Գուժ Մանուկյանի և Լուսինե Կիրակոսյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը կդադարեցվի 2023թ․ հունվարի 1-ից. դրամատիկական թատրոնի տնօրենի ժ/պ

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել դերասան Արտաշես Մխիթարյանը, որը 4 տարի շարունակ զբաղեցրել է թատրոնի փոխտնօրենի պաշտոնը:

168.am-ը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարից հետաքրքրվեց, թե ի՞նչ պլաններ ունի՝ թատրոնի զարգացման հետ կապված, արդյոք պատրաստվո՞ւմ է աշխատանքի վերադարձնել վերջերս աշխատանքից ազատված դերասաններ Լուսինե Կիրակոսյանին և Գուժ Մանուկյանին, նա պատասխանեց.

«Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում աշխատում եմ արդեն 17 տարի, և այն մշտապես զարգացման փուլում է թե՛ ստեղծագործական, թե՛ ֆինանսատնտեսական առումով: Իսկ Գուժ Մանուկյանն ու Լուսինե Կիրակոսյանն աշխատանքից ազատված չեն, նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագիրը կդադարեցվի 2023 թվականի հունվարի 1-ից: Ինչ վերաբերում է նրանց աշխատանքի վերականգնելու հարցին, ապա թատրոնն իր կապը նրանց հետ չի դադարեցնելու, իրենց նախաձեռնությամբ և թատրոնի աջակցությամբ կարող են ներգրավվել ներկայացումների մեջ, և այդ դեպքում կդիտարկվի վերականգնման հարցը»:

Կարդացեք նաև

Մեր հաջորդ հարցին, թե՝ մամուլում լուրեր են շրջանառվում, որ սերտ կապի մեջ եք Երևանի քաղաքապետարանի հետ և ամեն կերպ փորձում եք դառնալ թատրոնի տնօրեն, որքանո՞վ է հավաստի այս տեղեկությունը, Արտաշես Մխիթարյանը պատասխանեց. «Տնօրեն դառնալն ինձ համար երբեք գերնպատակ չի եղել: 3 տարի եղել եմ գեղարվեստական ղեկավարի օգնական և վերջին 4 և ավելի տարիներին եղել եմ տնօրենի տեղակալ, մասնակցել եմ թատրոնում տեղի ունեցող բոլոր գործընթացներին, իսկ ինչ վերաբերում է Քաղաքապետարանի հետ սերտ կապին, ապա ասեմ, որ փոխտնօրենի պարտականությունները կատարելիս անհրաժեշտություն է առաջացել մշտապես շփվել թատրոնի վերադաս կազմակերպության՝ Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունների աշխատակիցների հետ, այսինքն, մեր կապը քաղաքապետարանի հետ կրել է զուտ աշխատանքային բնույթ»:

Անդրադառնալով թատրոնների դերասանների շրջանում պտտվող խոսակցություններին, որ առաջիկայում ատեստավորվելու են նաև իրենք, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց. «Ատեստավորման մասին շրջանառվող խոսակցությունները նորություն են ինձ համար: Իսկ վերաորակավորման գործընթացը մեզ մոտ գրեթե միշտ լինում է մասնագիտական որակը բարձրացնելու նպատակով, որի համար թատրոնում գործում է որակավորման հանձնախումբ»:

Տեսանյութեր

Լրահոս