ՀՀ իշխանություններն անգամ ՀՀ սահմանները չեն պաշտպանում, ուր մնաց՝ Լաչինը պաշտպանեն, կամ Արցախի ժողովրդի իրավունքները. թուրքագետ
«Ադրբեջանցիները տեսան, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրն այս պահին անիրագործելի է, Լաչինի միջանցքը փակելու քայլին դիմեցին: Տպավորություն է, որ իրենք կարծես համագործակցում են մեր կառավարության հետ. հատկապես այն անգործությունը, որն այս հարցում դրսևորում է մեր ողջ կառավարությունը, դրա մասին է վկայում»,- 168.am-ի հետ զրույցում վերջին իրադարձություններին անդրադառնալով՝ նշեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը:
Թուրքագետը շեշտեց, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը ոչ միայն Սյունիքում միջանցք ունենալն է, այլև Սյունիքին տիրանալը, իսկ այդ հարցում հակաուժեր համարեց Ռուսաստանին և Իրանին՝ նկատելով, որ նրանց ազգային շահերին հակասում է նման սցենարի իրագործումը:
Նրա համոզմամբ՝ հենց այս պատճառով է, որ Լաչինի միջանցքի դրվագն է գործարկվել՝ դրանով փորձելով տարածաշրջանից դուրս բերել Ռուսաստանը, վարկաբեկել ռուս խաղաղապահներին:
Դիտարկմանը, թե իշխանությունները դիվանագիտական մի շարք քայլերի են դիմել այս ընթացքում՝ ահազանգել ՄԱԿ ԱԽ, ՄԻԵԴ, և հարցադրմանը՝ արդյո՞ք նոյեմբերի 9-ի պայմանագրով ՀՀ իշխանությունների քայլերը սահմանափակված չեն այդ հարցում, Տիրան Լոքմագյոզյանն արձագանքեց. «Նախ սկսենք նրանից, որ Հայաստանն իրեն հռչակել է Արցախի անվտանգության երաշխավոր. եթե այսօր ոչ մի բան չի անում, նշանակում է՝ առաջին հերթին իր պարտականությունը չի կատարում: Չի՛ կարելի պարտավորությունները միայն խաղաղապահ ուժերի վրա դնել:
Իմիջիայլոց, խաղաղապահ ուժերը չեն գալիս ու կռվում ինչ-որ մեկի կողմից՝ մյուսի դեմ. աշխարհում նման բան չկա, խաղաղապահ ուժերն աշխարհի ոչ մի տեղ նման մանդատ չունեն: Ռուս խաղաղապահներն ընդհանրապես մանդատ չունեն եվրոպական պետությունների կողմից. եթե ՀՀ իշխանությունները լուրջ քայլեր ուզենային անել, ոչ թե պետք է գնային մուրացիկի նման սրանից-նրանից ինչ-որ բան մուրային, այլ համոզել փորձեին աշխարհին, որ ռուսական խաղաղապահ ուժերը մանդատ ստանան: Եթե այդ մանդատը ստանան, նրանք այլ քայլերի կարող են դիմել:
Իսկ այսօր Ադրբեջանը միտված է նրան, որ դրդեն խաղաղապահներին որևէ կերպ զենք օգտագործել, իսկ եթե այնտեղ ռուս զինվորը զենք օգտագործի, կստացվի, որ ռուսն արդեն կողմ է, և չի կարող խաղաղապահ լինել, և պետք է դուրս գա»:
Ի դեպ, մեր զրուցակիցը Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում նշեց ոչ միայն դիվանագիտական ռեսուրսների գործածումը, այլև չբացառեց ռազմական ներուժի հնարավորությունները:
«Ինչպես որ Թուրքիան է արել և անում՝ ասելով, թե, օրինակ, իմ ազգակիցները, իմ թուրքմեն ազգակիցները վտանգի են ենթարկված, ապա զինվորական ուժով մտնելով այս ու այն երկիր՝ անգամ այն դեպքում, եթե գործում են պայմանավորվածություններ, կամ կան այլ ուժեր: Փաստ է նաև, որ թուրքական ռազմական ուժերը մասնակցել են Արցախի դեմ պատերազմին: Սա ցույց է տալիս, որ դու կարող ես շատ բան անել, եթե ուզում ես, բայց ՀՀ իշխանություններն անգամ ՀՀ սահմանները չեն պաշտպանում, ուր մնաց՝ Լաչինը պաշտպանեն, կամ Արցախի ժողովրդի իրավունքները»,- մանրամասնեց նա:
Ի դեպ, այսօր նաև տեղեկացրել էինք, որ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջ. Բաղջըն այցելել է Շուշի-Ստեփանակերտ ճանապարհի փակված հատվածը: