Ի՞նչ տվեց ՄԱԿ ԱԽ-ում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի քննարկումը Երևանին

Երևանի դիմումի համաձայն, ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստում քննարկվեց Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամային իրավիճակը:

Ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին դիմած ՄԱԿ-ում Հայաստանի և Ադրբեջանի մշտական ներկայացուցիչները, ինչպես նաև Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Չինաստանի, Նորվեգիայի, Իռլանդիայի, Ալբանիայի, աֆրիկյան մի քանի երկրների, ԱՄԷ-ի և Հնդկաստանի ներկայացուցիչները:

Բոլոր հայտարարություններում հստակ էր միայն մեկ կոչ՝ Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքն անհապաղ պետք է ապաշրջափակվի, այլապես հեռու չէ հումանիտար աղետը: Սակայն հասցեական կոչերի տեսանկյունից ՄԱԿ ԱԽ այս նիստը բացասական առումով տարբերվեց այն նիստից, որը Հայաստանի ներկայացուցիչը նախաձեռնել էր Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նախորդ նիստի ընթացքում առավել շատ հասցեական ու հստակ հայտարարություններ հնչեցին, քան այս անգամ, և դա՝ այն դեպքում, երբ հստակ է, թե ով է կազմակերպել կեղծ բնապահպանական ակցիայի փաթեթավորմամբ շրջափակումը՝ 120 հազարանոց Արցախի բնակչությանը լիովին կտրելով արտաքին աշխարհից:

Դեկտեմբերի 21-ին կայացած ՄԱԿ ԱԽ նիստում քիչ թե շատ հասցեական հայտարարություններով հանդես եկան Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, Նորվեգիան, Իռլանդիան և պաշտոնական հայտարարությունում Մեծ Բրիտանիան: Այս երկրների հայտարարություններում կար հստակ կոչ, որ միջանցքը պետք է ապաշրջափակի Ադրբեջանի կառավարությունը: Մնացած բոլոր դեպքերում հնչում էին անհասցե կամ բոլոր կողմերին ուղղված լղոզված կոչեր:

ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի ելույթը որևէ նորություն չէր պարունակում, կրկնում էր օրերս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի անդրադարձը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին: Իհարկե, եղավ մի քանի նոր նախադասություն, որոնցից մեկն այն բացահայտումն էր, թե միջանցքի երթևեկությունը մասնակի վերականգնվել է:

Ուշագրավ նոտաներ կային Չինաստանի ներկայացուցչի ելույթում. Չինաստանը ողջունեց ՌԴ ջանքերը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ: Նա հավելեց, որ Չինաստանը խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին ՌԴ-ի և այլ կողմերի միջնորդությամբ լուծել իրենց միջև վեճերը՝ ելնելով հարաբերությունները կարգավորող միջազգային իրավունքից։ «Ցանկացած ջանք, որը նպաստում է սրան, կառուցողական դեր կկատարի»,- նշեց Չինաստանի ներկայացուցիչը։
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը մանրամասն ելույթ ունեցավ, ներկայացնելով հումանիտար իրավիճակն ու Ադրբեջանի նպատակները: Ելույթի եզրափակիչ հատվածում նա կոչով դիմեց ՄԱԿ ԱԽ-ին՝

  • պահանջել Ադրբեջանից լիովին հարգել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և անհապաղ ու անվերապահորեն ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ վերացնելով ապահով, անվտանգ և անարգել տրանսպորտային հաղորդակցության համար բոլոր խոչընդոտները,
  • Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում տեղակայել փաստահավաք առաքելություն տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար,
  • ՄԱԿ համապատասխան մարմինների համար ապահովել անարգել հումանիտար հասանելիություն Լեռնային Ղարաբաղ:

«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ աշխարհակարգի փլուզման պայմաններում նման հարթակներում քննարկումների կարևորությունը չպետք է գերագնահատել, ինչպես նաև թերագնահատել: Ըստ նրա, Հայաստանի համար դրական է, որ իր դիմումի հիման վրա կազմակերպվեց քննարկում, հարցը հնչեց միջազգային նման հարթակում, ավելի մեծ հնչեղություն ստացավ:

«Նման քննարկումներն ինֆորմատիվ են նաև այն առումով, որ հստակ ցույց են տալիս, թե քննարկում հրավիրող կողմն ինչ աշխատանք է իրականացրել նախնական, և ընդհանուր առմամբ ինչ աշխարհաքաղաքական իրավիճակ է այդ խնդրի շուրջ: Տեսանք, որ Հայաստանին հաջողվեց քննարկում հրավիրել, բայց միևնույն ժամանակ ակնհայտ դարձավ, որ խուսափում են անել Ադրբեջանի դեմ հայտարարություններ: Խնդիրն այն է, որ աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում այս հարթակները որևէ հարց չեն լուծում, քանի որ միջազգային հարաբերությունների մեզ հայտնի համակարգն իր դերակատարներով, կառույցներով այլևս չկա, լիովին այլ մեխանիզմներ են այսօր գերիշխում, և հենց դրանից էլ օգտվում է Ադրբեջանը՝ շեշտը դնելով ուժային բաղադրիչի վրա, զուգահեռաբար հասկանալով, որ այս կառույցներն այսպես թե այնպես երբեք հարավկովկասյան ռեգիոնում խաղացող չէին եղել ու չեն»,- ասաց վերլուծաբանը՝ հավելելով, որ ազդեցություն ունեն այսօր իրական ուժ, ներկայություն ունեցող երկրները, որոնցից մեկը Ռուսաստանն էր, որն այսօր աննախադեպ իրավիճակում է և արձագանքման ավանդական մեխանիզմները չի կարողանում աշխատեցնել:

Իր հերթին՝ ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ այս քննարկման իրական արդյունք կարելի է համարել այն, որ ՄԱԿ-ի համար ընկալելի դառնա ՀՀ կոչը և ՄԱԿ-ն անցնի հստակ գործողությունների: Առանց գործողությունների, նրա խոսքով, սա քննարկում է, խնդրի բարձրաձայնում, որն աշխարհաքաղաքական այս լարված ու առաջնահերթ կարևորության ընկալում ունեցող խնդիրների կողքին  պակաս կարևոր հարց է:

«Սակայն, եթե ՄԱԿ-ում հասկացել են խնդրի հրատապությունը, պետք է այս ամենին հետևի գործողություն, բացի կոչերից ու հայտարարություններից: Իսկ կոչեր ու հայտարարություններ, վստահաբար, Հայաստանը շատ է լսել, դրանց գործնականությունն է կարևոր: Սակայն մեծ կասկածներ ունեմ, որ այդ բաղադրիչը կապահովվի Լաչինի միջանցքի թեմայի շուրջ, թեև ՄԱԿ-ն այս հարցում ունի գործունեության լայն դաշտ»,- նկատեց նա:

Տեսանյութեր

Լրահոս