Աֆղանստանի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել
Աֆղանստանի հյուսիսային Բագլան նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ՝ հիմնականում կանայք և երեխաներ։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Guardian-ը:
Այս թիվը հաստատել է տարերային աղետների դեմ պայքարի նահանգային վարչության ղեկավար Հեդայաթուլլա Համդարդը։ Նրա խոսքով՝ առաջիկա օրերին զոհերի թիվը կարող է ավելանալ։
Շտապ օգնության անձնակազմը ազգային բանակի և ոստիկանության անվտանգության ուժերի օգնությամբ ցեխի և բեկորների տակ զոհվածների որոնումներ է իրականացնում:
«Սեզոնային ուժեղ անձրևը ջրհեղեղ է առաջացրել, և բնակիչները պատրաստ չեն եղել ջրի հանկարծակի հոսքին»,- նշել է պաշտոնյան՝ հավելելով, որ մոտ ժամանակներս անձրևը կարող է վերսկսվել:
Իշխանությունների տվյալներով՝ ապրիլի կեսերից Աֆղանստանի 10 նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհվել է մոտ 100 մարդ, բազմաթիվ գյուղատնտեսական հողեր ճահճացել են: