ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը, իշխանության համար քաղաքական խնդիր լուծելով, վրեժ է լուծում փաստաբանից

Օրեր առաջ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կալանավորվեց, ըստ փաստաբանական թիմի, որպես վարույթի մասնակից, իր դատավարական իրավունքն իրացնելու, միջնորդություն ներկայացնելու համար: Ըստ ԶԼՄ-ներին հասած տեղեկությունների ու փաստաբանների՝ փաստաբանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների վերազանցմանն աջակցելու մեջ:

Պաշտոնական հաղորդագրություն, թե ի՞նչ մեղադրանք է առաջադրված Էրիկ Ալեքսանյանին, մինչև այսօր չկա, իսկ փաստաբանը, արդեն երկու օր է՝ կալանավորված է:

Փաստաբանի կալանավորումն արտառոց երևույթ է մեր իրականության մեջ, և իրավապահ կառույցներն իրենք պետք է շահագրգռված լինեին, որ օր առաջ հիմնավորվեր իրենց ռադիկալ գործողությունը: Թեման, ըստ ամենայնի, պետք է գտնվի նաև իրավապաշտպան կառույցների ուշադրության ներքո, և այդ կառույցների թվում առաջին հերթին պետք է երևա Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատանքը և հստակ դիրքորոշումը ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Մինչ փաստաբանի պաշտպանական թիմը պնդում է՝ Էրիկ Ալեքսանյանի կալանավորումն ապօրինի է,  «Հրապարակի» հետ զրույցում ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն ասում է, որ «Էրիկ Ալեքսանյանը մեզ չի բողոքել, որ իր ձերբակալումն ապօրինի է»:

Կարդացեք նաև

Այս հայտարարությունն անում է Մարդու իրավունքների պաշտպանը՝ մի պաշտոնյա, ով նախ իր ձեռքի տակ ունի Էրիկ Ալեքսանյանի փաստաբանական թիմի հայտարարություններն այդ առնչությամբ, ու բացի դրանից, արդյո՞ք ՄԻՊ-ն իրավունք ունի սպասել որևէ հայտարարության, եթե առկա են փաստական հանգամանքներ, և ինքը պարտավոր է կատարել իր լիազորություններից բխող գործողություններ սեփական նախաձեռնությամբ:

Ի՞նչ է նշանակում՝ Էրիկ Ալեքսանյանը չի ասել… Նախ, Էրիկ Ալեքսանյանը դատարանի բակում հարցազրույց է տվել ու հստակ նշել, որ իր նկատմամբ իրականացվողը քրեական հետապնդում չէ: Օմբուդսմանը վերաբերելի հարցազրույցները չի՞ նայում, տեղեկատվությանը չի՞ տիրապետում: Իսկ եթե փաստաբանը կաշկանդվա՞ծ է, կամ հոգեպես ճնշված վիճակո՞ւմ է, կամ վախեցա՞ծ է (վերանանք Էրիկ Ալեքսանյանի անձից)… Արդյո՞ք Պաշտպանի աշխատանքի սկզբունքները պահանջում են կալանավորված փաստաբանի կողմից նման հայտարարության առկայություն: Արդյո՞ք Էրիկ Ալեքսանյանի ու նրա պաշտպանների հայտարարությունն ահազանգ չպիտի լինի Օմբուդսմանի համար, որ ստուգի կալանքի հիմքերի առկայությունը:

Կրկնում ենք՝ խնդիրը վերաբերում է փաստաբանի, իր տեսակի մեջ իրավապաշտպանի կալանավորմանը, տվյալ դեպքում, տվյալ գործով կալանքի կիրառությանը:

Հատկապես լուսահոգի պրոդյուսեր, հասարակական գործիչ Արմեն Գրիգորյանի՝ դատարանի դահլիճում ողբերգական մահվանից հետո շատերն են խոսում կալանքը ֆետիշացնելու մասին, այն Արմեն Գրիգորյանի, որին, ի դեպ, կալանավորել էր նույն Արուսյակ Ալեքսանյանը:

Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ նման գործով փաստաբանին կալանավորելու հարցը բացարձակապես չի հետաքրքրում կամ հուզում Մարդու իրավունքների պաշտպանին, և սա այն դեպքում, երբ շուրջբոլորը բոլորն աղաղակում են՝ կալանքը պետք է լինի բացառիկ, ծայրահեղ խափանման միջոց, և սա այն դեպքում, երբ արդեն իսկ մի քանի ամիս ուժի մեջ մտած Քրեական դատավարության նոր օրենսգրքով կալանավորումն իսկապես որպես խափանման ծայրահեղ միջոց է նախատեսված, եթե հաշվի առնենք կիրառվող խափանման միջոցների քանակև և անգամ համակցված, այսինքն՝ միաժամանակ մի քանի խափանման միջոց կիրառելու հնարավորության ընձեռումը:

Քրիստիննե Գրիգորյանը ոչ միայն հայտարարությամբ հանդես չի եկել, չի ասել, որ փաստաբանին ազատությունից զրկելը լուրջ խնդիր է, առհասարակ չի հետաքրքրվել՝ ինչի համար են փաստաբանին կալանավորում:

«Դատարանում պիտի գնահատման առարկա դառնա։ Հիմա փաստաբանի կողմնակիցները կարող են պնդումներ անել, ես ծանոթ չեմ քրեական գործին և չեմ կարող օբյեկտիվորեն որևէ բան ասել էդ մասով, թե որքանով է հիմնավոր։ Բայց գործի արդար քննության ընթացքում պիտի գնահատման առարկա դառնա, թե անձի փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում արդյոք լիազորությունների չարաշահման մասին կոնկրետ դեպքով հնարավո՞ր է խոսել, թե՞ ոչ, թե՞ դա բխում է փաստաբանի լիազորություններից»։

Արդյո՞ք Քրիստիննե Գրիգորյանի ասածից բխում է, որ Պաշտպանը որևէ ձերբակալված կամ կալանավորված անձի խնդիրներով չպիտի զբաղվի, քանի որ բոլոր դեպքերում էլ խնդիրը դատարանի տիրույթում է: Կամ արդյո՞ք արդար դատաքննությունը, որը կարևորագույն խնդիր է, և յուրաքանչյուր ոք արդար դատաքննության իրավունք ունի, տվյալ գործով Քրիստիննե Գրիգորյանի այսրոպեական խնդիրն է: Նրա խնդիրն այս պահին կալանքի հիմքերի պարզումն է: Օմբուդսմանի դերը ըստ ամենայնի նախաքննության փուլում պետք է երևա, որովհետև եթե խնդիրը մտավ դատարան, Օմբուդսմանն ըստ էության անելիք չունի:

Հատուկ Քրիստիննե Գրիգորյանի համար նշենք, որ թեև դատարանն է կալանավորման որոշում կայացնողը, բայց նախաքննություն է ընթանում, իսկ նախաքննական մարմին ՄԻՊ-ը կարող էր հարցում անել՝ այդ ի՞նչ բացառիկ հիմքեր են եղել, արդյո՞ք այդ վերջին շեմը դու հաղթահարել ես, որ կալանքը որպես բացառիկ միջոց ես պահանջում, ու դատարանն էլ դա բավարարում է:

Բացի դրանից, բացի հիմնավոր կասկածից, գոյություն ունի նաև կալանավորման այլ հիմքեր՝ փախուստ, խոչընդոտում գործի քննությանը. Անօրինական գործունեության շարունակում: Քրիստիննե Գրիգորյանը ԱԱԾ-ից պահանջե՞լ է բոլոր այդ հիմքերի առկայությունը, ընդունե՞լ, զրուցե՞լ է Էրիկ Ալեքսանյանի փաստաբանների հետ, ծանոթացե՞լ է գործի նյութերին, քրեակատարողական հիմնարկում տեսակցե՞լ է փաստաբանին, զրուցե՞լ է նրա հետ, համոզվե՞լ է, որ կալանքն իսկապես տվյալ դեպքում կիրառելի բացառիկ միջոցն է: Ինչպե՞ս է, որ ՄԻՊ-ը հանդես չի գալիս կալանքի դեմ այն դեպքում, երբ մեր երկրում կալանքը հանդես է գալիս որպես առաջնային խափանման միջոց:

Հարցերը բաց են, պատրաստ ենք հրապարակել դրանց պատասխանները:

Եվ վերջում՝

Իր պաշտոնավարումը ստանձնելուց մոտ 2 ամիս անց Քրիստիննե Գրիգորյանը հանդես եկավ ըստ էության ՄԻՊ հեղինակությունը վնասող և իր կարգավիճակին հակասող, սկանդալային հայտարարությամբ: Դրանում մասնավորապես ասվում էր, որ Պաշտպանի ներկայացուցիչների կողմից արձանագրվել են որոշ փաստաբանների կողմից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքեր։

«Մասնավորապես, որոշ փաստաբաններ բերման ենթարկված անձանց ուղղորդել են առանձնազրույցներ չունենալ ՄԻՊ աշխատակիցների հետ և որևէ տեղեկություն նրանց չհայտնել։ Այս առնչությամբ հարկ է հատուկ ընդգծել, որ փաստաբանները Մարդու իրավունքների պաշտպանի կարևոր գործընկերներն են, և նրանց մասնագիտական աշխատանքն առանձնահատուկ կարևորություն ունի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության արդյունավետության տեսանկյունից:

Շատ կարևոր են Պաշտպանի հաստատության և փաստաբանների միջև վստահությունը և համագործակցությունը։ Դա նախևառաջ բխում է ազատությունից զրկված անձանց շահերից: Հետևաբար, կոչ եմ անում զերծ մնալ վնասաբեր գործողություններից, որոնք կարող են ոտնահարել Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու յուրաքանչյուր մարդու սահմանադրական իրավունքը և բացասաբար անդրադառնալ փաստաբանի մասնագիտական հեղինակության վրա»,- հայտարարության մեջ մասնավորապես նշել էր Պաշտպանը։ Ակնհայտորեն Քրիստիննե Գրիգորյանը բարեհաճ չէ փաստաբանների նկատմամբ և միգուցե Էրիկ Ալեքսանյանին նո՞ւյնպես դասում է իր սրտին անհաճո փաստաբանների թվին…Եվ հենց դրանով է պայմանավորված ՄԻՊ-ի անուշադրությունն ու արհամարհանքն այս գործի նկատմամբ:

Քրիստիննե Գրիգորյանը, իհարկե, հասկանում է, որ փաստաբանի կալանավորումը քաղաքական իշխանության համար լուրջ խնդիր կարող է դառնալ: Եվ եթե Պաշտպանը միջազգային կառույցներին ցույց տա, որ փաստաբանի կալանավորումը խնդրահարույց է, քաղաքական իշխանությունը, անշուշտ, մտածելու բան կունենա: Այսինքն՝ սրանով Քրիստիննե Գրիգորյանը նաև մեծ ծառայություն է մատուցում իշխանություններին՝ միջազգային կառույցներին չմատնանշելով փաստաբան կալանավորելու գործընթացի աղաղակող խնդիրները:

Տեսանյութեր

Լրահոս