Բաժիններ՝

«Մայկան հանել-կապել է վիրավոր ձեռքին ու կռվել է, ինքը փախնող տեսակ չէր»․ 19-ամյա Միսակը զոհվել է Իշխանասարում

2022 թվականի սեպտեմբերի լույս 13-ի գիշերը Սյունիքի դիրքերը պաշտպանելիս զոհված 19-ամյա Միսակ Կիրակոսյանը Արարատի մարզի Վեդի քաղաքից էր։

Միսակը ծնվել էր 2003 թվականի մայիսի 2-ին, տան փոքրն էր, ունի իրենից մեծ եղբայր՝ Արմանը, որը 44-օրյա պատերազմի մասնակից է։

Զոհված զինծառայողի մայրը՝ Անուշ Դավթյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ մեծ տղան 2020 թվականի հուլիսին էր զորակոչվել, ծառայում էր Արցախում՝ Մարտունի 3-ում, ընդամենը 2 ամսվա ծառայող է եղել, երբ կռիվը սկսվել է․ հրաշքով է փրկվել։ Տիկին Անուշը պատմեց, որ 44-օրյա պատերազմի օրերին փոքր որդին՝ Միսակը, մեծ ոգևորությամբ ու ջանասիրությամբ ընկերների հետ անվադող էր հավաքում, որպեսզի ուղարկեին առաջնագիծ․

Կարդացեք նաև

«Կոտրած ձեռքով սնունդ, անվադողեր էր հավաքում ընկերների հետ, որ ուղարկեին սահման։ Ասում էի՝ Միսակ ջան, կոտրած թևով ո՞ւր ես գնում, պատասխանում էր՝ մամա, ճիշտ տղեն իրեն էդպես չի պահի, կարող է մի հատ անվադողն էլ մի զինվորի կյանք փրկի․․․»։

Միսակը ծառայության էր մեկնել 2021 թվականի հուլիսի 8-ին, ավագ եղբոր զորակոչվելուց 1 տարի հետո։ Ծառայում էր Գորիսի «Զանգեր» զորամասում, կրտսեր սերժանտ էր՝ դիրքի ավագ։ Տիկին Անուշը պատմեց, որ ուղիղ մեկ տարի 2 որդիները ծառայության մեջ են եղել, ինչն իր համար դժվար էր, բայց մյուս կողմից՝ հպարտություն էր զգում։ 2022 թվականի փետրվարին եղբայրները պայմանավորվել և միասին արձակուրդ էին եկել․

«Այդ ժամանակ մեծ տղաս՝ մեկուկես, իսկ փոքր տղաս՝ կես տարվա ծառայող էր, պայմանավորվել ու միասին արձակուրդ էին եկել։ Ուրախությանս չափ չկար, չգիտեի՝ որին սիրեի, որին թողնեի։

Երկրորդ արձակուրդը Միսակս եկել է 2022 թվականի հուլիսի 16-ին, երբ մեծ տղաս արդեն զորացրվել էր։ Որոշեցինք նշենք, միանգամից նաև կնքենք երեխեքին։ Միսակիս էլ բերեցինք, կնքվեցին, ճանապարհեցինք, գնաց ու էլ չեկավ․․․»։

Տիկին Անուշը պատմեց, որ տղան դիրքերում է եղել, երբ կռիվը սկսվել է։

«Սեպտեմբերի 5-ին էր դիրք բարձրացել։ Վերջին անգամ 28 օր մնացել էին դիրքերում, մի շաբաթով իջել էին, լողացել, պատրաստվել, նորից բարձրացել էին, ասաց՝ մամ ջան, ամսի 28-ին իջնելու եմ, եղանակը որ վատ էր, ասում էր՝ մամ, կարող է՝ եղանակը վատ լինի, պերեսմենկա չլինի»։

Միսակն ամեն օր պարտադիր տուն էր զանգում, անպայման պետք է մոր հետ խոսեր, ասեր՝ իր հետ ամեն ինչ կարգին է, որ մայրը կարողանար հանգիստ քնել։ Սեպտեմբերի 12-ի երեկոյան տիկին Անուշը Միսակից վերջին զանգն է ստացել։ Պատմում է, որ երկար զրուցել են և սովորականի նման ավարտել զրույցը․

«Սեպտեմբերի 12-ին, 22։20 րոպե Միսակս զանգեց, մինչև 23։00-ն միասին խոսել ենք։ Տրամադրությունը շատ լավ էր, ճիշտ է, մենք առօրյա թեմաներից էինք խոսում, բանակի, ծառայության վերաբերյալ ոչինչ չենք խոսել ոչ այդ օրը, ոչ էլ դրանից առաջ։ Բայց հետո իմացա, որ Միսակը տեղյակ է եղել թշնամու հարձակման մասին։

Այդ ժամանակ տեգորս տղան եռամսյա հավաքներին էր մասնակցում Սև լճի մոտ, 14 օրով ուղարկել էին արձակուրդ, Միսակս սեպտեմբերի 10-ին իրեն հարցրել է՝ քեզ հետ չե՞ն կանչում, ասել էր՝ ինչի՞, պատասխանել էր՝ հաստատ մի բան լինելու է։ Ինքը գիտեր, որ մի բան լինելու է, բայց քանի որ ինքը բողոքող տեսակ չէր, այդ օրն էլ ասաց՝ ամեն ինչ լավ ա, մամ ջան, իմ մասին մի անհանգստացեք, ձեզ լավ նայեք, ես լավ եմ․․․»։

Այս հեռախոսազանգից րոպեներ անց թշնամին լայնամասշտաբ հարձակում է գործել։ Տիկին Անուշը գիշերը սոցցանցերում է կարդացել, որ սահմանին իրավիճակը լարվել է, անմիջապես զանգել է որդուն, բայց նրա հեռախոսն անհասանելի է եղել։ Ոչ մի տեղեկություն չունենալով Միսակից՝ հարազատները սկսել են ամեն տեղ փնտրել նրան՝ հիվանդանոցներ, դիահերձարաններ, Պաշտպանության նախարարություն, բայց անարդյունք․

«Կարմիր խաչ դիմեցինք, Հերացի, նախարարություն, թեժ գծեր, ամեն տեղ, անհայտ, անհայտ, անհայտ, անհայտ։ Ամուսինս մի շաբաթ մնաց Գորիսի զորամասում, ոչինչ չասեցին, խաբել էին՝ երեխեքը փախել են, լավ կլինի, բայց դե մենք գիտեինք, որ Միսակը փախնող տեսակ չի։ Իրենք շատ լավ էլ հենց առաջին օրից գիտեին, որ այդպես է, ուղղակի հոգեբանորեն ծնողներին տարան այն վիճակին, որ ինչ էլ լինի, ասենք՝ մեր երեխուն տվեք։ Ես ու ամուսինս ԴՆԹ անալիզ էլ էինք հանձնել, սեպտեմբերի 30-ին պատասխանը եկավ․․․

Զանգահարել էին տեգորս, ասել էին՝ եկեք նայեք մարմինները, ամուսինս էլ իրենց հետ գնաց Երևան՝ Հերացի, տեսել էին, որ Միսակն է եղել։ Միսակս մեջքին խալ ուներ, որը ևս տեսանելի էր եղել, ուղղակի երկար ժամանակ էր անցել, թույլ չտվեցին, որ երեխուս բաց բերեին տուն։ Իր դեմքը նորմալ է եղել, գլխից է վիրավորում ունեցել, մարմնի վրա էլ 6 տեղից խփել էին, ես դատաբժշկի տված եզրակացության մեջ եմ կարդացել»։

Միսակի զոհվելուց շաբաթներ անց հարազատները պարզել են, որ թշնամու հարձակման հետևանքով Իշխանասարի 4 դիրքերում եղած անձնակազմը զոհվել է․

«4 դիրքերը միասին 29 զոհ է տվել, 2 սպա են եղել, մյուսները՝ ժամկետայիններ, ոչ մեկը չի իջել դիրքերից, բոլորը զոհվել են։ Կուզենայի, որ այսպես չլիներ, մեղք են մեր երեխեքը, հերի՛ք է, թող մենք վերջինը լինենք։

Ինքը շատ հայրենասեր էր և դա ապացուցեց իր գործով։ Ձախ ձեռքից վիրավորում է ստացել, մայկան հանել-կապել է վիրավոր ձեռքին ու կռվել է։ Ասել են՝ իջի, պատասխանել է՝ ոչ մեկիդ մենակ չեմ թողնի․․․ Միսակն իր էությամբ շատ լուսավոր մարդ էր»։

Միսակ Կիրակոսյանի հուղարակավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին՝ Վեդի քաղաքի զինվորական պանթեոնում։

Միսակ Կիրակոսյանի  զոհվելուց շուրջ մեկ ամիս անց, այս տարի հոկտեմբերին նրա մանկության ընկեր,  Հայաստանի հավաքականի անդամ  Գոռ Սահակյանը Ալբանիայի Դյուրրես քաղաքում  ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հաղթելով Թուրքիայի ներկայացուցիչ  ծանրամարտիկին՝ նվաճեց մինչև 20 տարեկանների չեմպիոնի կոչումը: Այդ  հաղթանակը Գոռը նվիրել էր սահմանին անմահացած տղաներին՝ գլխավորությամբ Վեդիից մանկության ընկերոջ՝ Պոլիտեխնիկական համալսարանի ուսանող Միսակ Կիրակոսյանի։

Տեսանյութեր

Լրահոս