«Ովքեր իրապես անհանգստանում են արցախահայության, Արցախի, Հայաստանի վաղվա օրվա համար, այդ մարդիկ N1 պատրաստության վիճակում պետք է լինեն». Մուշեղ Ալավերդյան

Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի ճանապարհը, այսօր արդեն 19-րդ օրն է։ Միջազգային բոլոր կառույցների հայտարարությունները՝ ճանապարհը բացելու վերաբերյալ, Ադրբեջանի կողմից անտեսվում են։

Ադրբեջանական կեղծ «բնապահպանները», որոնք իրականում ադրբեջանական և թուրքական հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ են կամ Ադրբեջանի նախագահի մերձավորներից՝ սրա վերաբերյալ բազմաթիվ փաստեր են հրապարակվել, դեկտեմբերի 12-ից փակ պահելով ճանապարհը, իսկական հումանիտար աղետ են ստեղծել 120 հազար արցախահայերի համար։

168.am-ի հետ զրույցում Քաշաթաղի վարչական ղեկավար Մուշեղ Ալավերդյանն ասաց, որ ռիսկը, որ Բերձորի ճանապարհը կարող է փակվել, միշտ էլ եղել է։

«Պարզապես այդ ռիսկը մինիմալիզացվել է։ Երբ պատերազմը նոր էր ավարտվել, բոլոր արցախցիների համար էլ ճանապարհի փակման ռիսկը մինիմալիզացվեց, երբ հայտնի դարձավ, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրով այդ ճանապարհի անվտանգության երաշխավորը դառնում են ռուսական խաղաղապահ ուժերը։ Այս պարագայում, թե ի՞նչ է կատարվում, ի՞նչ քաղաքական վայրիվերումներ են տեղի ունենում, ու ինչո՞ւ է լռում ռուսական կողմը, ինչո՞ւ է Երևանը լռում՝ մի տեսակ անհասկանալի իրավիճակ է։

Կարդացեք նաև

Ըստ իս, մակերեսային տեղեկատվության հիման վրա որևէ ենթադրություն կամ եզրակացություն անելն ավելի շատ գուշակություն կլինի։ Կարծում եմ՝ իրական իրավիճակի վերաբերյալ սակավ տեղեկատվություն կա, որպեսզի հստակ գնահատականներ տրվեն։ Մեկ բան է հստակ, որ Արցախում 120 հազար արցախցի կա, նրանք այս պահին ադրբեջանական «քաղաքակիրթ» ագրեսիայի պատճառով կենցաղային առաջնային խնդիրները լուծելու հնարավորությունից զրկված են, որոնք նրանց կյանքի ապահովման համար են»,- նշեց Մուշեղ Ալավերդյանը։

Նա դժվարացավ ասել, թե ինչ կարող են անել հայաստանաբնակները, քանի որ չգիտի  հստակ քայլերի հերթականություն, որը կհանգեցնի դրական արդյունքի։

«Առավոտյան արթնանում ենք այդ մտածումներով, առաջինը հեռախոսն ենք վերցնում որևէ տեղեկատվություն ստանալու համար։ Նորից եմ կրկնում՝ այս պահին տրամաբանական քայլերի հերթականություն, որը կհանգեցնի խնդրի լուծմանը, չեմ կարող ասել։ Գուցե դրա համար մտավոր ունակություններս չեն բավարարում, գուցե ինքս քիչ տեղեկատվության եմ տիրապետում, դրա համար չեմ կարող ասել, կամ էլ իրապես իրավիճակը ոչ թե բարդ է, այլ բարդագույն»,- շեշտեց Մուշեղ Ալավերդյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ մեկ ճանապարհ հստակ տեսնում է, ինչպես բանակում են ասում՝ պետք է բոլորը N1 պատրաստության լինեն։

«Բոլոր այն մարդիկ, ովքեր իրապես անհանգստանում են 120 հազար արցախահայության և Արցախի համար, այդ թվում՝ Հայաստանի վաղվա օրվա համար, այդ մարդիկ N1 պատրաստության վիճակում պետք է մաքսիմալ պատրաստ լինեն։ Նրանք պետք է պատրաստ լինեն ցանկացած վիճակի, ընդհուպ, եթե հարցը վերաճի ռազմական պայքարի, պատրաստ լինեն առանց հավելյալ լարվածության կամ գերլարվածության։

Այսինքն՝ մենք պատրաստ պետք է լինենք ցանկացած սցենարի դեպքում՝ միասնական ու միահամուռ պատասխան տալու համար, քանի որ սա կենսական անհրաժեշտության խնդիր է՝ անկախ կուսակցության ու աշխարհաքաղաքական պատկանելությունից։ Այդ հարցը պետք է անհանգստացնի ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին»,- եզրափակեց Մուշեղ Ալավերդյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ ու նրանց մեքենաների ուղեկցությամբ հիվանդներից մեկը, որը 4 ամսական երեխա էր՝ տեղափոխվել է Երևան, Երևան է տեղափոխվել ևս մի քանի հիվանդ, սակայն սա խնդիրը չի լուծել։ Ադրբեջանի ահաբեկչական գործողության արդյունքում հիվանդներից մեկը, ցավոք, մահացել է:

Տեսանյութեր

Լրահոս