Իշխանությունների ճղճիմության նոր դրսևորումները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ««Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիաների առաջին օրերից, այդ թվում՝ քայլերթի օրերին իշխանությունները տեղեկատվական պատերազմին, իսկ իրականում՝ ստի ու կեղծիքի մեծ դոզա արտանետելուն զուգահեռ, դիմում են ամենատարբեր այլ մեթոդների՝ մասնավորաբար հետապնդումներ սկսելով շարժման հետ կապ ունեցող տարբեր գործիչների նկատմամբ: Երեկ ողջ օրն էլ բերման են ենթարկվել ակցիաների մասնակիցները, փորձեր էին արվում կանխել ուսանողների միանալը անհնազանդության ակցիաներին և այլն: Հերթական «էժանագին» քայլն արվել է քայլերթին միացած «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ, Հայաստանում Էկվադորի պատվո հյուպատոս Վահե Դարբինյանի դեմ, որն առաջին իսկ օրից Բագրատ Սրբազանի կողքին կանգնածներից մեկն է:

Մեր տեղեկություններով, Դարբինյանին Հայաստանում Էկվադորի պատվո հյուպատոս կարգավիճակից զրկելու համար ՀՀ ԱԳՆ-ն հնարովի նամակ է գրել Էկվադորի ԱԳՆ՝ նշելով, թե իբր Դարբինյանը դիվանագիտական համարանիշներով իր մեքենայով միջպետական ճանապարհ է փակել։ Ընդ որում, ականատեսները վկայում են, որ ակցիաների ողջ ընթացքում Դարբինյանի մեքենան կայանված է եղել բացառապես կողնակի վրա։ Մեր աղբյուրները պնդում են, որ ինչպես այլ դեպքերում, Դարբինյանի պարագայում ևս իշխանությունները ներգրավել են հարկային մարմիններին:

Ի մասնավորի, մի քանի օր է՝ նրան պատկանող «Պանտերա սիքյուրիթի» մասնավոր պահնորդական ընկերության գրասենյակում ստուգումներ են իրականացնում և փորձում ինչ-որ բան գտնել: Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի ձեռագիրը չի փոխվել. ընդդիմադիրների նկատմամբ կիրառվում են վարչական ռեսուրսի ողջ հնարավորությունները, այդ թվում՝ իրավապահների ու հարկային մարմինների «մահակը»:

Տեսանյութեր

Լրահոս