Բաժիններ՝

Թեհրանը պատժամիջոցներ կսահմանի Եվրամիության դեմ՝ ի պատասխան Բորելի հայտարարած «շատ կոշտ» պատժամիջոցների

Եվրամիությունը շատ կոշտ պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ բողոքի ցույցերի հետ կապված իրավիճակի և Ռուսաստանին ռազմական մատակարարումների պատճառով: Այս մասին հայտնել է ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը արտգործնախարարների մակարդակով ԵՄ խորհրդի նիստից առաջ:

«Մենք շատ, շատ կոշտ պատժամիջոցներ կձեռնարկենք Իրանի դեմ», – ասել է Բորելը՝ հավելելով, որ խոսել է իրանցի նախարարի հետ երկրում տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև Ռուսաստանին զենք մատակարարելու մասին: «Իրանը պետք է հասկանա, որ Եվրոպական Միությունը դա խստորեն կդատապարտի, և մենք կձեռնարկենք ցանկացած գործողություն, որպեսզի աջակցենք իրանցի կանանց և խաղաղ ցուցարարներին, և անշուշտ, կմերժենք մահապատիժը», – ասել է Բորելը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Իրանում այսօր մահապատժի է ենթարկվել անկարգությունների մի մասնակից, որը մեղավոր էր ճանաչվել անվտանգության ուժերի երկու անդամների վրա հարձակվելու և նրանց սպանելու մեջ: Թեհրանն արձագանքել է Ժոզեպ Բորելի ազդարարած սահմանափակումներին՝ դրանք անվանելով ոչ կառուցողական:

«Մենք չենք ընդունում որևէ միջամտություն երկրի ներքին գործերին և համարում ենք, որ նման գործողությունները ոչ կառուցողական են և հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային կանոնակարգերին ու մեխանիզմներին», – Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանիի խոսքերն է մեջբերում իրանական Mehr գործակալությունը։

Նա հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն իրավունք ունի արձագանքելու և պատասխան միջոցներ կիրառելու:

«Այս առնչությամբ Իրանը կօգտվի դիվանագիտական դաշտում իր օրինական իրավունքներից: Այսօր մենք կհրապարակենք նոր պատժամիջոցների ցուցակը Եվրամիության և Մեծ Բրիտանիայի մի շարք հաստատությունների և անհատների դեմ», – ասել է Քանաանին: Անդրադառնալով Ուկրաինայում ռազմական գործողությունների համար ՌԴ-ին անօդաչուներ մատակարարելու մասին մեղադրանքներին՝ Իրանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ Թեհրանը որևէ ռազմական օգնություն չի տրամադրում հակամարտության կողմերից որևէ մեկին, իսկ Իրանի և Ռուսաստանի միջև պաշտպանական ոլորտի համագործակցությունն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ: Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ Թեհրանը Ռուսաստանի Դաշնությանը մատակարարել է անօդաչու սարքեր, սակայն Ուկրաինայում ռազմական գործողություններն սկսվելուց մի քանի ամիս առաջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս