Տրված է համազգային պայքարի նոր փուլի մեկնարկը. Խոսրով Հարությունյան

Ստեփանակերտում դեկտեմբերրի 25-ի հանրահավաքի կարևորութունը թշնամու սադրանքներին դիմագրավելու արցախցիների անկոտրում կամքի դրսևորումից զատ կայանում էր նրանում, որ ԱՐՑԱԽՑԻՆ ի լուր ողջ հայության հռչակեց ազատագրմանը և պետականությանը տեր կանգնելու իր նվիրական խոստման և անխախտ պարտավորության՝ ԱԶԳԱՅԻՆ ՈՒԽՏԻ մասին:

Այդ առումով այդ հայտարարությունն անշուշտ պատմական է:

Ավելին, արցախահայության այդ հայտարարությամբ տրվում է ազգային ազատագրական պայքարի նոր փուլի մեկնարկը:

Այդ պայքարը մեկնարկում է անհամեմատ բարդ և հայության համար ոչ շահեկան աշխարհաքաղաքական և անվտանգային պայմաններում:

Այս իրողությունը պահանջում է հայ ժողովրդի բոլոր հատվածների կարողությունների համախմբում և, որն ավելի կարևոր է, այդ կարողությունների արդյունավետ օգտագործումն ապահովելու նպատակով գործողությունների համակարգում:

Վերջինս իրականացնելու համար անհրաժեշտ է մտածել համազգային համակարգող կենտրոնի կամ մարմնի ձևավորման մասին:

Ըստ իս նման մարմնի համար որպես հենք կարող է ծառայել Համահայկական Հիմնադրամը՝ գործադիր մարմնի կազմի որոշակի փոփոխություններով:

Հրամայական է նաև Հայաստանի ժողովրդի և սփյուռքի անհետաձգելի և զանգվածային սատարումն ու միացումը Արցախի ազատագրման Ազգային Ուխտին՝ նույնպիսի հուժկու և համախմբված մասնակցությամբ:

Արցախահայությանը սատարող արձագանքը պետք է լինի նաև ազգային միասնության և սպառնալիքներին համախմբված (առանց բաժանարար գծերի) դիմագրավելու պատրաստակամության փաստացի դրսևորում:

Յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի.

-Արցախը հայության սրբավայրն է և այցելությունն Արցախ յուրաքանչյուրի հայի համար պետք է ընկալվի որպես ուխտագնացություն:

-Այս դժվարին պայմաններում Արցախում ապրելը դա պատմանական առաքելություն է: Արցախում ապրող յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի, որ ապրելով և արարելով Արցախում նա իրականացնում է ապագա բոլոր ժամանակներում ողջ հայության լինելիության ապահովման իր պատմական առաքելությունը:

Խոսրով Հարությունյան
26.12.2022թ

Տեսանյութեր

Լրահոս