Ինչպե՞ս է հակադարձել Աննա Վարդապետյանն Ադրբեջանի դատախազին
ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ դեկտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի մասնակցությամբ:
Այս մասին հաղորդագրություն տարածեց ՀՀ գլխավոր դատախազությունը:
Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը նման ձևաչափով հանդիպում նախաձեռնելու նպատակով ներդրած ջանքերի համար և հույս հայտնել, որ այս հանդիպումը հնարավորություն կտա արձանագրելու կոնկրետ արդյունքներ, կծառայի Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ հումանիտար պահանջների լիարժեք կատարմանը:
Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ Հայաստանի համար առաջնահերթություն է եռակողմ հայտարարությամբ ամրագրված մարդասիրական պահանջների կատարումը, մինչդեռ դրանք Ադրբեջանի կողմից մինչ օրս լիարժեք կատարված չեն:
Այս համատեքստում Վարդապետյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունն ամբողջությամբ կատարել է 8-րդ կետի՝ «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքն ամրագրող պահանջները:
«Հայտարարության ստորագրումից երկու տարի անց Ադրբեջանի Հանրապետությունում շարունակում են պահվել հայ ռազմագերիներ: Ադրբեջանի այս վարքագիծը ոչ մի կերպ չի նպաստում եռակողմ հայտարարության նպատակների իրականացմանը»,- շեշտել է Աննա Վարդապետյանը:
Ադրբեջանցիների՝ հանդիպման վերաբերյալ տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ, սակայն, նշվում էր, որ ադրբեջանական կողմը հանդիպման ընթացքում քննարկել է «դեպի Ղարաբաղ անլեգալ ուղևորությունների և Ադրբեջանի բնական ռեսուրսների շահագործման անթույլատրելիության» հարցերը:
168.am-ը Գլխավոր դատախազությունից գրավոր հարցմամբ ցանկացել էր ստանալ հետևյալ հարցերի պատասխանները՝
Ի՞նչ համատեքստում են քննարկվել այս երկու թեմաները:
Ի՞նչ է պատասխանել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ադրբեջանի գլխավոր դատախազին, մասնավորապես, թե Արցախ այցելությունների, և թե հանքերի շահագործման ու հատկապես դրանք որպես Ադրբեջանի բնական ռեսուրսներ ներկայացնելու վերաբերյալ դիտարկումներին:
Ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից պատասխանել են, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազն Ադրբեջանի ներկայացուցչին հակադարձելով՝ տվել է համարժեք պատասխան և քննարկումը վերադարձրել նախապես հաստատված օրակարգային հարցի՝ մարդասիրական պահանջների կատարման հարթություն: