«Գալու է օրը, որ Արցախը դատապարտության մատնողները, Շուշին Քրիստոսի պես խաչողներն ազգային դաժան դատաստանի են ենթարկվելու». Գրիգոր Ջանիկյան

«Ես՝ որպես հայ մարդ, հայ մտավորական, ինձ երբեք այսքան նվաստացած, վիրավորված չեմ զգացել՝ ինչպես այս շրջափակման ժամանակ: Մենք այժմ ունենք պետականություն, ու թեև Արցախում մեր եղբայրները, քույրերը, մեր պատմական հուշարձանները, սկսած Մեսրոպ Մաշտոցի Ամարասի 5-րդ դարի վարժարանից, պատանդ են, սակայն պետականորեն ոչինչ չի արվում»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախի շրջափակմանը՝ ցավով արձանագրեց գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը:

Հրապարակախոսը հավելեց, որ իշխանությունները նույնիսկ ունեն այնպիսի ներկայացուցիչներ, որոնք այս ծանր վիճակը հեգնում են, ծաղրում են ժողովրդի նվիրական զգացումները՝ հայտարարելով, թե «շրջափակում է, էլի, մի օր կբացվի, մի օր՝ կփակվի»:

«Ես կուզեի, որ այդպես հայտարարողների կանայք, զավակները, հարսները նման շրջափակման մեջ լինեին:

Ես հայկական բանակի սպա եմ, Արցախի ազատագրության վավերագրողն եմ եղել, բայց այժմ ամաչում եմ բարձրանալ Եռաբլուր՝ նայել Վազգեն Սարգսյանի, Մոնթե Մելքոնյանի աչքերին. նրանք ինչ բարձրության հասցրին մեր հայրենիքը, ու մենք ինչ վիճակում ենք այսօր հայտնվել:

Կարդացեք նաև

Արցախում մենք պետք է զգացնել տանք, որ պետականություն ենք, ու այդ պետականությունը կանգնած է իր քույրերի, եղբայրների կռնակին և պաշտպանելու է նրանց արդար իրավունքները:

Որ Արցախն ազատագրվելու է, ես չեմ կասկածում: Գալու է այն օրը, որ Արցախը դատապարտության մատնողները, Շուշին Քրիստոսի պես խաչողներն անպայման ազգային դաժան դատաստանի են ենթարկվելու: Ես ուժ, կորով եմ մաղթում Արցախի եղբայրներին, քույրերին,-  նշեց Գրիգոր Ջանիկյանը՝ հույս հայտնելով, որ ապագան լինելու է մերը, որովհետև հաղթելու է ազատությունն ու արդարությունը, որոնք մարդկային ամենանվիրական իրավունքներն են,- Մենք եղել ենք ռազմի դաշտերում, և ես տեսել եմ՝ այն ժամանակ, երբ մենք դեռևս պաշտոնական բանակ չունեինք, մեր ազատամարտիկները (ես նրանց «արդարամարտիկ» եմ կոչում) ինչպես պայքարեցին, որ մեր ժողովրդի նվիրական նպատակներն իրականացնեն: Այդ ոգին չի մեռել.  գուցե ընկճված է, գուցե տարակուսած է, բայց այդ ոգին անպայման հառնելու է և հաղթելու է»:

Տեսանյութեր

Լրահոս