Խմողաց անուշ-անուշ
Հայաստանում կա խորը քաղաքական ճգնաժամ, սակայն, որքան էլ տարօրինակ է, այն դուրս է քաղաքական համակարգից։ Քաղաքական համակարգը կամ այն, ինչին իներցիայով անվանում են քաղաքական համակարգ, գոնե արտաքուստ գործում է խռով ու անհաղորդ ռեժիմով։ Դրա մասնակիցները միմյանց վերաբերվում են ցուցադրական անհաշտությամբ, բայց բոլորին միավորում է այն, որ անհաղորդ են քաղաքացիների, ամենատարբեր հանրային խմբերի խնդիրներին, մտահոգություններին, պահանջներին։
Կա իշխանություն, որը գործում է իշխանությունը մեկ օր ավելի պահելու սկզբունքով և ամեն հաջորդ առավոտ գոհ է՝ նախորդ օրն իշխանությունը պահած լինելու մխիթարանքով։ Կա անվանական կամ տիտղոսային ընդդիմություն, որը խորհրդարանից՝ փողոց, փողոցից՝ խորհրդարան է գնում՝ այդպես էլ խարխափելով արմատականության ու կառուցողականության ոլորաններում։
Մեծ հաշվով, սա է այն քաղաքական ստատուս-քվոն, որում ապրում է Հայաստանը։
Բայց քաղաքական համակարգի այս բևեռներին զուգահեռ՝ հանրության մեջ կան ամենատարբեր շերտեր՝ սկսած բացարձակապես անտարբերներից ու պետականության կորստով երջանկացողներից, մինչև պատեհապաշտ հարմարվողներ ու այս իրականության հետ անհաշտ քաղաքացիներ, քաղաքացիական խմբեր։
Հատկապես վերջիններն են քաղաքական լուրջ գործընթացների պոտենցիալ աջակիցները, որոնք ամենատարբեր հարթակներում՝ ավելի կամ պակաս չափով, ներկայացնում են քաղաքական պահանջարկ, որը, սակայն, քաղաքական ձևակերպում չի ստանում։ Այս՝ հարաբերականորեն ակտիվ զանգվածն իշխանությունից որևէ ակնկալիք չունի, պարզորոշ գիտակցում է իշխանության կործանարարությունը և խնդիրների լուծումը տեսնում է իշխանափոխության մեջ։
Օբյեկտիվորեն նրանց պահանջն ընդդիմությունից է, որը, սակայն, այս հանրային շերտին իրեն դաշնակից դարձելու փոխարեն՝ ավելի է վանում՝ ցանկացած քննադատության պատասխանելով՝ մենք այսքան ենք կարողանում, եթե ունակ եք ավելիին, որևէ մեկը չի խանգարում։ Ընդդիմության այս պատասխանները նման են խնջույքի «ընտրված» թամադայից դժգոհողներին ուղղվող հանդիմանանքին՝ «դուք էլ ձեր կենացն ասեք», այն դեպքում, երբ իրենց հարգող սեղանակիցները, որպես կանոն, գերադասում են հանդուրժել թամադայի տափակամտությունը՝ սկզբնապես ընդունված կարգը չխախտելու համար։
Մոտավորապես նույն իրավիճակն է նաև քաղաքական համակարգում, որը լավ կամ վատ, արդյունավետ կամ ոչ, ունի իր կառուցվածքն ու տրամաբանությունը, և այդ կառուցվածքում բևեռներից մեկը գործող ընդդիմությունն է։ Այս սխեմայից դուրս ցանկացած նախաձեռնություն արտահամակարգային է և առաջացնում է համակարգի հավաքական հակադարձումը, որը պարտադիր չէ, որ լինի իշխանության և ընդդիմության ստվերային պայմանավորվածության արդյունք։
Ցանկացած համակարգ ունի ներքին դիմադրողականության մեխանիզմներ, և հայկական քաղաքական դաշտն էլ գործում է այդ սկզբունքով՝ համակարգային կանոններից դուրս ցանկացած քայլի պատասխանելով ինքնապահպանման ռեակցիայով։ Արդյունքում իրական քաղաքական ճգնաժամը խորանում է, հասարակության և քաղաքական ուժերի միջև անդունդն ավելի է մեծանում (վերջին սոցհարցումների տվյալներով՝ հարցվածների 70 տոկոսը չի վստահում կուսակցություններից ոչ մեկին), բայց արտաքուստ քաղաքական համակարգը շարունակում է գործել՝ մեկուսանալով հանրությունից ու հեռանալով սահմանադրական այն անփոփոխ նորմից, ըստ որի՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին։
Իրականում ոչ միայն իշխանությունը, այլ ընդհանուր առմամբ քաղաքական համակարգն ու քաղաքականությունը ժողովրդին չի պատկանում։ Ինչպես և նույն այդ քաղաքական համակարգի պատճառով սոսկ բաժակաճառի առարկայի վերածված պետությունը, որի համար աշխատանքային ժամերին հակապետական քայլերից հետո, երեկոյան հոտնկայս խմում են բոլորը։ Իշխանական կամ ընդդիմադիր թամադայի պերճախոս զառանցանքների ներքո։
Հարություն Ավետիսյան