Մեկը լինի՝ Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին կրթի, եկել սյունեցո՞ւն են կրթում. Աշոտ Ավագյան

Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ուղղաթիռով մեկնել է Կապան։ Նա կապանցիներին կներկայացնի իր՝ «իրական Հայաստանի» մասին հայեցակարգը, իսկ Աննա Հակոբյանը Կապան է մեկնել «կրթվելը նորաձև է» քարոզն իրականացնելու համար։

Նիկոլ Փաշինյանն արդեն հասցրել է 2 տեսանյութ հրապարակել՝ առաջինը, թե ինչպես է ուղևորվում Կապան, երկրորդը՝ ինչպես են այնտեղ իրեն դիմավորում։

Երեկ 168.am-ը գրել էր, որ այս այցի կապակցությամբ Կապանում հայտարարվել է մոբիլիզացիա։

Բոլոր պետական գերատեսչությունների ու կրթական հաստատությունների աշխատակիցներին հրահանգված է մի մարդու պես նշված ժամին ներկա գտնվել Կապանի մշակույթի տանը, ուր տեղի կունենա Աննա Հակոբյանի կրթարշավի հերթական արարը։

Կարդացեք նաև

Մինչ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը կրթում են ազգին, ադրբեջանական կողմը շարունակում է կրակել Սյունիքի ուղղությամբ, հերթական կրակոցը տեղի է ունեցել երեկ՝ մայիսի 9-ին, Խնածախ գյուղի ուղղությամբ, որի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիք։

Սյունեցի քանդակագործ, ազատամարտիկ Աշոտ Ավագյանի խոսքով՝ կապանցիների մեծ մասը հավանաբար ստիպված կգնա այդ հանդիպմանը, քանի որ շատերն այս կամ այն հասատատությունում են աշխատում, բայց հանդիպումից հետո, երբ տուն գնան, հաստատ Նիկոլ Փաշինյանի ու նրա կնոջ հասցեին լավ բան չեն ասի։

«Ձեզ մի բան ասեմ, այդ հանդիպումներին պատահական մարդկանց չեն հրավիրում, իրենք գիտեն՝ ում են հրավիրում։ Եթե պատահական մարդկանց հրավիրեն, գնան ու հանկարծ իրենց ոչ հաճելի հարցեր տան, ի՞նչ են անելու։ Օրինակ՝ ինձ էլ չեն հրավիրել, որովհետև լավ ծանոթ են իմ կենսագրության վերջին 5 տարիներին։ Բացի այդ, մեկը լինի՝ Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին կրթի, եկել սյունեցո՞ւն են կրթում, հատկապես վաղ միջնադարում կրթությանն ամենամոտ կանգնածը եղել է սյունեցին։

Չեմ բացառում, որ այնտեղ մարդիկ կլինեն, որոնք բերանները բաց կլսեն Նիկոլ Փաշինյանին ու իր կնոջը, հետո դուրս կգան, իրենց խոհանոցներում կասեն՝ լավ է, սրանց հերն էլ անիծած»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աշոտ Ավագյանը։

Ըստ նրա՝ եթե 1-2 տարի առաջ լիներ, հավանաբար կապանցիներից որևէ մեկը հարց կուղղեր Նիկոլ Փաշինյանին, թե, օրինակ, իր «իրական Հայաստանի» անվտանգությունը գոնե ինչո՞ւ չի ապահովում, բայց այսօր դժվար թե հարցնեն, որովհետև իշխանությունն ամեն ինչ արեց, որպեսզի ամրանա իր աթոռին, ու ժողովուրդն էլ սկսեց «գլուխ չդնել» իշխանության հետ։
«Եթե ինձ կամ ինձ նման մեկին կանչեին, այս դահլիճում կհնչեին այլ հարցեր, ոչ իրենց կրթության վերաբերյալ, բայց իրենք հո չե՞ն գժվել՝ ինձ նման մարդկանց կանչեն, այնպիսի մարդկանց են կանչում, որ «շառից ու փորձանքից» հեռու լինեն։

Ես Նիկոլին մեկ հարց ունեմ՝ արա՛, ինչի՞ չես թողնում գնաս, նաև այլ գաղափարական հարցեր կտայի, որոնց պատասխանը դժվար թե ստանայի, բայց իրենց հաճելի չեն նման հարցերը, այսինքն՝ եթե ես գնայի, մի վատ պատմություն էր դուրս գալու, վերջում ստիպված ինձ պետք է բանտարկեին։

Բայց ոչինչ, ինքը մի օր պետք է վերջանա, պետք է գնա, հավերժ չէ»,- ընդգծեց Աշոտ Ավագյանը։

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանն արդեն տևական ժամանակ արշավ է սկսել՝ «կրթվելը նորաձև է» անունով, որին ժամանակ առ ժամանակ միանում է նաև Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով, այսպես կոչված, «իրական Հայաստանի» կոնցեպտը։

Տեսանյութեր

Լրահոս