«Դիմանում ենք, չենք ընկճվում, խուճապ չկա, բոլորը հասկանում են, որ միասին պետք է հաղթահարենք». Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար
Արդեն 24-րդ օրն է՝ Արցախի Հանրապետությունը դիմակայում է ադրբեջանական շրջափակումը։ Թեպետ առաջին անհրաժեշտության որոշ ապրանքներ իսպառ բացակայում են, սակայն արցախահայությունը չի ընկճվում։
168.am-ի հետ զրույցում Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանն ասաց, որ այս պահին ամենակարևոր խնդիրը կապված է առողջապահության հետ, պլանային վիրահատությունները, որոնք չեն կարողանում իրականացնել, բնականաբար, այդ ամենն ազդում է մարդկանց առողջության վրա։
«Իհարկե, խանութներում ապրանքների պակաս կա, փորձում ենք որոշակի քանակով այդ ապրանքները փոխարինել ու ապահովել։ Այսինքն՝ այս պահին ճգնաժամն այդքան չի խորացել։ Արցախի շրջափակումը երկար տևելու դեպքում ճգնաժամը կսկսի խորանալ։
Այս պահին դիմանում ենք, չենք ընկճվում, խուճապ չկա։ Բոլորը հասկանում են, որ միասին պետք է հաղթահարենք, այդուհանդերձ»,- նշեց Համլետ Ապրեսյանը։
Ըստ նրա, շրջափակման պայմաններում գյուղական վայրերում մի քիչ ավելի հեշտ է, քանի որ բնակիչները հավաքած բերքը կուտակել են, իսկ շաքարավազ, ձեթ շրջվարչակազմը մատակարարում է։
«Սննդի հետ կապված խնդիրները հիմնականում առաջանում են քաղաքային բնակավայրերում և այն ընտանիքներում, որտեղ ձմեռային պաշարներ չեն կուտակել»,- հավելեց Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարը։
Ինչ վերաբերում է Ամանորը նշելուն, մեր զրուցակիցն ասաց, որ տրամադրություն չի եղել, այդ պատճառով էլ մեծ խնջույքներ չեն եղել։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ ու նրանց մեքենաների ուղեկցությամբ հիվանդներից մեկը, որը 4 ամսական երեխա էր՝ տեղափոխվել է Երևան, Երևան է տեղափոխվել ևս մի քանի հիվանդ, սակայն սա խնդիրը չի լուծել։ Ադրբեջանի ահաբեկչական գործողության արդյունքում հիվանդներից մեկը, ցավոք, մահացել է: