Փաշինյանի և նախկինների անվտանգային Հայաստանը. «Չնայած մեր սահմաններին առկա լարվածությանը, Հայաստանը միջազգային խաղաղապահության և անվտանգության ակտիվ ներդրող է»

Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի շրջափակումն Ադրբեջանի կողմից շարունակվում է արդեն 25 օր:

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումն ավելի արդիական է դարձնում միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը:

2022-ի դեկտեմբերի 29-ի կառավարության նիստի ժամանակ էլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրավիճակի հստակ պարզաբանմամբ պետք է հանդես գա Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ավելին, ըստ Փաշինյանի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ Ռուսաստանը պետք է ներկայացնի՝ ո՞րն է Լաչինի միջանցքը վերականգնելու նրա պլանը և ճանապարհային քարտեզը:

«Եթե Ռուսաստանի Դաշնությունն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, կարծում եմ՝ ինքը պիտի քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով օժտելու կամ Լեռնային Ղարաբաղ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի»,- շարունակել էր Փաշինյանը:

Կարդացեք նաև

ՄԱԿ-ը կգնա՞ Ադրբեջանի դեմ. հավանականությունը զրոյին մոտ է

Փաշինյանի՝ դեկտեմբերի 29-ի այս հայտարարությունից հետո ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ազատության» հետ հարցազրույցում տրամաբանական էր համարել Փաշինյանի առաջարկը առ այն, որ Ռուսաստանն ինքը գնա ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և նախաձեռնի սեփական խաղաղապահ ուժերը, այսպես ասած, խառը զորախմբով փոխարինելու գործընթացը:

Այլ հարց է՝ որքանով են Փաշինյանի առաջարկներն իրատեսական: Արսեն Թորոսյանը նկատում է, որ հեշտ չի լինելու հասնել ՌԴ խաղաղապահների միջազգային մանդատի ստացմանը, քանի որ Ադրբեջանի համաձայնության հարց կա:

«Ուրիշ բան, որ կարող է պարտադրող մանդատ լինել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դեպքում: Բայց այդ ժամանակ ՄԱԿ-ը որպես կողմ խառնվում է ռազմական գործողություններին: Այնտեղ տարբեր տեսակի զորքեր կան՝ խաղաղարար, խաղաղապահ, այլ տեսակի միջամտություն է տեղի ունենում, այս պահին մենք որպես երկիր՝ չենք կարողացել սրան հասնել: Եվ ես չգիտեմ՝ մենք կկարողանա՞նք հասնել նրան, որ, կոպիտ ասած, ՄԱԿ-ը գնա Ադրբեջանի դեմ՝ որպես Անվտանգության խորհուրդ: Դրա հավանականությունը, անկեղծ ասած, համարում եմ զրոյին մոտ»,- շեշտել է իշխանական պատգամավորը՝ միաժամանակ հավելելով՝ եթե ՄԱԿ-ում ՌԴ-ն ինքը նախաձեռնի սեփական խաղաղապահ զորախմբին խառը կամ բազմազգ զորախմբով փոխարինելու գործընթացը, չի կարծում, որ մյուս անդամներից որևէ մեկը վետո կդնի։

Դիտարկմանը՝ որքանո՞վ է հնարավոր, որ ՌԴ-ն ցանկանա՝ զորքերը խառնվեն Արևմուտքի զորքերին՝ հաշվի առնելով ՌԴ-Արևմուտք հարաբերությունները, Արսեն Թորոսյանը կրկնել է իր վերևում ասված միտքը՝ կարող է լինել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մանդատ ստանալը ՄԱԿ-ի կողմից։

«Նույնիսկ էդ դեպքում ես քիչ հավանական եմ համարում, և ընդհանրապես Ռուսաստանի Դաշնության կողմից լսվող հայտարարությունների մեջ ես կարմիր թելով նկատում եմ, որ «մեր դաշնակիցներ Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած խնդիրները պետք ա լուծվեն բանակցությունների միջոցով»՝ հաշվի չառնելով մինչ էդ էղած ստորագրությունները եռակողմ հայտարարությունների տակ, և այլն, և այլն»,- հավելել է իշխանական պատգամավորը:

Իսկ թե ինչու Հայաստանն ինքը միջազգային որևէ գործիք չի կիրառում, Արսեն Թորոսյանը պատասխանից խուսափելու ծեծված հնարք էր գտել, թե այդ գործիքների կիրառելիության դեպքերի հարցում խորը մասնագետ չի:

Ի՞նչ է ստացվում՝ ՀՀ իշխանություններն անում են հայտարարություններ՝ լավ իմանալով դրանց ճակատագիրը: Իսկ ինչո՞ւ այս հարցը ՀՀ իշխանությունները չեն դրել նախքան այսօրվա ճգնաժամային իրավիճակը, առնվազն Փառուխի դեպքերից հետո: Նիկոլ Փաշինյանը միայն պահի թելադրանքո՞վ է հայտարարություններ անում, իսկ գուցե սա պատեհ առիթ է՝ պատասխանատվության սեփական չափաբաժնից խուսափելու. Արցախում շրջափակման մեջ մնացած արցախցիները ՀՀ քաղաքացիության անձնագիր ունեն, Նիկոլ Փաշինյանը իր ստորագրությունն է դրել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տակ, որտեղ Լաչինի հետ կապված խմբագրումներ են կատարվել, բնական է՝ ոչ ՀՀ-ի օգտին: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը համաձայնել է դրան:

Ոչ ոք չի ասում, որ ՌԴ-ն չունի պատասխանատվություն, ունի, բայց մենք ասում ենք, որ պատասխանատվություն ունի նաև ՀՀ-ի իշխանությունը:

Անվտանգություն արտադրող երկրից՝ անվտանգություն մուրացող, խաղաղություն պարտադրողից՝ խաղաղություն խնդրող

Նիկոլ Փաշինյանին, որ հաճախ է սիրում խոսել նախկինների թողած ժառանգությունից, պետք է թերևս հիշեցնել, որ ՀՀ-ն անվտանգություն արտադրող երկրից այս տարիներին վերածեց անվտանգություն մուրացողի, խաղաղություն պարտադրողից՝ խաղաղություն խնդրողի: Այսինքն, լավ կամ վատ, ՀՀ-ն կարողանում էր ապահովել իր անվտանգությունը՝ առանց կողմնակի ուժերի, ավելին, բավականին լրջագույն մասնակցություն է ունեցել միջազգային մի շարք խաղաղապահ առաքելությունների: Եվ, ամենակարևորը, նախքան Փաշինյանի իշխանության գալը հաջողվում էր, ըստ էության, ռազմական և ռազմաքաղաքական, ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի հետ համագործակցության հարցերում վարել փոխլրացնող քաղաքականություն:

Այս համատեքստում հիշեցնենք, որ 2015-ին սեպտեմբերի վերջին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովի շրջանակներում իր ելույթում, մասնավորապես, հայտարարել էր.

«Չնայած միջազգային հանրության կողմից զինված հակամարտությունների կանխարգելմանը և դրանց խաղաղ կարգավորմանն ուղղված վիթխարի ջանքերին՝ խաղաղապահությունն ու անվտանգությունը շարունակում են մնալ փխրուն և խոցելի:

Ուրախությամբ եմ նշում, որ չնայած մեր սահմաններին առկա լարվածությանը, Հայաստանի ներգրավվածությունը միջազգային խաղաղապահության ոլորտում աստիճանաբար ընդլայնվում է թե՛ աշխարհագրության, թե՛ քանակական, և թե՛ որակական իմաստով: Հայաստանն այսօր արդեն միջազգային խաղաղապահության և անվտանգության ակտիվ ներդրող է հանդիսանում` կուտակելով զգալի փորձ անցած տասնամյակի ընթացքում:

2004 թվականից հայ խաղաղապահները սկսել են ծառայություն իրականացնել Կոսովոյում, իսկ հետագայում՝ նաև Իրաքում: 2010 թվականից մեր մասնակցությունը բերեցինք Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերին: 2015-ից սկսած այդ երկրում մասնակցում ենք «Վճռական աջակցություն» առաքելությանը և, ինչպես բազմիցս հայտարարել ենք, մեր միջազգային գործընկերների հետ մնալու ենք այնքան, որքան անհրաժեշտ է:

Անցյալ տարի մենք ընդլայնեցինք խաղաղապահ առաքելությունում մեր ներգրավվածությունը: Այժմ արդեն ներկա ենք Լիբանանում տեղակայված ՄԱԿ-ի ՅՈԻՆԻՖԻԼ առաքելությունում: Այս տարվա հուլիսին մեկնարկեց Հայաստանի մասնակցությունը Մալիում գործող ՄԻՆՈՒՍՄԱ խաղաղապահ առաքելությանը: Իսկ բոլորովին վերջերս ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին մեր ապագա մասնակցության և համապատասխան կարողությունների զարգացման ու տրամադրման առումով մենք ստանձնել ենք նոր հանձնառություններ, որոնք են երկրորդ աստիճանի դաշտային հոսպիտալի և կցագրված անձնակազմի նախապատրաստումը և ինքնաշեն պայթուցիկ սարքերի վնասազերծման հատուկ վաշտի պատրաստականության ապահովումը:

Հայաստանի խաղաղապահ կարողությունների ստեղծման և զարգացման պարագայում առանցքային է եղել ԱՄՆ-ի, Հունաստանի, Գերմանիայի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի կառույցների և մյուս անդամ պետությունների դերակատարությունը, ինչի համար հատուկ շնորհակալություն եմ հայտնում:

Միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանումը բոլորի՝ թե՛ մեծ, թե՛ փոքր պետությունների առաջնային պատասխանատվությունն է, իսկ խաղաղապահությունը՝ այդ նպատակին հասնելու գլխավոր միջոցներից մեկը: Այսօր մեզ դեռևս հարկավոր են լրացուցիչ հավաքական ջանքեր` այն առավել ամրապնդելու համար: Ակնհայտ է, որ միայն համապարփակ, համադրված ու կշռադատված մոտեցմամբ է հնարավոր ունենալ խաղաղ և ապահով աշխարհ»:

2015-ին Նյու Յորքում այս ելույթից առաջ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության նիստում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները ներկայացնելիս, առաջարկել էր ստեղծել ՀԱՊԿ խաղաղապահների պատրաստման բազային կազմակերպություն, որի հիմք կարող է լինել ՀՀ ԶՈւ խաղաղապահ ջոկատների պատրաստման կենտրոնը:

Սերժ Սարգսյանը պատրաստակամություն էր հայտնել նաև կիսվել՝ տարբեր օպերացիաներին հայ խաղաղապահների մասնակցության ավելի քան տասնամյա փորձով:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այս երկու ելույթներից, հատկապես նյույորքյանից հետո, Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթն իրենց ղեկավարի սեփական ցանկությունները որպես իրականություն ներկայացնելով՝ չհիմնավորված տպավորություն էր փոխանցել ընթերցողին. 

«Սարգսյանը հույսը կտրել է ՀԱՊԿ-ից ու հիմա էլ արևմտյան խաղաղապահ ուժերին է դիմում: Այնինչ, Դուշանբեում, խոսելով մեր տարածաշրջանի համար անվտանգության սպառնալիք հանդիսացող Ադրբեջանի սադրանքների մասին, նա առաջարկել էր Հայաստանում խաղաղապահ կորպուսի բազայի հիման վրա ՀԱՊԿ խաղաղապահների պատրաստման կենտրոն ստեղծել»:

Եվ ոչինչ, որ այդ ժամանակվա ՀՀ ռազմաքաղաքական և ռազմական ղեկավարությունն անընդհատ խոսում էր փոխլրացնող քաղաքականության մասին:

Նախկինների օրոք Հայաստանի խաղաղարար հավակնոտ առաջարկը ՄԱԿ-ին

Վերադառնալով 2015-ին ՄԱԿ-ի խաղաղապահության գագաթնաժողովում Սերժ Սարգսյանի հայտարարությանը ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին ՀՀ ապագա մասնակցության և նոր հանձնառությունների մասով, հավելենք, որ ՀՀ ՊՆ առաջարկած առաջին ստորաբաժանումը կամ միջազգային չափորոշիչներով ԴԵՐ-2 (Role 2) մակարդակի դաշտային հոսպիտալն իրենից ներկայացնում էր շարժական արագ տեղափոխվող հոսպիտալային համակարգ, որը տեղակայվելու էր վտանգավոր գոտու անմիջական հարևանությամբ, ունենալու էր առաջին մասնագիտական բժշկական օժանդակություն տրամադրելու կարողություն:

Այսինքն, խնդիր էր դրված հիվանդ կամ մարտի դաշտից դուրս բերված վիրավոր անձնակազմի վիճակը կայունացնել` անհրաժեշտության դեպքում իրականացնել անհետաձգելի վիրահատական միջամտություն, և ապահովել նրա ապահով էվակուացիան դեպի հոսպիտալներ` հետագա բուժումն անցնելու նպատակով:

Համակարգն ունենալու էր վիրահատական և կարճատև հոսպիտալացման հնարավորություններ:

«Մեր այս ստորաբաժանումը ստեղծվելու է ԱՄՆ-ի կողմից 2007 թվականին տրամադրված ԻՄԵԴՍ դաշտային հոսպիտալի հիման վրա: Երկրորդ ստորաբաժանումը դա ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորական գումարտակն է, որը այժմ Հայաստանի տարածքում իրականացնում է հումանիտար ականազերծում: Գումարտակը համալրվելու է վերջին տարիներին ահաբեկչական խմբավորումների կողմից լայնորեն կիրառվող ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման տեխնիկայով, անձնակազմն անցնելու է միջազգային չափորոշիչներին համապատասխան վերապատրաստում և տեղակայման դեպքում ապահովելու է միջազգային ուժերի կամ տարածաշրջանի բնակչության անվտանգ տեղաշարժը:

Ստորաբաժանումների պատրաստման համար մենք պլանավորել ենք բավականին հավակնոտ ծրագիր, նախատեսում ենք աշխատանքներն ավարտել 2-3 տարվա ընթացքում: Սակայն ոչ բոլոր հարցերն են կախված հայկական կողմից: Անձնակազմի պատրաստումը պետք է իրականացվի մեր միջազգային գործընկերների աջակցությամբ, ունենք նաև տեխնիկական վերազինման խնդիր, որի լուծման հարցում նույնպես ակնկալում ենք մեր գործընկերների աջակցությունը:

Առաջին փուլում նախատեսում ենք վերապատրաստել գնահատող անձնակազմին, այնուհետև մինչև հիմնական գնահատման զորավարժությունը, ստորաբաժանումները կմասնակցեն մի քանի միջազգային զորավարժությունների:

Նշված երկու ստորաբաժանումներն էլ զուգահեռ հավաստագրում են անցնելու թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ ՄԱԿ-ի կողմից: Ստորաբաժանումների պատրաստումից և հավաստագրումից հետո դրանք կհամալրեն ՄԱԿ-ի այսպես կոչված «Խաղաղապահ կարողությունների պահեստային ուժերը», այսինքն` ՄԱԿ-ը նման ստորաբաժանումների անհրաժեշտության դեպքում կդիմի Հայաստանին դրանք այս կամ այն առաքելության շրջանակներում տեղակայելու խնդրանքով, ինչին Հայաստանը կարձագանքի համաձայն ներպետական ընթացակարգերի: Ստորաբաժանումները կլինեն ճկուն և պատրաստ կլինեն տարածաշրջանային յուրահատկությունների առկայության դեպքում հատուկ նախատեղակայման վարժանք անցնելուց հետո` տեղակայվել ցանկացած տարածաշրջանում»,- 2015-ին Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնել էր այդ ժամանակ ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա 2017-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նիստում հայտարարել էր, որ «ՀԱՊԿ-ը պետք է դրական իմիջ ձևավորի միջազգային ասպարեզում», ինչին փորձում էր նպաստել Հայաստանը: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն առանց ՀԱՊԿ-ին իրազեկելու՝ Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական գործ հարուցեց և հետո միայն հետ կանչեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, դրանով մեծապես վնասեց ՀԱՊԿ-ի հեղինակությանը և ներսում քաոսային իրավիճակ ստեղծեց: Իսկ նման բաները չեն մոռացվում:

Ի դեպ, նշված ելույթում գեներալ Խաչատուրովը նաև զգուշացրել էր, որ միջազգային քաղաքականության մեջ հաստատվում է «ուժեղի իրավունքը»:

«Որոշ արևմտյան երկրներ համառորեն ձգտում են ամեն գնով պահպանել իրենց իշխող դիրքը: Մրցակիցներին չեզոքացնելուն է ուղղված նրանց քարոզչության ամբողջ հզորությունը: Մինչդեռ քաղաքական կատակլիզմների մեղավորները ներկայացվում են որպես զոհեր՝ ռազմատենչ ազգայնամոլություն, կրոնական ծայրահեղականություն որդեգրած ռեժիմները հերոսացվում են և աջակցություն ստանում «թեև նա սրիկա է, բայց մեր սրիկան է» սկզբունքով»,- ամփոփել էր Խաչատուրովը:

Այս սկզբունքը գործում է նաև այսօր, և Հայաստանը այսօր, քան երբևէ, սա պիտի լավ հասկանա, և ըստ այդմ՝ վարի իր արտաքին քաղաքականությունը: Այսինքն, պիտի լինենք բավարար ճկուն և հանդես գանք սեփական շահերից ելնելով: Աշխարհը չի սիրում թույլերին: Թեպետ արդեն ոչ խելամիտ քայլերով այս 4 տարիների ընթացքում հասցրել ենք մեր երկրի համար կարևոր նշանակություն ունեցող երկրների հետ հարաբերություններ փչացրել:

Մինչդեռ, տարիների ընթացքում կուտակած ու դժվարություններով ձեռք բերած անվտանգություն արտադրող երկրի իմիջն ու կարգավիճակը ՀՀ-ն դժվար կարողանա արագ վերադարձնել, հատկապես գործող իշխանության օրոք:

Տեսանյութեր

Լրահոս