Լաչինի միջանցքում Ռուսաստանը երկու ելք ունի, երկուսն էլ՝ բացասական հետևանքներով․ Խրամչիխին
ՌԴ ՊՆ-ն Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հերթական հայտարարությամբ է հանդես եկել։ Նախօրեին տարածված հայտարարությունում ասվում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով երթևեկությունը վերականգնելու համար։ Հաղորդագրությունում ասվում է նաև, որ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։
Նշենք, որ օրերս ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ ստեղծված ճգնաժամին անդրադարձել էր նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա մասնավորապես նշել էր, որ Մոսկվան ակնկալում է տրանսպորտային կապերի վերականգնում ամենամոտ ապագայում։
«Մենք մտահոգված ենք Լաչինի միջանցքի արգելափակմամբ, որը պայմանավորված է հանքավայրերի շահագործման հարցերի շուրջ կողմերի տարաձայնություններով»,- հայտարարել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ իրավիճակի թուլացման համար Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և խաղաղապահ զորակազմը այս օրերին ակտիվ աշխատանքներ են տանում, և Մոսկվան ակնկալում է «տրանսպորտային կապի լիարժեք վերականգնում ամենամոտ ժամանակներս»։
Մարիա Զախարովան հատուկ ընդգծել էր, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը գտնվում է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ:
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրելիս կողմերը համապատասխան պարտավորություն են ստանձնել, որոնց պետք է անշեղորեն հետևեն»,- հայտարարել էր ռուսաստանցի դիվանագետը՝ անթույլատրելի համարելով քաղաքացիական բնակչության համար խնդիրներ ստեղծելը:
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 12-ին՝ Լաչինի միջանցքի «փակման» օրը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Իլհամ Ալիևի հետ, ապա՝ Նիկոլ Փաշինյանի հետ։
168․am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ խաղաղապահներն ունեն առաքելություն՝ ապահովել միջանցքի անխափանությունը։ Սակայն, ըստ նրա, այն ապահովելու ձևերը շատ տարբեր են, և եթե տևական ժամանակ պարզապես բանակցությունները չեն օգնում, խաղաղապահներն ունեն իրավունք ինչ-որ ձևով վերականգնելու երթևեկությունը և կապը։
«Սակայն խնդիրն այն է, որ ռուսական կողմի համար բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել, որի երկու ելքերն էլ բացասական կարող են լինել հենց Ռուսաստանի ներկայության համար։ Եթե Ռուսաստանը չի բացում ճանապարհը, դա հեղինակազրկում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտին ու ըստ էության դրանով ավելորդ դարձնում կոնտինգենտի ներկայությունը, եթե այն չի կարողանում դրված խնդիրը լուծել։ Երկրորդը՝ ռուսական կողմը որոշում է ուժային եղանակով բացել միջանցքը, որին անմիջապես հետևելու է Ադրբեջանի կողմից պահանջ՝ ռուսական խաղաղապահների դուրսբերման Լեռնային Ղարաբաղից իրենց տեղակայման ժամկետից շուտ։
Թերևս, նույնիսկ պետք չէ բացատրել, որ ռուսական խաղաղապահների տեղակայման առաջին իսկ օրվանից Ադրբեջանն իր այս նպատակը չի թաքցրել՝ խաղաղապահների ներկայությունը համարելով լուրջ խոչընդոտ՝ իր վերջնական նպատակներին հասնելու ճանապարհին։ Ուստի Ռուսաստանն ինչ որոշում էլ կայացնի, այն ՌԴ-ի համար բարդ հետևանքներ է ունենալու և ունենում»,- ասաց վերլուծաբանը։
Նա նաև պարզաբանեց, թե ինչու է հնարավոր դարձել այս իրավիճակը Ռուսաստանի համար։
«Գլխավոր թելադրող պատճառը, իհարկե, Ռուսաստանի աշխարհաքաղաքական իրավիճակն է՝ պատերազմական իրավիճակը, Արևմուտքի հետ աննախադեպ բասացական հարաբերությունները, որոնք է՛լ ավելի անհրաժեշտ են դարձրել Ռուսաստանի համար մի շարք ոչ այդքան խնդրահարույց միջազգային հարաբերությունները, ինչպիսին են Թուրքիայի հետ հարաբերությունները, Ադրբեջանի, Իրանի, Հայաստանի հետ հարաբերությունները։ Սա այնպիսի փուլ է, երբ Ռուսաստանը ստիպված է լինում շատ զարգացումներ չնկատելու տալ, քանի որ ստեղծված իրավիճակից օգտվողները շատ են, իսկ ելքերի հնարավորությունները՝ քիչ։
Ուստի Ռուսաստանը ստեղծված իրավիճակից ավելի մինիմալ կորուստներով կարող է դուրս գալ առանց ուժային ազդեցության միջանցքը բացելով։ Սակայն հանգամանքը, որ այն ձգձգվում է՝ ևս մեծ խնդիր է խաղաղապահների հեղինակության համար»,- ասաց Խրամչիխինը։