«Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններն ակտիվ փուլում են». Արարատ Միրզոյան
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններին՝ նշելով, որ դրանք ակտիվ փուլում են։
«Գիտեք, որ փաստաթուղթ է շրջանառվում, այսինքն՝ փաստաթղթի ամեն անգամ նոր խմբագրում։ Այժմ մենք ստացել ենք ադրբեջանական կողմի առաջարկները, հերթական առաջարկները, և հանդես կգանք մեր հերթական առաջարկներով։ Ցավոք, կողմերի մոտեցումները տարբեր հարցերում իրարից շատ հեռու են։ Բայց հենց դրա համար են բանակցությունները, որպեսզի կարողանան հեռու դիրքորոշումների միջև ընդհանուր եզրեր գտնել և ընդհանուր եզրակացության գալ և ունենալ վերջնական արդյունք։ Առայժմ բանակցությունները շարունակվում են, կան միմյանց համար անընդունելի բաներ, կան բաներ, որտեղ կողմերը կարող են քայլեր անել՝ իրար ընդառաջ։
Այս պահին երկու երկրների ղեկավարության միջև հանդիպում վերջնական նախատեսված չէ, բայց ենթադրում եմ, որ մինչև տարեվերջ կունենանք ևս մեկ հանդիպում»,- նշեց Արարատ Միրզոյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում