«Գուցե Քերոբյանը նկատի ունի Թուրքիայի հետ առևտրի խթանումը, ուղղակի Թուրքիայի անունը չի ուզում ասել». Հրաչ Բերբերյան
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով՝ առհասարակ չգիտի, թե ինչ է ցանկացել ասել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, երբ հայտարարել է, թե Շիրակի մարզում «չոր նավահանգիստ կհիմնեն»։
«Սա նույնն է, որ 3 տարի առաջ պարոն Քերոբյանը Արմավիրի մարզում՝ Դաշտ գյուղում հայտարարեց, որ այնտեղ պետք է ջրաշխարհ լինի, գյուղացիներն այգիները կտրեցին ու սպասեցին ջրաշխարհին, բայց դե չեղավ։ Գուցե ցանկացել է ասել, որ խոշոր պահեստներով ազատ տնտեսական գոտի կլինի։
Չոր նավահանգիստ չի լինում, նավահանգիստները լինում են գետերի, ծովերի ափին, չոր նավահանգիստը ո՞րն է, ծովը չորացրե՞լ են, չեմ ուզում նեղացնել, բայց գուցե նկատի է ունեցել ազատ տնտեսական գոտի, որտեղ առևտուր կլինի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հրաչ Բերբերյանը՝ անդրադառնալով Վահան Քերոբյանի՝ Շիրակում չոր նավահանգիստ ստեղծելու վերաբերյալ հայտարարությանը։
Նրա կարծիքով՝ Վահան Քերոբյանի ասած չոր նավահանգիստը գուցե վերաբերում է Հայաստան-Թուրքիա առևտրին, պարզապես խուսափում են Թուրքիայի անունը տալ։
«Ես գիտեմ, թե ինչու են տարել Գյումրի, որովհետև այնտեղ երկաթգիծն էլ կարող է աշխատել։ Գուցե Վահան Քերոբյանը հենց դա նկատի ունի՝ Թուրքիայի հետ առևտրի խթանումը, ուղղակի Թուրքիայի անունը չի ուզում ասել, որովհետև մենք այնտեղ որևէ հարևան երկիր չունենք՝ Թուրքիան է, եթե այդպես չէ, ապա նպատակը ո՞րն է»,- նշեց Հրաչ Բերբերյանը ։
Միաժամանակ նա ընդգծեց, որ առանց այդ չոր նավահանգիստի էլ, եթե գնում են Թուրքիայի հետ սահմանների բացման, ապա ուզած-չուզած՝ Շիրակում կլինի ազատ տնտեսական գոտի՝ առանց պետության միջամտության։
Ինչ վերաբերում է նախարարի նշած 20-40 հազար աշխատատեղին, Հրաչ Բերբերյանը նկատեց՝ սովորաբար իշխանությունը մի բան է ասում, հետո հայտարարում, թե չի լինում։
«Այդ թվերից ու անպատասխանատու հայտարություններից հոգնել եմ, ի՞նչ 40 հազար աշխատատեղ, հա, գուցե 200 տարի հետո լինի։
Թուրքիայից Հայաստան հիմնականում ներկրվում է այն մրցունակ ապրանքը, որով իրենք կարող են մրցել, նախ՝ ներկրում են բանջարեղեն, հետո՝ ցիտրուսային կուլտուրաներ, որոնք իրենց մոտ մատչելի են, ու դրանից մեզ մոտ չկա։ Այստեղ մենք մեր մեղքն ունենք, քանի որ այդպես էլ չկարողացանք գյուղատնտեսությունը դնել այն «գծերի վրա», որ մեր տեղն աշխարհում իմանային։ Այդպես էլ բարձիթողի վիճակում է, եթե ուզում են երկիր դառնանք, պետք է խելքով աշխատեն, ոչ թե մարմնի այլ մասերով։ Մասնագետներն են երկիր կառուցում, ոչ թե տգետները»,- եզրափակեց Հրաչ Բերբերյանը։
Նշենք, որ Վահան Քերոբյանն վերջերս տված հարցազրույցներից մեկում ասել էր, թե Գյումրու ազատ տնտեսական գոտու փոխարեն, կստեղծվի չոր նավահանգիստ, և եթե ամեն ինչ լավ լինի, ապա 2-3 տարվա ընթացքում կստեղծվի 20-40 հազար աշխատատեղ։
Զվարթ Խաչատրյան