«Նիկոլի ընտանիքի անդամին նայելու համար տղաներին հալածում են. գոնե ձեր երեխեքին մի խուրդեք». Արմեն Աշոտյան
«Հայ ժողովուրդը վստահաբար արցախահայությանը մենակ չի թողել: Մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ ստիպված ենք տարանջատում Հայաստանի Հանրապետությունը՝ հայ ժողովրդից: Առաջ ասում էինք, որ հանրապետությունը ժողովրդինն է և ներկայացնում է ժողովրդի շահերը, մոտեցումները, առաջնահերթությունները, հատկապես՝ վերջին տարիներին ստիպված ենք ասում, որ Հայաստանի Հանրապետությունը՝ այսօրվա վիճակում, այն կառավարիչների շուրթերով, ներկայությամբ, ծառայությամբ՝ օտարներին, այլ բան է, հայ ժողովուրդը՝ այլ: Հայաստանի Հանրապետությունն այլևս հայ ժողովրդին չի ներկայացնում արդեն երևի 2-2.5 տարի: Հուսով եմ, 2023թ. Հայաստանի Հանրապետությունը կսկսի ներկայացնել հայ ժողովրդին»,- տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Արմեն Աշոտյանն ասուլիսի անցկացման սրահ հրավիրեց ՀՀԿ անդամներ Միքայել Գրիգորյանին և Վլադիմիր Մանուկյանին՝ նշելով, որ նրանց նկատմամբ իշխանությունները հալածանքներ են սկսել.
«Երեկ Վլադիմիրին լկտի, լպիրշ ձևով դիմակավորված երկու մետրանոց «վերզիլաները», որոնց տեղը Լաչինի միջանցքը բացելն է, եթե այդքան տղա են, ոչ թե Երևանի կենտրոնում 18 տարեկան ուսանողին առևանգելը, այդ «վերզիլաները» զբաղված էին երեկ «հերոսական» օպերացիայով: Իսկ Միքայելին, արդեն մի քանի օր է, օպերատիվ համարներով մեքենայով հետևում են: Այս տղաներին հալածանքների են ենթարկում, բիրտ ուժի են ենթարկում այն բանի համար, որ հանդգնել են հայտնվել միևնույն վայրում Նիկոլ Փաշինյանի ավագ դստեր հետ: Այսպիսին է մեր իրականությունը: Այս տղերքը մենակ չեն, նրանց մեջքին է ոչ միայն իրենց երիտթևը, իրենց ընկերները, ՀՀԿ-ն, ոչ միայն ՀՀԿ-ն, հայ հասարակության առողջ հատվածը, խիղճը չկորցրած մարդիկ, և այս էժան գործելաոճը պարզապես հերթական անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը, բացի նրանից, որ անընդհատ կորուստների մեջ է, այլև մի ընտանիքի ձեռքերում է, որն այլևս կորցրել է ադեկվատության, իրականության հետ առերեսվելու բոլոր հնարավոր աղերսները»:
Նա դիմեց Փաշինյանի ընտանիքին. «Լավ, չեք սիրում ուրիշների երեխեքին, տանում եք՝ սպանում եք, թողնում եք գերի, սարքած պատերազմների եք տանում՝ զոհաբերում եք, ուրիշների երեխեքին չեք սիրում, դրա պատասխանը կտաք, լավ, գոնե ձեր երեխեքին սիրեք, գոնե ձեր երեխեքին հեռու պահեք քաղաքականությունից, գոնե ձեր երեխեքին մի խուրդեք ձեր էժան, հիվանդագին, չստացված կյանքի ելևէջներում, թողեք թող ձեր երեխեքը շանս ունենան, հեռու պահեք իրենց քաղաքականությունից»:
Արմեն Աշոտյանը նշեց, որ իրավական հետևանք ենթադրող որևէ միջադեպ տեղի չի ունեցել Փաշինյանի դստեր և հանրապետական երիտասարդների նույն վայրում գտնվելու ժամանակ. «Եթե տեղի ունեցել է որևէ բան, որը պետք է ենթադրեր իրավական հետևանք, դրա համար պետք է մեղադրանք առաջադրեն, ոչ թե՝ զենքի ապօրինի կրել, կամ տաքսու միջից 18 տարեկան ուսանողին տաքսիստի հետ 6-րդ վարչության աշխատակիցներն իջեցնեն, տանեն, փորձեն հոգեբանական ճնշումների, կտտանքների և շանտաժների ենթարկել: Այդ երկու մետրացնող «վերզիլաները», որոնք, լավ, Լաչինի միջանցքը չեն կարողանում բացեն, գոնե գնան՝ Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականում խաղան, եթե այդպես ուժեղ, բոյով, ջանով տղերք են: Թող ավելի հանրօգուտ աշխատանքով զբաղվեն, ոչ թե Նիկոլի ընտանիքի անդամների, որոնց Նիկոլը դարձրել է քաղաքականության էլեմենտ, պաշտպանելու»: