Միտքն է ծնում իրավունք
Երբ Հայաստանը, Արցախը հայտնվում են գոյաբանական սպառնալիքի առջև, իսկ վերջին տարիներին այդ սպառնալիքը գրեթե մշտական է, մեր հանրային-քաղաքական դիսկուրսում ակտիվանում է «ուժն է ծնում իրավունք» դատողությունը, որի վրա կառուցվում են ծավալուն վերլուծություններ, հայեցակարգեր ու տեսություններ։ Ընդհանուր առմամբ դա հանգում է այն գաղափարին, որ մեր տարածաշրջանում վտանգներից խուսափելու համար անհրաժեշտ է ունենալ հզոր, մարտունակ բանակ և հզոր տնտեսություն։ Դա միանգամայն ճշմարիտ, բայց միևնույն ժամանակ պարզունակ դատողություն է, որն ինքնին վտանգավոր չէ։ Վտանգավոր ու մոլորեցնող է «ուժն է ծնում իրավունք» թեզը հանրային գիտակցության մեջ արմատավորելը։
Դա ամենևին չի նշանակում, թե մեզ անհրաժեշտ չէ մարտունակ, ժամանակակից սպառազինություններով հագեցած բանակ կամ նման բանակ ունենալու թիվ մեկ նախապայմանը համարվող հզոր տնտեսություն։
Ճիշտ հակառակը, այդ նպատակները պետք է հետապնդեն բոլորը՝ քաղաքական վերնախավերից մինչև քաղաքացիներ։ Խնդիրը տվյալ դեպքում «ուժն է ծնում իրավունք» դատողությամբ հանրային միտքն ուղղորդելու վտանգավորությունն է։
Ցանկացած պետություն, իսկ Հայաստանի նման բարդ ու թշնամական տարածաշրջանում գտնվողը՝ առավել ևս, պարտավոր է ունենալ հզոր բանակ ու մարտունակ զինված ուժեր։ Բայց դա բավարար չէ մեր անվտանգային խնդիրները լուծելու համար, որովհետև անգամ տեսականորեն, ասենք՝ առաջիկա հարյուրամյակում 3 միլիոնանոց Հայաստանը չի կարող ունենալ այնպիսի բանակ, որը կարող է դիմակայել 80 միլիոնանոց Թուրքիայից բխող անվտանգային մարտահրավերներին։ Այդպիսի մտածողությամբ առաջնորդվելը նշանակում է Հայաստանը դատապարտել երաշխավորված պարտության։
Իրականության մեջ, ժամանակակից աշխարհում հատկապես փոքր պետություններն իրենց անվտանգային խնդիրները լուծում են ոչ միայն և գուցե ոչ այնքան բանակի հզորությամբ, այլ համարժեք ու ճկուն արտաքին քաղաքականությամբ։
Այլ կերպ ասած, Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար, բացի բանակի հզորացումից (դա անքննարկելի նպատակ է), անհրաժեշտ է այնպիսի արտաքին քաղաքականություն, որը մեր անվտանգությունը կշաղկապի տարածաշրջանային ու համաշխարհային անվտանգային համակարգերին այնպես ու այնքան, որ Հայաստանի դեմ ուղղված ոտնձգությունը կհամարվի նաև այդ համակարգերին ուղղված սպառնալիք։
Այսինքն՝ մենք մեր անվտանգությունը պետք է ինտեգրենք ու բխեցնենք գլոբալ անվտանգային համակարգերին ու դրանցից՝ միևնույն ժամանակ դառնալով ոչ միայն անվտանգության սպառող, ինչպես հիմա, այլ նաև առնվազն տարածաշրջանային անվտանգության մատակարար, ինչպես մինչև 2020 թվականը։
Հետևաբար, մեզ մարտունակ ու հզոր բանակ ունենալուն զուգահեռ, իսկ հնարավոր է՝ նաև դրանից առաջ, պետք է ունենալ գերճկուն, գերինտելեկտուալ արտաքին քաղաքականություն, որը Հայաստանի ներկայիս քաղաքական ու պետական կառավարման համակարգի պայմաններում անհնարին է թվում։ Բայց դա չի նշանակում, թե պետք է դադարել գոնե ապագայի համար նման նպատակադրումից և հանրային-քաղաքական միտքը շարունակել զբաղեցնել «ուժն է ծնում իրավունք» մեղմասացությամբ։
Հայաստանի հզորացման, առաջին հերթին՝ անվտանգության ապահովման բանալին «միտքն է ծնում իրավունք» բանաձևն է, որը, եթե անգամ այսօր գրոտեսկային է թվում, չպետք է դադարի հանդես գալ գոնե որպես ապագայի մտակաղապար։ Այլապես, իրավունքը բխեցնելով ուժից, մենք ընդունում ենք, որ միշտ կարող է գտնվել ուժեղից ավելի ուժեղը, հետևաբար՝ մեզանից ավելի շատ իրավունք ունեցողը։ Իսկ դա հնարավոր է բացառել իրավունքը ոչ միայն՝ ուժից, այլ առաջին հերթին՝ մտքից, ինտելեկտից բխեցնելու պարագայում։
Հարություն Ավետիսյան