Մարդու իրավունքների պաշտպանի մանր քինախնդրությունը

Դեկտեմբերի 6-ը Փաստաբանի օրն էր: Փաստաբանների պալատը փաստաբանների մասնագիտական տոնը մեծ շուքով նշեց Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում ու Հայաստանում փաստաբանության ձևավորման 104-րդ ամյակի օրը հանդիսավոր պայմաններում նաև արտոնագրեր հանձնեց փաստաբանների նոր սերնդին՝ 85 փաստաբանի:

Դժվար է գերագնահատել փաստաբանի՝ որպես իրավապաշտպանի դերը մեր կյանքում, որովհետև մեր կյանքի ընթացքում գրեթե բոլորս կամ առնչվում ենք փաստաբանների հետ, կամ առնվազն նրանց խորհրդատվության կարիքն ենք զգում:

Շատերը շնորհավորեցին փաստաբանների օրը, արժևորեցին փաստաբանների աշխատանքը:

Օրն անտեսեց, սակայն, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ): ՀՀ ՄԻՊ-ը՝ սահմանադրական անկախություն ունեցող պետական իրավապաշտպան մարմինը, մոռացության մատնեց Փաստաբանների մասնագիտական տոնը:

Կարդացեք նաև

Թվում էր, թե փաստաբանական համայնքին պետք է որպես գործընկեր ընկալեր ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը, սակայն այս երկու ինստիտուտների հարաբերությունները, մեղմ ասած, լավագույններից չեն:

Իրականում կառավարության անդամների հետ Եռաբլուր գնացող ու իր աչքերի առաջ Եռաբլուրի ասֆալտներով մեկ զոհված զինծառայողների ծնողներին քարշ տվող կարմիրբերետավորներ տեսած Պաշտպանի համար կարևոր է կողմնորոշվել՝ ինքն ի վերջո, իշխանության կցո՞րդ է, թե՞ քար ծակող մանդատ ունեցող անկախ պաշտոնյա:

Դատավորների միությունը, օրինակ, շնորհավորեց փաստաբաններին, որովհետև ըստ էության դատարանն իրականացնում է արդարադատություն, իսկ թե փաստաբանները, թե դատախազները արդարադատությանն օժանդակող մարմիններ են, և կար այդ ընկալումը:

Այն, որ Դատախազությունն ու Արդարադատության նախարարությունը չեն շնորհավորում փաստաբաններին, դեռ  մի տեղ հասկանալի է, որովհետև իրենց ապօրինությունների դեմ պայքարող փաստաբաններին նրանք միգուցե որպես «դասակարգային թշնամի» են դիտարկում, բայց այլ պետք է լիներ ՄԻՊ-ի պարագան:

Բայց մենք գործ ունենք Մարդու իրավունքների պաշտպանի հետ, ով իր պաշտոնավարման հենց սկզբում հանդես եկավ ըստ էության ՄԻՊ հեղինակությունը վնասող և իր կարգավիճակին հակասող, սկանդալային հայտարարությամբ: Դրանում մասնավորապես ասվում էր, որ Պաշտպանի ներկայացուցիչների կողմից արձանագրվել են որոշ փաստաբանների կողմից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքեր։

«Մասնավորապես, որոշ փաստաբաններ բերման ենթարկված անձանց ուղղորդել են առանձնազրույցներ չունենալ ՄԻՊ աշխատակիցների հետ և որևէ տեղեկություն նրանց չհայտնել։ Այս առնչությամբ հարկ է հատուկ ընդգծել, որ փաստաբանները Մարդու իրավունքների պաշտպանի կարևոր գործընկերներն են, և նրանց մասնագիտական աշխատանքն առանձնահատուկ կարևորություն ունի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության արդյունավետության տեսանկյունից:

Շատ կարևոր են Պաշտպանի հաստատության և փաստաբանների միջև վստահությունը և համագործակցությունը։ Դա նախևառաջ բխում է ազատությունից զրկված անձանց շահերից: Հետևաբար, կոչ եմ անում զերծ մնալ վնասաբեր գործողություններից, որոնք կարող են ոտնահարել Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու յուրաքանչյուր մարդու սահմանադրական իրավունքը և բացասաբար անդրադառնալ փաստաբանի մասնագիտական հեղինակության վրա»,- հայտարարության մեջ մասնավորապես նշել էր Պաշտպանը։

Ակնհայտորեն Քրիստիննե Գրիգորյանը բարեհաճ չէ փաստաբանների նկատմամբ և միգուցե դրա համար ոչինչ չարեց, երբ կալանավորեցին Էրիկ Ալեքսանյանին, ու հիմա էլ արհամարհում է փաստաբանության ինստիտուտն առհասարակ:

Տեսանյութեր

Լրահոս