Դժվար է Արցախից հեռու ապրելը. միջանցքի փակ լինելու պատճառով Գորիսում հանգրվանած արցախցի երեխաները անհամբեր սպասում են տունդարձին
Արցախցի մի խումբ երեխաներ, որոնք Երևանում ներկա էին գտնվել «Մանկական Եվրատեսիլ-2022» մրցույթին, չեն կարողանում վերադառնալ իրենց հայրենիք, քանի որ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է:
Նրանք հանգրվանել են Գորիսում, անհամբեր սպասում են, թե երբ են հնարավորություն ունենալու վերադառնալ Արցախ: Երեխաները նշում են, որ կարոտել են իրենց տունն ու ծնողներին, թեև ամենօրյա կապի մեջ են նրանց հետ:
«Արմենպրես»-ը կապ է հաստատել երեխաների և նրանց խմբի ղեկավար, Արցախի ԿԳՄՍ նախարարի խորհրդական Աիդա Գյանջումյանի հետ, զրուցել է նրանց հետ ու լսել նրանց մտահոգությունները:
«Սա սադրանք է, Ադրբեջանի ձեռագիրը չի փոխվում և նրանց նպատակը Արցախը հայաթափելն է, Արցախի մանուկին ապրելու, ազատ տեղաշարժվելու, կրթություն ստանալու իրավունքից զրկելն է, քանի որ այս երեխաները պետք է գնային և իրենց դասընկերների հետ մասնակցեին կիսամյակային գրավորներին, քանի որ առաջին կիսամյակի ավարտն է, բայց այս ամենը խաթարվել է»,- նշեց խմբի ղեկավար՝ հավելելով, որ իրենց միակ ցանկությունն է ապրել Արցախում և շենացնել իրենց պապերի հողը:
Նա պատմեց, որ դեկտեմբերի 12-ին առավոտյան ժամը 10:00-ին դուրս են եկել Երևանից և ճանապարհին իմացել են, որ այն փակ է: « Մոտ հինգ ժամ սպասելուց հետո, երբ տեսանք, որ դեռ նորություն չկա ու արդեն երեկո է, մտածեցինք հյուրանոցում տեղավորվելու մասին: Երեխաներից մեկի ծնողը, ով Գորիսում ընկերներ ուներ, կազմակերպեց, և մենք տեղավորվեցինք Գորիսի «Միրհավ» հյուրանոցում»,- ասաց Աիդա Գյանջումյանը՝ հայտնելով, որ իր խմբում 16 երեխա կա:
Խմբի ղեկավարը կոչ արեց բոլոր հայերին՝ Արցախում, Հայաստանում և ամբողջ աշխարհում համախմբվել և կանգնել Արցախի ժողովրդի կողքին:
Մեզ հետ զրույցում ծանրամարտի չեմպիոն 11 ամյա Յուլյա Շիրինյանը պատմեց, որ դժվար է Արցախից հեռու ապրելը. «Արդեն երկու օր է՝ հեռու եմ իմ տանից ու ծնողներից, ճիշտ է անընդհատ խոսում ենք, բայց արդեն կարոտել եմ»: