«Պետք է կրկնենք 1992 թվականի մայիսի 18-ը, այլ տարբերակ չեմ տեսնում». Աշոտ Ավագյան
28-րդ օրն է՝ Արցախը շրջափակման մեջ է գտնվում ադրբեջանցի «բնապահպանների» կողմից, որոնք, ըստ տարբեր հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների անցկացրած ուսումնասիրությունների և հրապարակումների, իրականում ադրբեջանական և թուրքական հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ են:
168.am-ի հետ զրույցում «Սիսական» ջոկատի կամավորական, նկարիչ Աշոտ Ավագյանն ասաց, որ Արցախի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունից որևէ ակնկալիք չունի։
«Երբ ադրբեջանցիներն Արցախում գազը կտրեցին, այդ ժամանակվանից ես գիտեի, որ նման մի բան լինելու է, չգիտեի՝ երբ, բայց հաստատ գիտեի, որ այս օրը գալու է։ Այն ժամանակվանից մշտապես մտածում էի՝ եթե փակեն ճանապարհը, ի՞նչ է լինելու։ Մտածել եմ, որ՝ լավ, գեոպոլիտիկա գոյություն ունի, որից ես գլուխ չեմ հանում, որովհետև տեղեկատվությունը քիչ է, բայց մտածում եմ, որ հայրենիքի համար պայքարող տեսակն այս հասարակության մեջ էլի կա ու պետք է պայքարի։ Որքան էլ քարոզչությունը գնացել է, որ մենք թույլ ենք և այլն, բայց մենք պետք է կրկնենք 1992 թվականի մայիսի 18-ը, այլ տարբերակ չեմ տեսնում։ Ես հրամանատարիս հետ չեմ խոսել, բայց պատրաստ ենք գնալ, թեպետ երկուսիս առողջական վիճակն այն չէ։ Հայաստանի կողմից 1992 թվականին մեր ջոկատն է մտել Բերձոր, մինչև հասանք՝ արցախցիներն արդեն այնտեղ էին»,- հիշեցրեց Աշոտ Ավագյանը։
Ըստ նրա, Բերձորն ազատագրելիս չեն էլ մտածել, որ երբևէ այն կհանձնեն։
«1993 թվականի կեսերից, երբ արդեն ազատագրել էինք Կովսականը, Քարվաճառը, շատ պատասխանատու մարդկանցից, ընդհուպ՝ մինչև Վազգեն Սարգսյանից հետաքրքրվեցի, թե մենք մինչև ուր ենք գնալու, պատասխանեց՝ որքան հնարավոր է, այնքան պետք է հող ազատագրենք, որ հետո «բազարների» ժամանակ որքան մեզ պետք է՝ պահենք։ Որևէ մեկի մտքով չէր անցնում, որ Բերձորն այդպես պետք է հանձնեն»,- շեշտեց Աշոտ Ավագյանը։
Կամավորականը սեփական փորձից ելնելով՝ զուգահեռներ է անցկացնում ու բաղդատում 1992, 2016, այնուհետև 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ հասարակության պահվածքը ու հանգում եզրակացության, որ գրեթե նույնն էր, ինչ այսօր, միշտ էլ հասարակության մի մասն է մտածել ու մասնակցել հայրենիքի համար մղվող պատերազմին։
«Այստեղ ոչ թե հասարակության անտարբերության մասին է խոսքը, այլ նրա, թե ինչպես հասանք այս օրվան, թեպետ հենց սրանք եկան իշխանության, հասարակությանը դարձրեցին անինքնասեր, արժանապատվությունից զուրկ։ Սեպտեմբերին, երբ Սիսիանը ռմբակոծում էին, մարդիկ գնացին, երբ ամեն ինչ ավարտվեց, նրանք վերադարձան ու ապրեցին այնպես, կարծես ոչինչ տեղի չէր ունեցել և այդպես էլ պետք է լիներ։ Այդ ընթացքում մեզ մոտ ավագանու ընտրություններ էին, երբ գնացի մարդաշատ վայր, որտեղ «թամաշայի» մասնագետներն էին, դե, ժողովրդի մի մասսա կա, որ այդպիսին է, երբ ինձ տեսան, ասացին՝ այնքան կռռացիր, մինչև թուրքը հարձակվեց։ Այդ ամբողջ ընտրապայքարի ժամանակ ես ասում էի՝ մենք ունենք թիվ մեկ խնդիր, ջուր քաշել, ասֆալտ անել խնդիրը չէ, առաջնայինը անվտանգության ապահովումն է։
Դաշնակները մշտապես ասում են՝ մահ կամ ազատություն, սա է։ Վիրավոր վարազ տեսե՞լ եք, ու առհասարակ, երբ կենդանուն վիրավորում ես, սկսում է հարձակվել, հիմա մեր վիճակը սա է, կա՛մ այս կողմ պիտի լինենք, կա՛մ այն։ Նույնիսկ մարդ երբ փողոցում կռվում է ու հարված հասցնում, մարդիկ գալիս կանգնում են այդ հարվածողի կողքին։ Մեր փողոցում էլ էր այդպես, ինչքան էլ թույլ լինես, հարվածներին պետք է պատասխանես, որ կողքիդ մարդիկ կանգնեն»,- եզրափակեց Աշոտ Ավագյանը։
Հիշեցնենք, որ Բերձորն ազատագրվել է 1992 թվականի մայիսի 18-ին։
Իսկ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ ու նրանց մեքենաների ուղեկցությամբ հիվանդներից մեկը, որը 4 ամսական երեխա էր՝ տեղափոխվել է Երևան, Երևան է տեղափոխվել ևս մի քանի հիվանդ, սակայն սա խնդիրը չի լուծել։ Ադրբեջանի ահաբեկչական գործողության արդյունքում հիվանդներից մեկը, ցավոք, մահացել է: