«Դատավորի համար սովորական է դարձել անձին կալանավորելը. դա լուրջ վտանգ է». Գրիգոր Չափանյան

«Կալանավորումը բացառիկ խափանման միջոց է, սակայն, ինչպես տեսնում ենք բերված թվերից, այն դարձել է օրինաչափություն»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց Հայ-ռուսական համալսարանի մագիստրոս, իրավաբան Գրիգոր Չափանյանը՝ անդրադառնալով այն թվային աղետալի ցուցանիշին, ըստ որի՝ Վերաքննիչ դատարանում կալանքի բողոքարկումներից բավարարվում է միայն մոտ 2%-ը:

Ըստ նրա՝ կալանավորումն իսկապես պետք է բացառիկ միջոց լինի, որովհետև իրավունքների սահմանափակման տեսանկյունից ոչ մի այլ խափանման միջոց չի կարող համեմատվել կալանավորման հետ:

«Կալանավորման այս թվերն ունենալը շատ ցավալի է: Այս հարցերի պատասխաններն առաջին հերթին պետք է տան դատավորները: Ես չգիտեմ՝ որքանով են ներքին համոզմունք ձևավորում դատավորները կալանքի որոշում կայացնելիս, բայց այս թվերը խոսում են դատարանների արդյունավետության բացակայության մասին»,- ասաց Գրիգոր Չափանյանը՝ հավելելով՝ ունենալով այդքան քիչ քանակի միջնորդությունների բավարարման թիվ, նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը սպառել է իրեն:

Իրավաբանը խնդրահարույց համարեց նաև Վերաքննիչ դատարանում կալանքի բողոքարկման գրավոր ընթացակարգով անցկացումը:

«Դատարանը մարդ է կալանավորում կամ կալանքի որոշումը թողնում ուժի մեջ՝ առանց այդ մարդու դեմքը տեսնելու: Անգամ ավանդութային է, որ մարդը պետք է կանգնի դատարանի առաջ: Ըստ իս՝ դատավորը մարդուն կալանավորելիս պետք է տեսնի այդ մարդուն: Դատավորի համար սովորական է դարձել անձին կալանավորելը. Դա լուրջ վտանգ է»,- ասաց Գրիգոր Չափանյանը:

Անդրադառնալով այն հարցին, որ նոր Քրեական դատավարության օրենսգիրքը հնարավորություն է տալիս համակցված խափանման միջոցներ կիրառելու, և, որ դրա նպատակը կալանքն իսկապես խափանման բացառիկ միջոց դարձնելն է, ուրեմն ինչու դատարանները չեն օգտվում այդ հնարավորությունից, Գրիգոր Չափանյանն ասաց՝ իմ կարծիքով, դատավորները չեն ուզում իրենց համար ենթադրյալ խնդիրներ ստեղծել:

«Դատարանը պետք է գիտակցի, որ կա հանրային շահ: Հանրային շահ է հանցագործություն կատարած ցանկացած անձի պատասխանատվության ենթարկել: Բայց կա նաև մասնավոր շահ, ու դա մարդու իրավունքների պաշտպանությունն է: Այդ իրավունքների պաշտպանությունը պետք է ապահովի դատարանը: Դատարանը պետք է գիտակցի, որ միայն իրեն է տրված որոշելու մարդուն կալանավորելու հարցը. Այլ խափանման միջոց նաև նախաքննության մարմինը կարող է ընտրել, ուրեմն առավել պատասխանատվությամբ պետք է վերաբերվի այդ հարցին»,- ասաց Գրիգոր Չափանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս