«Եթե ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն միավորվեն և կենսունակ օրակարգ առաջարկեն, մարդիկ դուրս կգան Նիկոլի բանդան քշելու»․ Նաիրա Զոհրաբյան
«Ժողովրդավարություն և անվտանգություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակություն արած սփյուռքահայերին կոչ է անում լինել ուշադիր, հետևողական և տեսնել՝ արդյո՞ք իրենց ուղարկած գումարով Գյումրիում երկու նորակառույց շենքերի 36 բնակարանները հասել են հասցեատերերին։
Այս կոչը Զոհրաբյանը հնչեցրեց 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում՝ ընդգծելով.
«Ուզում եմ մի սկանդալային պատմություն պատմել։ Նախապես հոկտեմբերի 31-ին մարդկանց տվել են նորակառույց բնակարանների բանալիները, նկարել ռեպորտաժ, դա տարածել, բայց հետո մարդկանց ձեռքից նրանց բանալիները վերցրել են, և արդյունքում՝ կառուցված նորակառույցներում որևէ մեկը չի ապրում»,- ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ երբ մարդկանց ձեռքից վերցրել են բնակարանների բանալիները, հիմնադրամից խոստացել են դրանք տալ մինչև դեկտեմբերի 25-ը։
«Ես մինչև դեկտեմբերի 25-ը հաստատ ապրելու եմ, հույս չունենանք, որ ինձ հետ ինչ-որ բան կկատարվի մինչև այդ ժամանակ, և, եթե մարդիկ իրենց բնակարանները չստանան, ես խոստանում եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի բմբուլները քամուն տալ, որովհետև, եթե ձեզ թվում է՝ մենք չունենք խորհրդարան, որը վերածվել է պանիխիդայի վայրի, ձայն բարձրացնող չի լինելու, ապա սխալվում եք։ Ես բարձրացնելու եմ միջազգային սկանդալ»,- ասաց Զոհրաբյանը։
Թե ինչո՞ւ է խորհրդարանը համարում պանիխիդայի վայր, Զոհրաբյանը հիմնավորում է՝ այնտեղ գտնվող ընդդիմությունն այլևս դադարել է լինել հետաքրքիր, քանի որ չի ներկայացնում իր օրակարգը, ինչն անելու դեպքում պատկերն այլ կլիներ։
«Եթե, օրինակ, Հանրապետական կուսակցությունն ու «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը կարողանան միավորվել և կենսունակ օրակարգ առաջարկել, վստահեցնում եմ, այնքան ժողովուրդ, որքան գնացել էր տոնածառի լույսեր վառելու, պատրաստ է դուրս գալու և Փաշինյանի թավշյա բանդան հեռացնելու։ Դրա համար նախ մարդիկ պետք է իմանան, թե ո՞վ է առաջնորդը։ Ընդդիմությունն իր միջից պետք է կարողանա ընտրել կոնսոլիդացված լիդեր, որը պետք է պատրաստ լինի գնալ մինչև վերջ. Մինչև վերջ՝ այսինքն՝ ընդհուպ մինչև զոհվելու։ Ես ընդդիմությանը քննադատում եմ, որպեսզի իրենց դրդեմ զտվելու, որպեսզի իրենց շարքերից հանեն անգործունակներին, պայմանավորվածներին, որովհետև կառուցողական ընդդիմություն չի լինում»,- ասաց Զոհրաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում