Արցախը պահելու համար պետք է պայքարենք, որովհետև այնպես չէ, որ Արցախով սահմանափակվելու են. պատմաբան
Դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակ է պահում Բերձորի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է:
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բաժնի վարիչ, պատմաբան Վարդուշ Մովսիսյանի խոսքով՝ ճանապարհը փակելով՝ թշնամին հիմնականում ուզում է հայաթափել Արցախը՝ ըստ էության արժանացնելով Նախիջևանի ճակատագրին:
«Մենք Արցախը պահելու համար պետք է պայքարենք, որովհետև այնպես չէ, որ Արցախով սահմանափակվելու են Ադրբեջանի նկրտումները, և սա պետք է անհանգստացնի բոլորիս՝ կապ չունի, թե որտեղ ենք ապրում»,- մեզ հետ զրույցում ասաց Վարդուշ Մովսիսյանը:
Խոսելով աշխարհի լռության մասին՝ մեր զրուցակիցը նշեց. «Քաղաքականությունն այնպիսի բան է, որ ժողովուրդների ճակատագրերը, հատկապես փոքր ժողովուրդներինը, շատ քիչ է հետաքրքրում: Դա որպես պատմաբան եմ ասում: Ամբողջ պատմության ընթացքում է այդպես եղել: Երբ 1915 թվականին աշխարհի աչքի առջև ցեղասպանվում էր մի ամբողջ ժողովուրդ, էլի լռում էին և փորձեցին խոսել այն ժամանակ, երբ արդեն Արևմտյան Հայաստանի հայությունը բնաջնջված էր: Այնպես որ, ես չեմ զարմանում աշխարհի լռության համար և չեմ էլ սպասում, որ աշխարհը կխոսի»:
Հիշեցնենք՝ 17 օր է, ինչ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է: Ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի 120.000 բնակչությունը, որից 30.000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ: 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, ճանապարհի արգելափակման հետևանքով տուն վերադառնալու հնարավորություն չունի: Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ: Տրանսպորտային ամբողջական շրջափակումը սպառնում է սննդի, դեղորայքի և վառելիքի պակասով: