեռ չենք ստացել։
Խնդիրը միայն խաղաղության պայմանագիր ստորագրելը չէ, այլև դրա իրագործելը, որովհետև կարող ենք խաղաղության պայմանագիր ստորագրել, բայց 1 օր հետո, 3 օր հետո նոր ռազմական էսկալացիա լինի․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում