Կոնգրեսականը կոչ է անում ԱՄՆ-ին իրական քայլեր ձեռնարկել ու զսպել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ շարունակվող ագրեսիայի առնչությամբ։ Այս մասին ասվում է կոնգրեսականի տարածած հայտարարության մեջ։
«Ադրբեջանը փակել է միակ ճանապարհը, որն Արցախը կապում է Հայաստանի հետ և որն օգտագործվում է սննդամթերք, դեղորայք ու այլ կենսական նշանակության ապրանքներ տեղափոխելու նպատակով։ Դրա հետևանքով լրջորեն վտանգված է Արցախի 120 հազար հայերի կյանքն ու տարածաշրջանում խաղաղության հեռանկարը։
Միջազգային հանրությունը պետք է միանշանակ դատապարտի այս աղաղակող սադրանքն ու ձեռնարկի հնարավոր ու անհրաժեշտ ամեն քայլ՝ աջակցելու հայ ժողովրդին այս կրիտիկական իրադրության պայմաններում։ Միացյալ Նահանգները մասնավորապես պետք է առաջնորդող լինի նման ջանքերում և իրական քայլեր ձեռնարկի՝ զսպելու Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան՝ սկսելով 907-րդ լրացումը կյանքի կոչելով»,- նշել է Շերմանը։
Նա ընդգծել է, որ չնայած սա հայ համայնքի համար 2020 թվականի պատերազմից հետո հերթական դժվար պահն է, սակայն հայ ժողովուրդը տոկուն է և վճռական։ «Ես մշտապես կանգնած կլինեմ Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին՝ շարունակելու մեր պայքարը և վերջ տալու Հայաստանի ու Արցախի դեմ հարձակումներին»,- եզրափակել է ԱՄՆ կոնգրեսականը։