Չենք ամաչում․․․

Բարոյականությունը, որ առավել հաճախ անհատական բնութագրիչ է, հատուկ է նաև հասարակություններին, առնվազն այնքանով, որ ցանկացած հանրույթ անհատներից բաղկացած օրգանական ամբողջություն է։ Դա նշանակում է, որ հասարակությունն էլ, մարդու հանգույն, կարող է լինել բարոյական և հակառակը։ Գնահատման չափանիշները, իհարկե, խիստ հարաբերական են և հեղհեղուկ։ Բայց սովորական պայմաններում դրսևորվող հարաբերականությունը խիստ որոշակիանում է ֆորսմաժորների ժամանակ, երբ ամենատարրական բարոյական իմպերատիվները  տեսական, դատողական հարթությունից իջնում են գործնական կյանք՝ կանխորոշելով անհատական և հանրային վարքագծային նորմերն ու մոդելները։

Արդեն չորրորդ օրն է՝ Արցախը գտնվում է հումանիտար աղետի պայմաններում, հարյուր հազար մեր հայրենակիցներ ապրում են տարրական կենցաղային պայմանների սղությամբ, ամեն ժամի հետ նվազում են վառելիքի, սննդամթերքի, դեղորայքի պաշարները, տասնյակից ավելի հիվանդներ պայքարում են կյանքի համար․․․ Արցախի հումանիտար ճգնաժամի ամենախիստ բնութագրիչը, սակայն, թվարկված ու այլ պակասությունները չեն, որոնք արցախցիները հաղթահարում են արժանապատվորեն։ Ամենասարսափելին անորոշությունն է, որը մրսեցնում է բքից ավելի ու առաջացնում է սննդային անոթիությունից բազմապատիկ ուժեղ հոգևոր քաղց։ Ահա այս պայմաններում են ապրում մեր հայրենակիցներն այսօր, ճիշտ նույն պահին, երբ Երևանը ծփում է ամանորյա լույսերի մեջ, իսկ փողոցները ողողված են մայրաքաղաքային կյանքի անհոգությամբ։

Երևանն ապրում է այնպես, ինչպես չի կարելի ապրել այն պայմաններում, երբ հայրենակիցներդ գտնվում են թշնամական պաշարման մեջ։ Ասվածը չի նշանակում, որ Երևանը կամ Հայաստանի մնացած բնակավայրերը պետք է դադարեին ապրել։ Ոչ։ Բայց Արցախում տեղի ունեցողը հաշվի առնելով՝ կարելի էր ու է՛, ի նշան համերաշխության, թեկուզ ցուցադրաբար մի քանի օր հրաժարվել բնականոն կյանքի իմիտացիա ապահովող պերճանքից։ Հանրապետության հրապարակի տոնածառի ու պատերի լույսերն անջատելը տեխնիկապես դրա ամենահեշտ ճանապարհն է։ Շատ ավելի դժվար է անջատել հազարավորների մտքում առկայծող սպառողական լապտերները, որոնք սնուցվում են արցախցիներին մոռացվածության մատնելու սեփական ու իշխանական անմարդկայնության արդարացումներով։

Հայաստանում անհետացել է ամոթը՝ ամենապարզ, ամենամարդկային ամոթը, որը անհատական ու հանրային բարոյականության հիմնասյուներից մեկն է։ Մենք ահա ապրում ենք առանց այդ հիմնասյան՝ մեզ մոլորեցնելով, թե առանց դրա օդից կախված վերնաշենքը ինչ-որ հրաշքով կարող է չփլվել։ Ամոթի բացակայությունն ամենուր է՝ անհատական, կենցաղային մակարդակից՝ մինչև իշխանական աշխատասենյակներ։ Տարբեր են սոսկ դրսևորումները։ Շարքային ոստիկանը՝ առանց մարդկային ու մասնագիտական ամոթի, պաշարում է տոնածառը, շարքային վարչապետն էլ՝ առանց սեփական ու պետական արժանապատվության, բարբաջում է ադրբեջանցիների համար ճանապարհներ բացելու պատրաստակամության մասին այն պահին, երբ ադրբեջանցիները փակել են արցախցիների կյանքի ճանապարհը։ 

Կարդացեք նաև

Ամոթը՝ որպես անհատական ու հանրային կյանքի ինստիտուտ, մարդուն ու հասարակությանը զսպում է արատներին տրվելու գայթակղությունից։

 Անամոթությունը, ահա, ճանապարհ է բացում բոլոր արատների համար՝ ինչպես անհատական, այնպես էլ՝ հանրային ու պետական մակարդակներով։ Ամոթը նաև, հիշողության հետ մեկտեղ, մեզ կենդանիներից զատող հատկանիշներից է։ Ու երևի պատահական չէ, որ այն կորցնում ենք հիշողության կորստին ուղիղ համեմատական արագությամբ։

115 տարի առաջ Հովհաննես Թումանյանը նաև այսօրվա մասին գրում էր՝ «Անկեղծ չենք»։ Եթե նա ապրեր մեր օրերում, երևի նաև ասելու էր՝ Չենք ամաչում…

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս