Թե ինչպես էր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը 2015 թվականի Բերձորի հայտնի դեպքերի հետքերով առաջարկում ՀՀ-ից ԱԺ պատվիրակություն ուղարկել…

Արդեն 19 օր է՝ փակ է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, միայն երեկ՝ դեկտեմբերի 29-ին է որոշել ստեղծել աշխատանքային խումբ՝ ԼՂ ժողովրդին հումանիտար աջակցություն ցուցաբերելու նպատակով, թեպետ Արցախում բնակվողներն ունեն ՀՀ անձնագիր, ինչը ենթադրում է, որ Հայաստանի ղեկավարությունն առնվազն այս առումով պարտավորություններ ունի նրանց նկատմամբ: Իսկ գլոբալ առումով՝ Լաչինի միջանցքի փակ լինելը զուտ հումանիտար հարց չէ, ինչպես ի սկզբանե միջազգային հանրությանը ներկայացվեց, այլ քաղաքական, որի շրջանակում Ադրբեջանը պայմաններ է առաջ քաշում ՀՀ-ի նկատմամբ:

Ամանորին և Սուրբ Ծննդյան օրերին Լաչինի միջանցքի փակ և Արցախի շրջափակման մեջ լինելու համատեքստում հարկ է հիշեցնել 2015 թվականին հունվարի 31-ին օկուպացված Բերձորում Ժիրայր Սէֆիլյանի ղեկավարած «Հիմնադիր խորհրդարանի» «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության անդամների հետ կապված միջադեպին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի արձագանքը, ընդ որում, բավականին արագ:

Միջադեպից օրեր անց ԱԺ նիստում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե՝ «հունվարի 31-ին Բերձորում հրեշավոր դեպք է տեղի ունեցել, որը լրջագույն հարված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, Արցախի պետականությանը»։

Այնուհետև նա շարունակել էր. «Առաջարկում եմ ՀՀ ԱԺ պատգամավորներից կազմվի պատվիրակություն, որն անհապաղ կմեկնի Ստեփանակերտ, որպեսզի մենք Ղարաբաղի իշխանության ներկայացուցիչների, Ղարաբաղի մեր գործընկերների հետ քննարկենք, թե ինչպես պետք է միջոցներ ձեռնարկել՝ հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած միջադեպի բացասական հետևանքները չեզոքացնելու համար: Ընդ որում, այստեղ կան բացասական հետևանքների ռիսկեր ինչպես ներհայկական, այնպես էլ միջազգային տիրույթում»:

Այսինքն, մասնավոր դեպքի հետքերով Նիկոլ Փաշինյանն առաջարկում էր շտապ պատվիրակություն ուղարկել, մինչդեռ արդեն 19 օր է՝ փակ է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, Արցախը շրջափակման մեջ է, սակայն Նիկոլ Փաշինյանը նման կոչ չի անում։ Ավելին, նույնիսկ իր թիմակիցներին չի գործուղում Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատված:

Նույն անտարբերությունն է 2015թ. այդ միջադեպի մասնակիցների կողմից. Ժիրայր Սէֆիլյանը, չգիտես՝ ինչու, չի գնում պայքարելու, ասենք՝ իրենց չսիրած ռուս խաղաղապահների դեմ և ստիպում ադրբեջանցի «բնապահպաններին» բացել ճանապարհը: Իսկ 2015-ին իրավունք էին բանեցնում, թե մի՞թե «Հայաստանի բնակիչները իրավունք չունեն գնալու Ղարաբաղ»։

Ի դեպ, 2015-ի հունվարի 31-ին կատարվածի մասին հայտարարություն էր տարածել Արցախի ոստիկանությունը՝ տեղեկացնելով, որ «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթը «բացասական արձագանք է ստացել ԼՂ հանրության լայն շրջանակներում, և նրա մի ստվար զանգված որոշել է կանխել ավտոերթի մասնակիցների մուտքը Ղարաբաղ»։

«Հաշվի առնելով նշված հանգամանքները և հասարակական կարգի հնարավոր խախտումները՝ ԼՂՀ ոստիկանությունը վերակարգեր է սահմանել Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու որոշ հատվածներում։ Հանդիպելով ավտոերթի մասնակիցներին` ոստիկանության ներկայացուցիչները բացատրական աշխատանքներ են իրականացրել նրանց հետ՝ հորդորելով ետ կանգնել այդ նախաձեռնությունից, քանի որ այն հասարակական լարվածություն է առաջացրել Արցախում։ Սակայն, ավտոերթի մի խումբ մասնակիցներ, ի հակադարձումն հորդորների, դիմել են հակաօրինական գործողությունների և շարունակել սադրանքները նաև ոստիկանության նախազգուշացումներից հետո: Հնարավոր զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով ԼՂՀ ոստիկանությունը ստեղծված իրավիճակում ստիպված է եղել դիմել համապատասխան գործողությունների` օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում: Ցավոք, կան տուժածներ, որոնց կյանքին, սակայն, վտանգ չի սպառնում»,- նշվում էր Արցախի ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Ի դեպ, այդ ժամանակ մամուլում հրապարակումներ եղան, թե դեպի Բերձոր ավտոերթից առաջ Ժիրայր Սէֆիլյանի և Վիտալի Բալասանյանի միջև հեռախոսազրույց էր տեղի ունեցել, և Բալասանյանը հորդորել էր չկազմակերպել այդ ավտոերթը:

Տեսանյութեր

Լրահոս